Ծննդոց
30 Երբ Ռաքելը տեսավ, որ երեխա չի ունենում, սկսեց նախանձել իր քրոջը և Հակոբին ասաց. «Ինձ երեխանե՛ր տուր, թե չէ կմեռնեմ»: 2 Հակոբը խիստ բարկացավ Ռաքելի վրա ու ասաց. «Մի՞թե ես Աստված եմ, մի՞թե ես եմ քեզ անպտուղ դարձրել»:* 3 Նա էլ ասաց. «Ահա իմ աղախին Բալլան:+ Հարաբերություն ունեցիր նրա հետ, որ նա երեխաներ ծնի իմ փոխարեն,* և որ նրա միջոցով ես էլ երեխաներ ունենամ»: 4 Այդպիսով՝ Ռաքելն իր աղախին Բալլային տվեց Հակոբին որպես կին, ու նա հարաբերություն ունեցավ նրա հետ:+ 5 Բալլան հղիացավ ու Հակոբի համար որդի ծնեց: 6 Այդ ժամանակ Ռաքելն ասաց. «Աստված դարձավ իմ դատավորը. նա լսեց իմ աղերսանքն ու ինձ որդի տվեց»: Ուստի Ռաքելը տղայի անունը Դան*+ դրեց: 7 Ռաքելի աղախին Բալլան կրկին հղիացավ և երկրորդ որդուն ծնեց Հակոբի համար: 8 Ռաքելն ասաց. «Ծանր պայքար մղեցի քրոջս դեմ ու հաղթեցի»: Ուստի որդու անունը Նեփթաղիմ*+ դրեց:
9 Երբ Լիան տեսավ, որ այլևս երեխա չի ունենում, իր աղախին Զելփային տվեց Հակոբին որպես կին:+ 10 Եվ Զելփան որդի ծնեց Հակոբի համար: 11 Այդ ժամանակ Լիան ասաց. «Ինչպիսի՜ հաջողություն»: Ուստի նրա անունը Գադ*+ դրեց: 12 Դրանից հետո Լիայի աղախին Զելփան երկրորդ որդուն ծնեց Հակոբի համար: 13 Լիան ասաց. «Ի՜նչ երջանկություն: Կանայք ինձ երանի կտան»:+ Ուստի տղայի անունը Ասեր*+ դրեց:
14 Ցորենի հնձի օրերին Ռուբենը+ դաշտերում ման գալիս մանրագորներ* գտավ ու բերեց տվեց իր մորը՝ Լիային: Ռաքելն ասաց Լիային. «Խնդրում եմ, տուր ինձ որդուդ բերած մանրագորներից»: 15 Նա էլ պատասխանեց. «Հերիք չէ՝ ամուսնուս ես վերցրել,+ հիմա էլ որդուս բերած մանրագորնե՞րն ես ուզում վերցնել»: Ռաքելն ասաց. «Լա՛վ: Եթե որդուդ բերած մանրագորներն ինձ տաս, Հակոբը քեզ հետ կանցկացնի այս գիշերը»:
16 Երեկոյան, երբ Հակոբը վերադառնում էր դաշտից, Լիան դուրս եկավ նրան ընդառաջ ու ասաց. «Այս գիշերն ինձ հետ ես անցկացնելու, որովհետև որդուս բերած մանրագորները որպես վարձավճար եմ տվել քեզ համար»: Ուստի Հակոբն այդ գիշերը Լիայի հետ անցկացրեց: 17 Աստված լսեց Լիայի աղոթքները և պատասխանեց. նա հղիացավ ու Հակոբի համար հինգերորդ որդուն ծնեց: 18 Այդ ժամանակ Լիան ասաց. «Աստված տվեց ինձ իմ վարձատրությունը,* քանի որ ես իմ աղախնին տվեցի ամուսնուս»: Ուստի որդու անունը Իսաքար*+ դրեց: 19 Լիան կրկին հղիացավ ու Հակոբի համար վեցերորդ որդուն ծնեց:+ 20 Նա ասաց. «Աստված լավ պարգև տվեց ինձ: Վերջապես ամուսինս կհանդուրժի ինձ,+ որովհետև նրա համար վեց որդի ծնեցի»:+ Ուստի նրա անունը Զաբուղոն*+ դրեց: 21 Դրանից հետո Լիան մի աղջիկ ունեցավ և նրա անունը Դինա+ դրեց:
22 Ի վերջո Աստված ուշադրություն դարձրեց Ռաքելին. նա լսեց ու պատասխանեց նրան՝ երեխա ունենալու հնարավորություն տալով:*+ 23 Ռաքելը հղիացավ ու մի որդի ծնեց, ապա ասաց. «Աստված մաքրեց իմ անպատվությունը»:+ 24 Նա որդու անունը Հովսեփ*+ դրեց՝ ասելով. «Եհովան իմ ունեցածին մի որդի էլ ավելացրեց»:
25 Երբ Ռաքելը ծնեց Հովսեփին, Հակոբն անմիջապես ասաց Լաբանին. «Ճանապարհ դիր ինձ, որ գնամ իմ տուն, իմ երկիր:+ 26 Թույլ տուր՝ տանեմ իմ կանանց ու երեխաներին, որոնց համար ծառայել եմ քեզ. դու ինքդ էլ գիտես, թե քեզ ինչպես եմ ծառայել»:+ 27 Լաբանն ասաց նրան. «Շատ եմ խնդրում, մնա: Նախանշաններից* հասկացել եմ, որ Եհովան քո շնորհիվ օրհնում է ինձ»: 28 Ապա ավելացրեց. «Ասա ինձ՝ ինչ վարձ ես ուզում, ու ես կտամ քեզ»:+ 29 Հակոբն էլ ասաց. «Դու գիտես, թե ինչպես եմ ծառայել քեզ, ու թե ինչպիսին է դարձել քո հոտը իմ հոգածության տակ:+ 30 Ունեցածդ քիչ էր մինչև իմ գալը, բայց իմ գալուց հետո Եհովան օրհնել է քեզ, և քո հոտը շատացել ու մեծաքանակ է դարձել: Ի վերջո, ե՞րբ եմ մի բան էլ իմ տան համար անելու»:+
31 Այդ ժամանակ Լաբանը հարցրեց. «Ի՞նչ տամ քեզ»: Հակոբն էլ պատասխանեց. «Ոչինչ մի՛ տուր: Ես նորից կսկսեմ հովվել ու պահպանել քո հոտը,+ եթե համաձայնվես իմ այս առաջարկին. 32 եկ այսօր անցնենք քո ամբողջ հոտի միջով, և հոտից առանձնացրու բոլոր պուտավոր ու խայտաբղետ ոչխարներին, բոլոր մուգ դարչնագույն մատղաշ արու ոչխարներին և բոլոր խայտաբղետ ու պուտավոր էգ այծերին: Եթե դրանից հետո քո հոտում այդպիսիները ծնվեն, դրանք իմ վարձը կլինեն:+ 33 Ու երբ մի օր գաս ստուգելու, թե ինչ եմ վերցրել որպես վարձ, պարզ կտեսնես, որ արդար* եմ վարվել: Եթե իմ էգ այծերից որևէ մեկը պուտավոր կամ խայտաբղետ չլինի, իսկ մատղաշ արու ոչխարներից որևէ մեկը մուգ դարչնագույն չլինի, ուրեմն գողացված է»:
34 Լաբանն էլ ասաց. «Շատ լավ: Թող քո ասածով լինի»:+ 35 Ուստի այդ օրը նա հոտից առանձնացրեց գծավոր ու խայտաբղետ արու այծերին, բոլոր պուտավոր ու խայտաբղետ էգ այծերին, բոլոր այն այծերին, որոնց վրա որևէ սպիտակ տեղ կար, բոլոր մուգ դարչնագույն մատղաշ արու ոչխարներին և դրանք տվեց իր որդիներին, որ նրա՛նք խնամեն: 36 Այնուհետև նրանց* ու Հակոբի միջև հեռավորություն սահմանեց՝ երեք օրվա ճանապարհ: Եվ այդպես՝ Հակոբը հովվում էր Լաբանի մնացած հոտը:
37 Հետո Հակոբը ստյուրակի, նշենու և սոսու նոր կտրած ճյուղեր վերցրեց ու տեղ-տեղ հանեց դրանց կեղևը, այնպես որ ճյուղերի սպիտակ մասը երևաց: 38 Ապա կեղևազատված ճյուղերը դրեց հոտի առաջ՝ գուռերի՝* ջրի ավազանների մեջ, որոնցից անասունները ջուր էին խմում, որպեսզի երբ գային խմելու, դրանց առաջ զուգավորվեին:
39 Այդպես հոտը զուգավորվում էր ճյուղերի առաջ, և գծավոր, պուտավոր ու խայտաբղետ ձագեր էին ծնվում: 40 Հակոբը ջոկեց արու գառներին և Լաբանի մնացած հոտը այնպես կանգնեցրեց, որ այն նայի բոլոր գծավոր ու դարչնագույն կենդանիներին: Այնուհետև նա իր բաժին անասուններին առանձնացրեց Լաբանի հոտից և դրանց առանձին էր պահում, որ չխառնվեն Լաբանի հոտի հետ: 41 Ամեն անգամ, երբ ուժեղ անասուններն էին գալիս զուգավորվելու, Հակոբը ճյուղերը դնում էր գուռերի մեջ՝ նրանց աչքի առաջ, որպեսզի ճյուղերի մոտ զուգավորվեին: 42 Բայց երբ թույլ անասուններն էին գալիս, ճյուղերն այնտեղ չէր դնում: Արդյունքում թույլերը միշտ Լաբանին էին բաժին ընկնում, իսկ ուժեղները՝ Հակոբին:+
43 Այսպիսով՝ Հակոբը շատ հարստացավ. նա մեծաքանակ հոտեր ունեցավ, ուղտեր ու էշեր, ինչպես նաև ծառաներ ու աղախիններ:+