Երկրորդ Օրենք
4 «Հիմա, իսրայելացինե՛ր, լսեք այն կանոններն ու օրենքները,* որ սովորեցնում եմ ձեզ. պահեք դրանք, որ ողջ մնաք+ և գնաք ու տիրանաք այն երկրին, որը ձեր նախահայրերի Աստված Եհովան տալիս է ձեզ: 2 Իմ ասած խոսքերին ոչինչ չավելացնեք ու դրանցից ոչինչ չպակասեցնեք.+ կատարեք ձեր Աստված Եհովայի պատվիրանները, որ տալիս եմ ձեզ:
3 Դուք ձեր աչքով տեսաք, թե Եհովան ինչ արեց նրանց, ովքեր Փեգորի Բահաղին պաշտեցին.+ ձեր Աստված Եհովան վերացրեց նրանց ձեր միջից: 4 Բայց դուք բոլորդ, որ հավատարիմ եք մնացել ձեր Աստված Եհովային, այսօր ողջ եք: 5 Ես ձեզ սովորեցրել եմ բոլոր կանոններն ու օրենքները,+ ճիշտ ինչպես իմ Աստված Եհովան պատվիրել է ինձ, որպեսզի դրանց համաձայն ապրեք այն երկրում, որին տիրանալու եք: 6 Բարեխղճորեն պահեք դրանք,+ որովհետև այդպիսով իմաստություն+ ու հասկացողություն+ դրսևորած կլինեք ժողովուրդների առաջ, ու նրանք, լսելով այս բոլոր կանոնների մասին, կասեն. «Այս մեծ ազգը իսկապես որ իմաստուն է և խոհեմ»:+ 7 Ո՞ր մի ազգի աստվածներն են իրեն այդքան մոտ, որքան մեր Աստված Եհովան է մոտ մեզ. նա պատասխանում է, երբ օգնության ենք կանչում իրեն:+ 8 Եվ ո՞ր մի ազգն ունի այնպիսի արդար կանոններ ու օրենքներ, ինչպիսին այս ամբողջ Օրենքն է, որ տալիս եմ ձեզ այսօր:+
9 Միայն թե ուշադիր և զգոն եղեք, որ չմոռանաք այն ամենը, ինչ տեսաք ձեր աչքով, և որ ողջ կյանքում դրանք ձեր սրտում մնան: Այդ ամենը պետք է նաև պատմեք ձեր զավակներին ու թոռներին:+ 10 Երբ Քորեբի մոտ կանգնել էիք ձեր Աստված Եհովայի առաջ, Եհովան ասաց ինձ. «Ժողովրդին ինձ մոտ հավաքիր, որ բոլորը լսեն իմ խոսքերն+ ու սովորեն իրենց ողջ կյանքում վախենալ*+ ինձանից և որ իրենց զավակներին էլ սովորեցնեն»:+
11 Դուք մոտեցաք ու կանգնեցիք լեռան ստորոտին, իսկ լեռը բռնկված էր կրակով, որը մինչև երկինք էր հասնում: Շուրջբոլորը մութ ամպեր էին կուտակված, ու թանձր խավար էր:+ 12 Եհովան սկսեց խոսել ձեզ հետ կրակի միջից:+ Դուք խոսքեր էիք լսում, բայց ոչ մի կերպարանք չէիք տեսնում.+ միայն ձայն էիք լսում:+ 13 Նա ձեզ հայտնեց իր ուխտի* խոսքերը,+ այսինքն՝ Տասը պատվիրանները*+ ու պատվիրեց կատարել դրանք: Այնուհետև դրանք գրեց երկու քարե տախտակների վրա:+ 14 Այդ ժամանակ Եհովան ինձ պատվիրեց, որ սովորեցնեմ ձեզ բոլոր կանոններն ու օրենքները, որ պետք է կիրառեք այն երկրում, որին տիրանալու եք:
15 Այդ օրը, երբ Եհովան Քորեբի մոտ կրակի միջից խոսեց ձեզ հետ, դուք ոչ մի կերպարանք չտեսաք, ուստի զգույշ եղեք, 16 որ պիղծ բաներ չանեք և ձեզ համար կուռք չշինեք որևէ կերպարանքով՝ տղամարդու կամ կնոջ,+ 17 երկրի վրա ապրող որևէ կենդանու, երկնքում թռչող որևէ թռչնի,+ 18 երկրի վրա սողացող որևէ արարածի կամ ջրերում ապրող որևէ ձկան:+ 19 Եվ երբ ձեր աչքերը դեպի երկինք հառեք ու տեսնեք արևը, լուսինը, աստղերը՝ երկնքի ամբողջ զորքը, չտրվեք գայթակղությանն ու չխոնարհվեք դրանց առաջ, չծառայեք դրանց:+ Ձեր Աստված Եհովան է դրանք ստեղծել երկնքի տակ ապրող բոլոր ժողովուրդների համար: 20 Եհովան ձեզ ընտրել ու հանել է թեժ հնոցից՝* Եգիպտոսից, որ իր սեփական ժողովուրդը դառնաք,+ որպիսին այսօր եք:
21 Ձեր պատճառով Եհովան բարկացավ ինձ վրա+ ու երդվեց, որ ես չեմ անցնի Հորդանանը ու չեմ մտնի այն լավ երկիրը, որը ձեր Աստված Եհովան տալիս է ձեզ որպես ժառանգություն:+ 22 Ես կմահանամ այս երկրում: Ես չեմ անցնի Հորդանանը,+ իսկ դուք կանցնեք ու կտիրանաք այդ լավ երկրին: 23 Զգույշ եղեք, չմոռանաք ձեր Աստված Եհովայի ուխտը, որ նա կապեց ձեզ հետ,+ և կուռք չշինեք որևէ բանի կերպարանքով՝ հակառակ այն պատվերի, որ ձեր Աստված Եհովան տվել է ձեզ,+ 24 քանի որ Եհովան՝ ձեր Աստվածը, սպառող կրակ է,+ բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված:+
25 Եթե զավակներ ու թոռներ ունենալուց և այդ երկրում երկար ժամանակ ապրելուց հետո կործանարար բաներ անեք, որևէ բանի կերպարանքով կուռք շինեք,+ անեք այն, ինչը չարիք է ձեր Աստված Եհովայի աչքին, ու այդպիսով վիրավորեք նրան,+ 26 ապա ասում եմ ձեզ, և երկինքն ու երկիրն էլ վկա են այսօր, դուք անպատճառ շատ արագ կվերանաք այն երկրից, որին տիրանալու համար պատրաստվում եք անցնել Հորդանանը: Դուք երկար չեք մնա այնտեղ, բնաջինջ կլինեք:+ 27 Եհովան ձեզ ցիրուցան կանի ժողովուրդների մեջ,+ և այնտեղ, ուր Եհովան ձեզ կքշի, ձեզնից միայն քչերը ողջ կմնան:+ 28 Այնտեղ կծառայեք փայտե ու քարե աստվածների՝ մարդկանց ձեռքի գործերի,+ որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ համ ու հոտ առնում:
29 Եթե այնտեղ կրկին ցանկանաք պաշտել* ձեր Աստված Եհովային,+ եթե ամբողջ սրտով ու ամբողջ հոգով* ապավինեք նրան,+ ապա նա անշուշտ կընդունի ձեզ: 30 Երբ ապագայում այս ամենը պատահի ձեզ, ու դուք սաստիկ նեղության մեջ լինեք, դուք կվերադառնաք դեպի ձեր Աստված Եհովան ու կհնազանդվեք նրան:+ 31 Ձեր Աստված Եհովան գթառատ է:+ Նա չի լքի ձեզ, չի թողնի, որ կործանվեք, նա չի մոռանա իր ուխտը, որ երդում տալով կապել է ձեր նախահայրերի հետ:+
32 Հարցրեք հին օրերի մասին, երբ դուք դեռ չկայիք, հարցրեք, թե ինչ է եղել այն օրից ի վեր, երբ Աստված ստեղծեց մարդուն երկրի վրա: Հարցուփորձ արեք ամբողջ երկրով մեկ և իմացեք՝ երբևէ եղե՞լ է այսպիսի զարմանահրաշ բան, կամ որևէ մեկը նման բան լսե՞լ է.+ 33 ո՞ր մի ժողովուրդն է ձեզ պես լսել կրակի միջից խոսող Աստծու ձայնը և ողջ մնացել:+ 34 Ձեր Աստված Եհովան ո՞ր մի ժողովրդի համար է արել այն, ինչ ձեր աչքի առաջ ձեզ համար արեց Եգիպտոսում: Աստված ո՞ր մի ազգին է երբևէ հանել ուրիշ ազգի միջից դատաստաններով, նշաններով, հրաշքներով,+ պատերազմով,+ զորավոր ձեռքով,+ հզոր բազկով ու սարսափազդու գործերով:+ 35 Այդ ամենը ձեզ ցույց է տրվել, որ իմանաք, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը.+ նրանից բացի ուրիշը չկա:+ 36 Երկնքից նա լսել տվեց ձեզ իր ձայնը, որ խրատի ձեզ, երկրի վրա ձեզ ցույց տվեց իր ահռելի կրակը, և դուք լսեցիք կրակի միջից հնչող նրա խոսքերը:+
37 Նա սիրեց ձեր նախահայրերին ու ընտրեց ձեզ՝ նրանց սերունդներին,+ ահա թե ինչու իր մեծ զորությամբ հանեց ձեզ Եգիպտոսից՝ իր աչքը ձեզ վրա պահած: 38 Նա ձեր առաջից քշեց ձեզնից մեծ ու հզոր ազգերի, որ ձեզ բերի նրանց երկիրը և այն ձեզ տա որպես ժառանգություն, ինչը և այսօր կատարվում է:+ 39 Ուրեմն այսօր իմացեք ու ձեր սրտում դաջեք, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը վերևում՝ երկնքում, ու ներքևում՝ երկրի վրա.+ ուրիշը չկա:+ 40 Պահեք նրա կանոններն ու պատվիրանները, որ այսօր տալիս եմ ձեզ, որպեսզի ձեզ ու ձեր որդիներին միշտ լավ լինի, և որպեսզի երկար ապրեք այն երկրում, որը ձեր Աստված Եհովան տալիս է ձեզ»:+
41 Այդ ժամանակ Մովսեսը երեք քաղաք առանձնացրեց Հորդանանի արևելյան կողմում,+ 42 որպեսզի նա, ով ոչ միտումնավոր մարդ սպանի՝ առանց նրա հանդեպ ատելություն ունենալու,+ փախչի այդ քաղաքներից մեկը և ողջ մնա:+ 43 Այդ քաղաքներն են. Ռուբենյանների համար՝ Բոսորը,+ որը գտնվում է անապատում՝ բարձրավանդակի վրա, Գադյանների համար՝ Ռամոթը,+ որը գտնվում է Գաղաադում, և Մանասեյանների համար՝ Գոլանը,+ որը գտնվում է Բասանում:+
44 Սա է այն Օրենքը,+ որ Մովսեսը ներկայացրեց Իսրայելի ժողովրդին: 45 Սրանք են այն հիշեցումները, կանոններն ու օրենքները, որ Մովսեսը տվեց իսրայելացիներին Եգիպտոսից նրանց դուրս գալուց հետո:+ 46 Այդ ժամանակ նրանք գտնվում էին Հորդանանի մոտ՝ Բեթ-Փեգորի+ դիմացի հովտում՝ Եսեբոնում+ ապրող Սեհոնի՝ ամորհացիների թագավորի երկրում, որին Մովսեսն ու իսրայելացիները պարտության մատնեցին Եգիպտոսից դուրս գալուց հետո:+ 47 Նրանք տիրացան նրա երկրին, ինչպես նաև Բասանի Օգ թագավորի+ երկրին՝ ամորհացի այդ երկու թագավորների երկրներին, որ Հորդանանի արևելյան կողմում էին: 48 Դա Առնոնի գետահովտի* եզրին գտնվող Արոերից+ մինչև Սիոն լեռը, այսինքն՝ Հերմոն լեռն ընկած տարածքն է,+ 49 որն ընդգրկում է Արաբայի ամբողջ այն շրջանը, որ Հորդանանի արևելյան կողմում է, մինչև Արաբայի ծովը,* որը գտնվում է Փասգայի ստորոտում:+