2 Տարեգրություն
35 Հովսիան Երուսաղեմում տոնեց Եհովային նվիրված Պասեքը,+ և առաջին ամսվա 14-րդ օրը+ Պասեքի զոհը մորթեցին:+ 2 Նա քահանաներին հանձնարարեց իրենց պարտականություններն անել և քաջալերեց, որ իրենց ծառայությունը կատարեն Եհովայի տանը:+ 3 Ապա ասաց ողջ Իսրայելին ուսուցանող ղևտացիներին,+ որոնք սուրբ են Եհովայի համար. «Սուրբ տապանակը դրեք այն տանը, որը կառուցել է Դավթի որդին՝ Իսրայելի թագավոր Սողոմոնը:+ Այլևս կարիք չկա, որ այն ձեր ուսերին դրած տանեք:+ Հիմա սկսեք ձեր պարտականություններն անել՝ ծառայելով ձեր Աստված Եհովային ու նրա ժողովրդին՝ Իսրայելին: 4 Ձեր գերդաստաններով և խմբերով պատրաստվեք կատարելու ձեզ հանձնարարված ծառայությունը՝ հետևելով Իսրայելի թագավոր Դավթի+ ու նրա որդի Սողոմոնի գրած առաջնորդությանը:+ 5 Կանգնեք սուրբ վայրում ըստ ձեր գերդաստանների: Բաժանվեք խմբերի այնպես, որ մնացած ժողովրդի՝ ձեր եղբայրների յուրաքանչյուր գերդաստանի համար ղևտացիներիցդ մեկական խումբ ծառայի: 6 Մորթեք Պասեքի զոհը+ և մաքրագործվեք* ու ամեն ինչ պատրաստեք ձեր եղբայրների համար, որպեսզի ամեն բան արվի Մովսեսի միջոցով Եհովայի տված խոսքի համաձայն»:
7 Հովսիա թագավորը այնտեղ հավաքված ժողովրդին Պասեքի զոհերի համար իր ունեցվածքից նվիրաբերեց 30 000 արու գառ և արու ուլ, ինչպես նաև 3 000 խոշոր եղջերավոր անասուն:+ 8 Նրա իշխանները նույնպես կամավոր նվիրաբերություններ արեցին ժողովրդի, քահանաների ու ղևտացիների համար: Քեղկիան,+ Զաքարիան ու Հեիելը՝ ճշմարիտ Աստծու տան գլխավորները, քահանաներին տվեցին 2 600 գառ և ուլ՝ որպես Պասեքի զոհ, և 300 խոշոր եղջերավոր անասուն: 9 Ղևտացիների գլխավորներ Քոնանիան, նրա եղբայրներ Սեմայիան ու Նաթանայելը, ինչպես նաև Ասաբիան, Հեյելը և Հոզաբադը ղևտացիներին նվիրաբերեցին 5 000 գառ և ուլ՝ որպես Պասեքի զոհ, և 500 խոշոր եղջերավոր անասուն:
10 Ամեն ինչ պատրաստ էր ծառայության համար: Քահանաները կանգնած էին իրենց տեղերում, ղևտացիներն էլ կանգնած էին իրենց խմբերով,+ ինչպես որ թագավորը պատվիրել էր: 11 Նրանք մորթեցին Պասեքի զոհերը,+ ապա քահանաները ցողեցին իրենց տրված արյունը,+ իսկ ղևտացիները մաշկազերծ արեցին կենդանիներին:+ 12 Դրանից հետո պատրաստեցին ողջակեզները, որպեսզի տան ժողովրդին, որը խումբ-խումբ կանգնած էր ըստ գերդաստանների: Այդպես ողջակեզները Եհովային կմատուցվեին Մովսեսի գրքում գրվածի համաձայն: Նույնն արեցին նաև խոշոր եղջերավոր անասունների պարագայում: 13 Սովորության համաձայն՝+ Պասեքի զոհերը կրակի վրա պատրաստեցին:* Իսկ սուրբ զոհերը եփեցին կաթսաների, պղնձակների ու տապակների մեջ և անմիջապես բաժանեցին ժողովրդին: 14 Դրանից հետո ղևտացիները Պասեքի զոհը պատրաստեցին իրենց ու քահանաների համար, որովհետև քահանաները՝ Ահարոնի սերունդները, մինչև գիշեր ողջակեզներն էին մատուցում ու ճարպն այրում: Այդ պատճառով էլ ղևտացիներն այն պատրաստեցին և՛ իրենց, և՛ Ահարոնի սերունդների՝ քահանաների համար:
15 Երգիչները՝ Ասափի+ սերունդները, կանգնած էին իրենց տեղերում՝ Դավթի, Ասափի,+ Եմանի և թագավորի տեսանող* Իդիթունի+ սահմանած կարգի համաձայն,+ իսկ դռնապանները կանգնած էին տարբեր դարպասների մոտ:+ Կարիք չեղավ, որ նրանք կտրվեին իրենց ծառայությունից, քանի որ նրանց համար իրենց եղբայրները՝ ղևտացիները պատրաստեցին Պասեքի ընթրիքը: 16 Հովսիա թագավորի կարգադրության համաձայն՝+ Եհովային նվիրված Պասեքը տոնելու+ և Եհովայի զոհասեղանին ողջակեզներ մատուցելու համար բոլոր ծառայություններն արվեցին:
17 Այնտեղ հավաքված իսրայելացիները տոնեցին Պասեքը ու յոթ օր էլ նշեցին Անթթխմոր հացերի տոնը:+ 18 Սամուել մարգարեի օրերից ի վեր Իսրայելում Պասեքը այդպես չէին տոնել, և ոչ էլ Իսրայելի թագավորներից որևէ մեկն էր Պասեքը տոնել այնպես, ինչպես տոնեցին Հովսիան,+ քահանաները, ղևտացիներն ու այնտեղ հավաքված ողջ Հուդան, Իսրայելը և երուսաղեմցիները: 19 Պասեքը տոնեցին Հովսիայի իշխանության 18-րդ տարում:
20 Այս ամենից հետո, երբ Հովսիան տաճարը վերականգնել էր, Եգիպտոսի թագավոր Նեքաոն+ գնաց Կարքեմիշ՝ Եփրատի մոտ, որ այնտեղ պատերազմի: Այդ ժամանակ Հովսիան նրա դեմ դուրս եկավ:+ 21 Նեքաո թագավորը պատգամաբերներ ուղարկեց նրա մոտ, որ ասեն. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, Հուդայի՛ թագավոր: Ես քո դեմ չեմ պատերազմում: Իմ պատերազմը ուրիշ ազգի* դեմ է, և Աստված պատվիրել է, որ շտապեմ: Ուստի քո իսկ բարօրության համար մի՛ հակառակվիր Աստծուն, ով ինձ հետ է, այլապես նա քեզ կկործանի»: 22 Բայց Հովսիան հետ չքաշվեց, այլ հագուստը փոխեց, որ չճանաչեն իրեն,+ և գնաց նրա դեմ պատերազմելու. նա չլսեց Նեքաոյին, որի խոսքերը Աստծուց էին, և գնաց Մեգիդոյի հարթավայր՝ կռվելու:+
23 Նետաձիգները վիրավորեցին Հովսիա թագավորին, և թագավորն ասաց իր ծառաներին. «Տարե՛ք ինձ այստեղից, քանի որ ծանր վիրավոր եմ»: 24 Նրա ծառաները իջեցրին նրան կառքից և իր երկրորդ մարտակառքով բերեցին Երուսաղեմ: Հովսիան մահացավ, և նրան թաղեցին նրա նախահայրերի գերեզմանոցում:+ Ողջ Հուդայի ու Երուսաղեմի բնակիչները սուգ արեցին նրա համար: 25 Երեմիան+ ողբերգով սգաց Հովսիայի մահը. մինչ օրս բոլոր երգիչներն ու երգչուհիները+ ողբեր են երգում նրա մասին: Այդ ողբերը երգելը սովորություն* դարձավ Իսրայելում: Այդ ողբերգերը գրի են առնված ողբերի գրքում:
26 Հովսիայի կյանքի մնացած իրադարձությունների, նրա հավատարիմ սիրո, որը դրսևորել է՝ վարվելով Եհովայի Օրենքի համաձայն, 27 և նրա բոլոր գործերի մասին՝ սկզբից մինչև վերջ, գրված է «Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում»:+