Ծննդոց
13 Դրանից հետո Աբրամը, վերցնելով իր ողջ ունեցվածքը, կնոջ հետ դուրս եկավ Եգիպտոսից ու գնաց Նեգև:+ Ղովտն էլ գնաց նրա հետ: 2 Աբրամը շատ անասուններ, արծաթ ու ոսկի ուներ:+ 3 Նեգևից նա ուղևորվեց Բեթել՝ ճամբար դնելով տարբեր վայրերում, մինչև որ հասավ Բեթելի և Գայիի+ միջև գտնվող այն տեղը, որտեղ նախկինում դրել էր իր վրանը 4 և որտեղ զոհասեղան էր շինել: Այնտեղ Աբրամը կանչեց Եհովայի անունը:*
5 Ղովտը, որ Աբրամի հետ էր, նույնպես ոչխարներ, խոշոր եղջերավոր անասուններ ու վրաններ ուներ: 6 Երկիրը նրանց չէր բավականացնում, որ մի տեղում ապրեին. նրանց ունեցվածքը այնքան էր շատացել, որ այլևս չէին կարող միասին բնակվել: 7 Ուստի վեճ բռնկվեց Աբրամի և Ղովտի անասնապահների միջև: (Այդ ժամանակ քանանացիներն ու փերեզացիներն էին ապրում այդ երկրում):+ 8 Աբրամն ասաց Ղովտին.+ «Լսիր, խնդրում եմ. պետք չէ, որ վեճ լինի իմ ու քո միջև և իմ ու քո անասնապահների միջև, քանի որ մենք եղբայրներ ենք: 9 Ամբողջ երկիրը քո առաջ չէ՞: Խնդրում եմ, առանձնացիր ինձանից: Եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ, իսկ եթե աջ գնաս, ես ձախ կգնամ»: 10 Ղովտը նայեց շուրջը և տեսավ, որ Հորդանանի ամբողջ շրջանը*+ մինչև Սեգոր+ (նախքան Եհովան կկործաներ Սոդոմն ու Գոմորը) լավ ջրվող տարածք է, ինչպես Եհովայի տնկած պարտեզն+ ու Եգիպտոսը: 11 Ղովտն իր համար ընտրեց Հորդանանի ամբողջ շրջանը և իր ճամբարը տեղափոխեց արևելք: Այսպիսով՝ նրանք առանձնացան իրարից: 12 Աբրամը ապրում էր Քանանի երկրում, իսկ Ղովտը՝ Հորդանանի շրջանի քաղաքների մոտակայքում:+ Ի վերջո Ղովտն իր վրանը կանգնեցրեց Սոդոմի մոտ: 13 Սոդոմի մարդիկ չար էին և ծանր մեղքեր էին գործում Եհովայի դեմ:+
14 Այն բանից հետո, երբ Ղովտն առանձնացավ Աբրամից, Եհովան Աբրամին ասաց. «Բարձրացրու աչքերդ, խնդրեմ, ու քո կանգնած տեղից նայիր դեպի հյուսիս ու հարավ, արևելք ու արևմուտք, 15 որովհետև ամբողջ երկիրը, որ տեսնում ես, քեզ ու քո սերնդին եմ տալու որպես մնայուն սեփականություն:+ 16 Քո սերունդը երկրի փոշեհատիկների չափ շատացնելու եմ, այնպես որ, եթե մարդ կարողանա հաշվել փոշեհատիկները, ապա հնարավոր կլինի հաշվել նաև քո սերունդը:+ 17 Գնա շրջիր այդ երկրով՝ դրա երկարությամբ ու լայնությամբ, որովհետև այն քեզ եմ տալու»: 18 Եվ այսպես՝ Աբրամը շարունակեց ապրել վրաններում: Որոշ ժամանակ հետո նա եկավ ու բնակվեց Մամբրեի+ մեծ ծառերի մոտ՝ Քեբրոնում,+ և այնտեղ զոհասեղան շինեց Եհովայի համար:+