Մարկոս
14 Երկու օր հետո+ Պասեքն+ էր և Անթթխմոր հացերի տոնը:+ Ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները* հնար էին փնտրում, որ խորամանկությամբ բռնեն Հիսուսին ու սպանեն,+ 2 սակայն ասում էին. «Միայն թե ոչ տոնի ժամանակ, որովհետև միգուցե ժողովրդի մեջ խռովություն բարձրանա»:
3 Երբ Հիսուսը Բեթանիայում էր և ընթրում էր Սիմոնի տանը, ով բուժվել էր բորոտությունից, մի կին եկավ՝ ձեռքին ալաբաստրե* սրվակ, որը լի էր նարդոսի շատ թանկարժեք, մաքուր, անուշահոտ յուղով: Սրվակի գլխիկը կոտրելով՝ նա յուղը լցրեց Հիսուսի գլխին:+ 4 Սակայն ոմանք վրդովված իրար մեջ ասացին. «Ինչի՞ համար այդպես վատնվեց այդ անուշահոտ յուղը: 5 Այն կարելի էր վաճառել ավելի քան 300 դինարով* և փողը աղքատներին տալ»: Ու նրանք շատ զայրացան կնոջ վրա:* 6 Բայց Հիսուսն ասաց. «Հանգի՛ստ թողեք այս կնոջը: Ինչո՞ւ եք նրան վատ դրության մեջ դնում: Նա լավ բան արեց իմ հանդեպ:+ 7 Աղքատները միշտ ձեզ հետ են,+ և երբ էլ ուզեք, կարող եք բարիք անել նրանց, բայց ես միշտ չեմ լինի ձեզ հետ:+ 8 Նա իր ձեռքից եկածն արեց. անուշահոտ յուղը ինձ վրա լցնելով՝ մարմինս նախօրոք պատրաստեց թաղման:+ 9 Հաստատ ասում եմ ձեզ. ամբողջ աշխարհում, որտեղ էլ որ բարի լուրը քարոզվի,+ այս կնոջ արածն էլ կպատմվի, ու նրա հիշատակը չի մոռացվի»:+
10 Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, գնաց ավագ քահանաների մոտ, որ Հիսուսին մատնի:+ 11 Հուդայի առաջարկը լսելով՝ նրանք շատ ուրախացան ու խոստացան փող* տալ նրան:+ Եվ նա սկսեց հարմար առիթ փնտրել, որ մատնի Հիսուսին:
12 Անթթխմոր հացերի տոնի+ առաջին օրը, երբ սովորաբար Պասեքի զոհն+ էր մատուցվում, Հիսուսի աշակերտները հարցրին նրան. «Որտե՞ղ ես ուզում՝ գնանք ու քեզ համար պատրաստենք Պասեքի ընթրիքը»:+ 13 Նա էլ իր աշակերտներից երկուսին ուղարկեց և ասաց. «Գնացեք քաղաք, այնտեղ ձեզ կդիմավորի ջրի սափոր տանող մի մարդ: Նրա հետ գնացեք+ 14 և, որ տուն որ նա մտնի, այդ տան տիրոջն ասեք. «Ուսուցիչն ասում է. «Ցույց տուր այն հյուրասենյակը, որտեղ աշակերտներիս հետ կարող եմ ուտել Պասեքի ընթրիքը»»: 15 Նա կահավորված մի մեծ վերնասենյակ ցույց կտա ձեզ, որտեղ կա անհրաժեշտ ամեն բան. այնտեղ ընթրիքի պատրաստություն տեսեք մեզ համար»: 16 Աշակերտները գնացին քաղաք, և ամեն ինչ Հիսուսի ասածով եղավ: Այդպիսով՝ նրանք պատրաստություն տեսան Պասեքի համար:
17 Երեկոյան Հիսուսը 12 առաքյալների հետ եկավ:+ 18 Ու երբ նրանք սեղանի շուրջ թիկնած ուտում էին, Հիսուսն ասաց. «Հաստատ ասում եմ. ձեզնից մեկը մատնելու է ինձ՝ այստեղ ինձ հետ հաց ուտողներից մեկը»:+ 19 Վշտացած՝ նրանք մեկը մյուսի հետևից հարցրին. «Մի՞թե ես եմ»: 20 Նա էլ ասաց. «Տասներկուսիցդ մեկն է՝ իր հացը ինձ հետ նույն ամանի մեջ թաթախողը:+ 21 Մարդու Որդին մեռնելու է, ինչպես որ գրված է նրա մասին, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով նա կմատնվի:+ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, որ ծնված չլիներ»:+
22 Մինչ ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, Աստծուն շնորհակալություն հայտնեց և մասերի բաժանելով՝ տվեց նրանց ու ասաց. «Վերցրեք, սա խորհրդանշում է իմ մարմինը»:+ 23 Ապա վերցրեց բաժակը և շնորհակալական աղոթք անելուց հետո տվեց նրանց, ու բոլորը խմեցին դրանից:+ 24 Նա ասաց. «Սա խորհրդանշում է իմ արյունը.+ այդ «արյունով վավերացվելու է ուխտը»,*+ և այն թափվելու է շատերի համար:+ 25 Հաստատ ասում եմ ձեզ. այսուհետ այլևս գինի չեմ խմի, մինչև այն օրը, երբ ձեզ հետ նոր գինի խմեմ Աստծու թագավորության մեջ»: 26 Վերջում գովաբանության երգեր* երգելուց հետո նրանք ճանապարհ ընկան դեպի Ձիթենյաց լեռը:+
27 Հիսուսն ասաց նրանց. «Այս գիշեր բոլորդ կլքեք* ինձ, որովհետև գրված է. «Ես կհարվածեմ հովվին,+ և ոչխարները կցրվեն»:+ 28 Բայց երբ հարություն առնեմ, կգնամ Գալիլեա, մինչև դուք գաք»:+ 29 Սակայն Պետրոսն ասաց նրան. «Թեկուզ բոլորն էլ լքեն քեզ, ես չեմ լքի»:+ 30 Հիսուսն էլ նրան ասաց. «Հաստատ ասում եմ քեզ. այսօր՝ հենց այս գիշեր, աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած, դու երեք անգամ կուրանաս ինձ»:+ 31 Բայց Պետրոսն իր ասածն էր պնդում. «Եթե քեզ հետ մեռնելու էլ լինեմ, երբեք չեմ ուրանա քեզ»: Մյուսներն էլ էին նույնը ասում:+
32 Նրանք գնացին Գեթսեմանի կոչվող վայրը: Հիսուսն աշակերտներին ասաց. «Դուք այստեղ նստեք, իսկ ես գնամ աղոթեմ»:+ 33 Նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին:+ Նրան սկսել էին համակել մտատանջություններն ու տագնապի ուժգին զգացումը: 34 Հիսուսն ասաց. «Ես շատ տխուր եմ,+ մահու չափ: Մնացեք այստեղ և արթուն եղեք»:+ 35 Ապա նրանցից փոքր-ինչ հեռացավ ու ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց և սկսեց աղոթել, որ եթե հնարավոր է, այդ ծանր պահը վրա չհասնի: 36 Նա ասում էր. «Աբբա՛,* Հա՛յր,+ քեզ համար ամեն ինչ հնարավոր է. հեռացրու այս բաժակն ինձանից: Այդուհանդերձ, թող ոչ թե իմ ուզածը լինի, այլ քո ուզածը»:+ 37 Վերադառնալով՝ տեսավ, որ աշակերտները քնած են, և Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, քնա՞ծ ես: Քո մեջ ուժ չգտա՞ր մեկ ժամ արթուն մնալու:+ 38 Արթուն մնացեք և շարունակ աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք:+ Մարդը ոգով պատրաստակամ է, բայց մարմնով՝ տկար»:+ 39 Եվ նորից գնաց ու աղոթեց՝ նույն բանը խնդրելով:+ 40 Երբ վերադարձավ, տեսավ, որ աշակերտները կրկին քնով են անցել, քանի որ նրանց աչքերը ծանրացել էին: Աշակերտները չգիտեին՝ ինչ պատասխան տան նրան: 41 Երրորդ անգամ էլ հետ եկավ ու ասաց նրանց. «Ինչպե՜ս կարող եք այս կարևոր պահին քնել ու հանգստանալ: Բավակա՛ն է: Եկել է ժամը.+ ահա մարդու Որդին մատնվում է մեղսագործների ձեռքը: 42 Վեր կացեք՝ գնանք, ինձ մատնողն արդեն այստեղ է»:+
43 Հենց այդ պահին, երբ նա դեռ խոսում էր, Հուդան՝ տասներկուսից մեկը, եկավ: Նրան ուղեկցում էր ավագ քահանաների, Օրենքի ուսուցիչների և երեցների կողմից ուղարկված մի ամբոխ, որը զինված էր սրերով ու մահակներով:+ 44 Մատնիչը պայմանավորվել էր նշան տալ նրանց՝ ասելով. «Ում որ համբուրեմ, նա է: Նրան կձերբակալեք ու հսկողության տակ կտանեք»: 45 Քայլելով ուղիղ դեպի Հիսուսը՝ Հուդան մոտեցավ և ասաց՝ «Ողջո՛ւյն, ռաբբի՛», ու ջերմորեն համբուրեց նրան: 46 Հիսուսին բռնեցին ու ձերբակալեցին: 47 Սակայն նրա կողքին կանգնածներից մեկը դուրս քաշեց իր սուրը և հարվածելով քահանայապետի ծառային՝ կտրեց նրա ականջը:+ 48 Հիսուսն ասաց իր հետևից եկածներին. «Ավազա՞կ եմ, ի՞նչ է, որ սրերով ու մահակներով եք եկել ինձ ձերբակալելու:+ 49 Ամեն օր ձեզ մոտ էի՝ տաճարում ուսուցանում էի,+ և դուք չձերբակալեցիք ինձ: Բայց այս ամենը եղավ, որ սուրբ գրքերում գրվածները կատարվեն»:+
50 Այդ ժամանակ բոլոր աշակերտները թողեցին նրան ու փախան:+ 51 Սակայն մի երիտասարդ, որը մերկ մարմնի վրա ընդամենը մի նրբահյուս կտավե հագուստ էր հագել, սկսեց մոտիկից հետևել Հիսուսին: Նրան էլ փորձեցին բռնել, 52 բայց նա թողեց իր կտավե հագուստը և մերկ* փախավ:
53 Հիսուսին տարան քահանայապետի մոտ,+ և բոլոր ավագ քահանաները, երեցներն ու Օրենքի ուսուցիչները հավաքվեցին:+ 54 Պետրոսը, բավականին հեռավորություն պահելով, Հիսուսի հետևից գնաց մինչև քահանայապետի տան բակը: Այնտեղ նա նստեց սպասավորների կողքին՝ կրակի մոտ, որ տաքանա:+ 55 Այդ ժամանակ ավագ քահանաներն ու ամբողջ Սինեդրիոնը* փորձում էին Հիսուսի դեմ վկայություն հավաքել, որպեսզի նրան մահապատժի ենթարկեն, բայց ոչ մի հարմար բան չէին գտնում:+ 56 Շատերն էին սուտ վկայություն տալիս նրա դեմ,+ սակայն նրանց վկայությունները չէին համընկնում: 57 Ոմանք էլ սուտ վկայություն տալով՝ ասում էին. 58 «Լսել ենք, թե ինչպես էր նա ասում. «Ես կքանդեմ այս ձեռակերտ տաճարը և երեք օրում կկառուցեմ մեկ ուրիշը՝ անձեռակերտը»»:+ 59 Բայց այս հարցում էլ նրանց վկայությունները չէին համընկնում:
60 Հետո քահանայապետը վեր կացավ, կանգնեց նրանց առաջ ու հարցրեց Հիսուսին. «Պատասխան չունե՞ս: Չե՞ս լսում՝ ինչ մեղադրանք են ներկայացնում քո դեմ»:+ 61 Բայց նա լուռ մնաց ու ոչ մի պատասխան չտվեց:+ Քահանայապետը հարցրեց նրան. «Դու Քրիստո՞սն ես՝ փառաբանված Աստծու Որդին»: 62 Հիսուսը պատասխանեց. «Այո՛, և դուք կտեսնեք, որ մարդու Որդին+ նստած է Զորավորի* աջ կողմը+ և գալիս է երկնքի ամպերով»:+ 63 Դա լսելով՝ քահանայապետը պատռեց իր հագուստը և ասաց. «Էլ ի՞նչ վկաներ են պետք:+ 64 Ձեր ականջով լսեցիք նրա աստվածանարգ խոսքերը: Դե՞, ո՞րն է ձեր վճիռը»:* Բոլորն ասացին, որ նա մահվան է արժանի:+ 65 Ոմանք սկսեցին թքել նրա վրա:+ Նաև երեսը ծածկելով՝ բռունցքներով հարվածում էին և ասում. «Եթե մարգարե ես, կռահիր՝ ո՞վ խփեց քեզ»: Ապա դատարանի ծառայողները ապտակներ հասցրին նրա երեսին, իսկ հետո տարան նրան:+
66 Մինչ Պետրոսը ներքևում էր՝ բակում, քահանայապետի աղախիններից մեկը եկավ+ 67 և տեսնելով նրան տաքանալիս՝ սևեռուն նայեց ու ասաց. «Դու էլ էիր այդ Հիսուսի՝ այդ նազարեթցու հետ»: 68 Բայց նա հերքեց և ասաց. «Ես նրան չեմ ճանաչում: Չեմ հասկանում՝ ինչի մասին ես խոսում»: Եվ գնաց դեպի մուտքը: 69 Աղախինը, տեսնելով նրան, նորից ասաց այնտեղ կանգնածներին. «Սա էլ է նրա աշակերտներից»: 70 Բայց Պետրոսը դարձյալ հերքեց: Քիչ անց այնտեղ կանգնածներն էլ ասացին նրան. «Չէ՛, հաստատ դու էլ ես նրանցից մեկը, որովհետև գալիլեացի ես»: 71 Բայց նա սկսեց ինքն իրեն անեծքի տակ դնելով երդվել. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն, որի մասին խոսում եք»: 72 Եվ հենց այդ պահին աքաղաղը երկրորդ անգամ կանչեց:+ Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքերը՝ «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»,+ և չկարողանալով զսպել իրեն՝ սկսեց լաց լինել: