Ծննդոց
8 Աստված ուշադրություն դարձրեց* Նոյին և բոլոր վայրի ու ընտանի կենդանիներին, որ նրա հետ տապանում էին.+ Աստված երկրի վրա քամի բերեց, ու ջրերը սկսեցին նվազել: 2 Երկնքի ահռելի ջրերի աղբյուրներն* ու երկնքի ջրարգելակները փակվեցին, և անձրևը դադարեց:*+ 3 Ապա ջրերը սկսեցին աստիճանաբար նահանջել: Երբ 150 օրը լրացավ, ջրերը զգալիորեն նվազել էին: 4 Յոթերորդ ամսվա 17-րդ օրը տապանը հանգրվանեց Արարատի* լեռներում: 5 Ջրերը աստիճանաբար նվազում էին մինչև տասներորդ ամիսը, և տասներորդ ամսվա առաջին օրը լեռների գագաթները երևացին:+
6 Քառասուն օր անց Նոյը բացեց պատուհանը,+ որ շինել էր տապանի համար, 7 և մի ագռավ բաց թողեց: Այն թռչում ու հետ էր գալիս մինչև գետնի չորանալը:
8 Որոշ ժամանակ անց Նոյը մի աղավնի բաց թողեց, որ տեսնի՝ երկրի վրայից ջրերը նահանջել են, թե ոչ: 9 Աղավնին նստելու տեղ* չգտավ, քանի որ ողջ երկիրը դեռ ծածկված էր ջրով,+ ուստի վերադարձավ Նոյի մոտ՝ տապան: Նոյը դուրս հանեց ձեռքը, վերցրեց աղավնուն և ներս բերեց: 10 Նա յոթ օր սպասեց և աղավնուն կրկին տապանից բաց թողեց: 11 Իրիկնադեմին աղավնին եկավ Նոյի մոտ, և նա տեսավ, որ դրա կտուցին ձիթենու նոր պոկած տերև կա: Այդպես Նոյն իմացավ, որ ջրերը նահանջել են երկրի վրայից:+ 12 Նա ևս յոթ օր սպասեց, ապա դուրս թողեց աղավնուն, բայց այն այլևս չվերադարձավ նրա մոտ:
13 Նոյի կյանքի 601-րդ տարում՝+ առաջին ամսվա առաջին օրը, ջրերն արդեն քաշվել էին երկրի մակերեսից: Նոյը բացեց տապանի ծածկը և տեսավ, որ գետինը սկսել էր չորանալ: 14 Իսկ երկրորդ ամսվա 27-րդ օրը երկրի մակերևույթն արդեն ամբողջությամբ չորացել էր:
15 Աստված Նոյին ասաց. 16 «Դուրս եկ տապանից, քեզ հետ՝ նաև կինդ, որդիներդ և նրանց կանայք:+ 17 Դուրս բեր բոլոր կենդանի արարածներին՝+ թևավոր արարածներին, ընտանի ու վայրի կենդանիներին և երկրի բոլոր զեռուններին,* որպեսզի նրանք սերունդ տան, շատանան ու լցնեն երկիրը»:+
18 Ուստի Նոյը դուրս եկավ, իր հետ՝ նաև իր որդիները,+ կինը և որդիների կանայք: 19 Բոլոր կենդանի արարածները՝ բոլոր զեռունները, թևավոր արարածները և ցամաքային կենդանիները, խումբ առ խումբ* դուրս եկան տապանից:+ 20 Հետո Նոյը զոհասեղան շինեց+ Եհովայի համար, վերցրեց բոլոր մաքուր կենդանիներից ու բոլոր մաքուր թռչուններից+ և ողջակեզներ մատուցեց զոհասեղանի վրա:+ 21 Եհովան դրանց հաճելի* բույրն առավ, ուստի Եհովան իր մտքում* ասաց. «Մարդու պատճառով այլևս երբեք չեմ անիծի երկիրը,*+ որովհետև մարդու սիրտն իր մանկությունից հակված է դեպի չարը,+ և այլևս երբեք չեմ կործանի բոլոր կենդանի արարածներին, ինչպես որ արեցի:+ 22 Այսուհետ երկրի վրա ցանքն ու բերքահավաքը, ցուրտն ու շոգը, ամառն ու ձմեռը, ցերեկն ու գիշերը երբեք չեն դադարի»:+