Հեսու
6 Երիքովը իսրայելացիների ահից ամուր փակված էր. ոչ ոք դուրս չէր գալիս, ու ոչ ոք ներս չէր մտնում:+
2 Եհովան ասաց Հեսուին. «Տե՛ս, Երիքովը, դրա թագավորին ու զորավոր ռազմիկներին քո ձեռքն եմ տվել:+ 3 Եվ դուք՝ բոլոր մարտիկներդ, պետք է շարային քայլով մեկ անգամ պտտվեք քաղաքի շուրջը: Այսպես պետք է անեք վեց օր: 4 Յոթ քահանաներ թող խոյի* յոթ եղջյուր տանեն տապանակի առջևից, իսկ յոթերորդ օրը քաղաքի շուրջը պտտվեք յոթ անգամ, և քահանաները թող փչեն եղջյուրները:+ 5 Երբ նրանք խոյի եղջյուրները հնչեցնեն, և դուք լսեք եղջերափողի ձայնը,* ամբողջ ժողովուրդը թող բարձրաձայն գրոհի կոչ արձակի, և քաղաքի պարիսպը հիմնահատակ կփլուզվի:+ Այդ ժամանակ յուրաքանչյուրը թող առաջ գնա և ուղիղ քաղաք մտնի»:
6 Ուստի Նավեի որդի Հեսուն կանչեց քահանաներին ու ասաց. «Վերցրեք ուխտի տապանակը և յոթ քահանաներ թող խոյի յոթ եղջյուր տանեն Եհովայի տապանակի առջևից»:+ 7 Իսկ ժողովրդին ասաց. «Գնացեք ու շարային քայլով պտտվեք քաղաքի շուրջը, և զինված մարտիկները+ թող Եհովայի տապանակի առաջն անցնեն»: 8 Բոլորն արեցին այնպես, ինչպես Հեսուն պատվիրեց. յոթ քահանաները, որոնք Եհովայի առաջ խոյի յոթ եղջյուրներն էին տանում, առաջ շարժվեցին ու սկսեցին եղջերափողերը փչել, իսկ նրանց հետևից Եհովայի ուխտի տապանակն էին տանում: 9 Զինված մարտիկները գնում էին եղջերափողերը փչող քահանաների առջևից, իսկ վերջապահ զինվորները՝ տապանակի հետևից: Այդ ամբողջ ընթացքում քահանաները շարունակ հնչեցնում էին եղջերափողերը:
10 Հեսուն ժողովրդին պատվիրել էր. «Չաղաղակե՛ք, թող ձեր ձայները չլսվեն: Ոչ մի խոսք թող դուրս չգա ձեր բերանից մինչև այն օրը, երբ ձեզ ասեմ՝ աղաղակե՛ք: Այդ ժամանակ է, որ պետք է աղաղակեք»: 11 Եհովայի տապանակը մեկ անգամ պտտեցին քաղաքի շուրջը: Դրանից հետո ժողովուրդը գնաց բանակատեղի ու գիշերը մնաց այնտեղ:
12 Հաջորդ առավոտ Հեսուն վաղ արթնացավ: Քահանաները վերցրին Եհովայի տապանակը,+ 13 իսկ խոյի յոթ եղջյուրներ տանող յոթ քահանաները գնացին Եհովայի տապանակի առջևից՝ շարունակ փչելով եղջերափողերը: Զինված մարտիկները նրանց առջևից էին գնում, իսկ վերջապահ զինվորները՝ Եհովայի տապանակի հետևից: Այդ ընթացքում քահանաները շարունակ փչում էին եղջերափողերը: 14 Նրանք երկրորդ օրն էլ քաղաքի շուրջը մեկ անգամ պտտվեցին և վերադարձան բանակատեղի: Այդպես արեցին վեց օր:+
15 Յոթերորդ օրը, երբ սկսեց լուսանալ, նրանք վաղ առավոտյան վեր կացան և նույն ձևով քաղաքի շուրջը յոթ անգամ պտտվեցին: Միայն այդ օրն էր, որ նրանք քաղաքի շուրջը յոթ անգամ պտտվեցին:+ 16 Եվ յոթերորդ պտույտի ժամանակ, երբ քահանաները հնչեցրին եղջերափողերը, Հեսուն ասաց ժողովրդին. «Աղաղակե՛ք,+ որովհետև Եհովան այս քաղաքը ձեզ է տվել: 17 Քաղաքը և դրանում եղող բոլոր բաները պետք է կործանվեն.+ դրանք Եհովային են պատկանում: Միայն մարմնավաճառ Ռախաբը+ պետք է ողջ մնա, նա ու բոլոր նրանք, ովքեր նրա հետ իր տանն են, որովհետև թաքցրեց մեր ուղարկած հետախույզներին:+ 18 Բայց դուք հեռո՛ւ մնացեք այն ամենից, ինչը պետք է կործանվի,+ որպեսզի ձեր մեջ ցանկություն չառաջանա վերցնելու կործանման դատապարտված որևէ բան:+ Այլապես Իսրայելի բանակը կդարձնեք կործանման ենթակա ու աղետ* կբերեք նրա վրա:+ 19 Սակայն ամբողջ արծաթը, ոսկին, պղնձե և երկաթե առարկաները սուրբ են Եհովայի համար:+ Դրանք պետք է Եհովայի գանձարանը տարվեն»:+
20 Երբ եղջերափողերը հնչեցին, ժողովուրդն աղաղակեց:+ Հենց որ ժողովուրդը լսեց եղջերափողի ձայնը և բարձր ձայնով գրոհի կոչ արձակեց, պարիսպը հիմնահատակ փլուզվեց:+ Այնուհետև ժողովուրդը, առաջ գնալով, մտավ քաղաք ու գրավեց այն: 21 Նրանք սրի քաշեցին բոլոր նրանց, ովքեր քաղաքում էին՝ կոտորելով տղամարդկանց ու կանանց, երիտասարդներին ու ծերերին, նաև ցլերին, ոչխարներին ու էշերին:+
22 Այն երկու մարդկանց, որոնք հետախուզել էին այդ երկիրը, Հեսուն ասաց. «Մտե՛ք մարմնավաճառ կնոջ տուն և դո՛ւրս բերեք այդ կնոջն ու բոլոր նրանց, ովքեր նրա հետ իր տանն են, ինչպես որ նրան երդվել եք»:+ 23 Ուստի այդ երիտասարդ հետախույզները գնացին ու դուրս բերեցին Ռախաբին, նրա հորն ու մորը, եղբայրներին ու բոլոր նրանց, ովքեր նրա հետ իր տանն էին. նրա ողջ ընտանիքին հանեցին+ ու ապահով տարան իսրայելացիների բանակատեղից դուրս մի տեղ:
24 Ապա քաղաքը և դրանում եղած ամեն բան այրեցին: Բայց արծաթը, ոսկին, պղնձե ու երկաթե առարկաները Եհովայի տան գանձարանում դրեցին:+ 25 Հեսուն խնայեց մարմնավաճառ Ռախաբի, նրա հոր տան անդամների և բոլոր նրանց կյանքը, ովքեր նրա հետ իր տանն էին:+ Մինչ օրս նա ապրում է Իսրայելում,+ որովհետև թաքցրեց այն մարդկանց, որոնց Հեսուն ուղարկել էր Երիքովը հետախուզելու:+
26 Այդ ժամանակ Հեսուն անեծքի խոսքեր ասաց.* «Թող Եհովայի առաջ անիծյալ լինի այն մարդը, ով կնախաձեռնի այս քաղաքի՝ Երիքովի վերակառուցումը: Դրա հիմքը նա իր առաջնեկի կյանքի գնով կդնի և դարպասները իր կրտսերի կյանքի գնով կկանգնեցնի»:+
27 Եհովան Հեսուի հետ էր,+ և նրա հռչակը տարածվեց ամբողջ երկրով:+