Ծննդոց
42 Երբ Հակոբն իմացավ, որ Եգիպտոսում հացահատիկ կա,+ իր որդիներին ասաց. «Ի՞նչ եք իրար նայում ու ոչինչ չեք անում»: 2 Եվ ավելացրեց. «Լսել եմ՝ Եգիպտոսում հացահատիկ կա: Գնացեք և գնեք մեզ համար, որ ողջ մնանք, սովից չմեռնենք»:+ 3 Ուստի Հովսեփի տասը եղբայրները+ գնացին Եգիպտոս՝ հացահատիկ գնելու: 4 Բայց Հակոբը Բենիամինին՝+ Հովսեփի եղբորը, չուղարկեց նրա մյուս եղբայրների հետ: Նա ասաց. «Գուցե փորձանքի մեջ ընկնի ու մահանա»:+
5 Իսրայելի որդիները Եգիպտոս եկան ուրիշ մարդկանց հետ, որոնք նույնպես գալիս էին հացահատիկ գնելու, որովհետև սովը տարածվել էր նաև Քանանում:+ 6 Երկիրը Հովսեփն էր ղեկավարում,+ և նա էր հացահատիկ վաճառում այլ երկրներից եկած բոլոր մարդկանց:+ Հովսեփի եղբայրները եկան նրա մոտ և մինչև գետին խոնարհվեցին նրա առաջ:+ 7 Երբ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, իսկույն ճանաչեց նրանց, բայց չհայտնեց, թե ինքը ով է:+ Նա խստությամբ խոսեց նրանց հետ ու ասաց. «Որտեղի՞ց եք եկել»: Եղբայրները պատասխանեցին. «Քանանի երկրից: Եկել ենք սնունդ գնելու»:+
8 Այսպիսով՝ Հովսեփը ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք չճանաչեցին նրան: 9 Հովսեփն անմիջապես հիշեց նրանց հետ կապված իր երազները,+ ապա ասաց. «Դուք լրտեսնե՛ր եք: Եկել եք տեսնելու, թե ինչ խոցելի տեղեր ունի երկիրը»: 10 Իսկ նրանք ասացին. «Ո՛չ, տե՛ր, քո ծառաները եկել են սնունդ գնելու: 11 Մենք բոլորս մեկ մարդու որդիներ ենք, մենք ազնիվ մարդիկ ենք. քո ծառաները լրտեսներ չեն»: 12 Բայց նա կրկին ասաց. «Ո՛չ, դուք եկել եք տեսնելու, թե ինչ խոցելի տեղեր ունի երկիրը»: 13 Նրանք էլ պատասխանեցին. «Մենք՝ ծառաներդ, 12 եղբայրներ ենք:+ Մենք մեկ մարդու որդիներ ենք,+ ու մեր հայրն ապրում է Քանանում: Մեր կրտսեր եղբայրը հիմա մեր հոր մոտ է,+ իսկ մյուսն այլևս չկա»:+
14 Սակայն Հովսեփն ասաց նրանց. «Ինչպես որ ասացի, այդպե՛ս է. դուք լրտեսնե՛ր եք: 15 Ես կստուգեմ ձեր ասածը: Փարավոնի կյանքով եմ երդվում, դուք այստեղից չեք հեռանա, մինչև ձեր կրտսեր եղբայրը չգա:+ 16 Ձեզնից մեկին ուղարկեք, որ ձեր եղբորը բերի, իսկ մյուսներդ բանտարկված կմնաք: Այդպես կստուգեմ, թե արդյոք ձեր ասածները ճիշտ են: Իսկ եթե ճիշտ չեն, փարավոնի կյանքը վկա, դուք լրտեսնե՛ր եք»: 17 Եվ նա երեք օր նրանց բանտարկված պահեց:
18 Երրորդ օրը Հովսեփն ասաց նրանց. «Ես աստվածավախ մարդ եմ, ուստի հիմա իմ ասածն արեք ու ողջ կմնաք: 19 Եթե դուք իրոք ազնիվ եք, թող ձեր եղբայրներից մեկը մնա այս բանտում, որտեղ դուք փակված եք, իսկ մյուսներդ գնացեք ու ձեզ հետ հացահատիկ տարեք, որ ձեր ընտանիքները սովից չտառապեն:+ 20 Հետո ինձ մոտ բերեք ձեր կրտսեր եղբորը, որպեսզի հավաստիանամ, որ ձեր ասածը ճիշտ է, և որ դուք չմեռնեք»: Նրանք այդպես էլ արեցին:
21 Եղբայրներն իրար ասացին. «Մենք հաստատ մեր եղբոր հանդեպ արածի+ պատճառով ենք պատժվում, քանի որ տեսանք նրա տառապանքը, երբ նա մեզնից կարեկցանք էր աղերսում, բայց չխղճացինք նրան: Ահա թե ինչու այս փորձանքը եկավ մեզ վրա»: 22 Այդ ժամանակ Ռուբենն ասաց. «Մի՞թե ձեզ չէի ասում՝ մեղք մի՛ գործեք տղայի դեմ: Բայց դուք չլսեցիք:+ Եվ հիմա մենք պատասխան ենք տալիս նրա արյան համար»:+ 23 Նրանք չգիտեին, որ Հովսեփը հասկանում է իրենց, քանի որ թարգմանչի միջոցով էր խոսում: 24 Հովսեփը մի կողմ գնաց ու լաց եղավ:+ Հետո վերադարձավ ու կրկին խոսեց եղբայրների հետ, ապա նրանց միջից առանձնացրեց Շմավոնին+ ու նրանց աչքի առաջ կապեց:+ 25 Այնուհետև հրամայեց, որ նրանց պարկերը հացահատիկով լցնեն և յուրաքանչյուրի փողը իր պարկի մեջ դնեն, նաև պաշար տան ճանապարհի համար: Այդպես էլ արվեց:
26 Հովսեփի եղբայրները հացահատիկը բարձեցին էշերի վրա ու ճանապարհ ընկան: 27 Երբ իջևանատեղում նրանցից մեկը իր պարկը բացեց, որ կեր տա էշին, տեսավ, որ իր փողը պարկի բերանին է: 28 Նա ասաց իր եղբայրներին. «Իմ փողը վերադարձրե՜լ են, այն իմ պարկի մե՜ջ է»: Նրանց սիրտը դող ընկավ, և վախեցած իրար նայելով՝ ասացին. «Աստված այս ի՞նչ բերեց մեր գլխին»:
29 Երբ Հովսեփի եղբայրները եկան Քանանի երկիր՝ իրենց հոր՝ Հակոբի մոտ, նրան պատմեցին այն ամենը, ինչ պատահել էր իրենց: Նրանք ասացին. 30 «Այդ երկիրը ղեկավարող մարդը խստությամբ խոսեց մեզ հետ և մեղադրեց, թե իբր երկիրը լրտեսողներ ենք:+ 31 Բայց մենք ասացինք նրան. «Մենք ազնիվ մարդիկ ենք, լրտեսներ չենք:+ 32 Մենք 12 եղբայրներ ենք՝+ մի մարդու որդիներ: Մեր եղբայրներից մեկը չկա,+ իսկ կրտսերը հիմա մեր հոր մոտ է՝ Քանանում»:+ 33 Սակայն այդ մարդը՝ երկրի տերը, մեզ ասաց. «Ես այսպես կիմանամ՝ ազնիվ եք, թե ոչ. թող ձեր եղբայրներից մեկը ինձ մոտ մնա,+ իսկ դուք ուտելիք վերցրեք ու գնացեք, որ ձեր ընտանիքները չտառապեն սովից:+ 34 Հետո ձեր կրտսեր եղբորը ինձ մոտ բերեք, որ իմանամ՝ լրտեսներ չեք, այլ ազնիվ մարդիկ եք: Այդ ժամանակ կվերադարձնեմ ձեր եղբորը, և դուք կկարողանաք առևտուր անել այս երկրում»»:
35 Երբ նրանք դատարկում էին իրենց պարկերը, պարզվեց, որ յուրաքանչյուրի փողի քսակն իր պարկում է: Դա տեսնելով՝ նրանք և իրենց հայրը վախով լցվեցին: 36 Հակոբը՝ նրանց հայրը, բացականչեց. «Դուք ինձ զրկեցի՜ք իմ զավակներից:+ Հովսեփը չկա,+ Շմավոնը՝ նույնպես,+ հիմա էլ Բենիամինի՜ն եք ուզում տանել: Ինչո՜ւ այս ամենը եկավ իմ գլխին»: 37 Բայց Ռուբենն ասաց իր հորը. «Եթե նրան հետ չբերեմ, կարող ես սպանել իմ երկու տղաներին:+ Բենիամինին ինձ վստահիր, և ես նրան կվերադարձնեմ քեզ»:+ 38 Սակայն նա ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի գա: Առանց այն էլ նրա եղբայրը մահացել է, և միայն նա է մնացել:+ Եթե ճանապարհին նրան փորձանք պատահի, ու նա մահանա, ապա ձեր պատճառով ձեր ալևոր հայրը վշտից+ գերեզման*+ կիջնի»: