1 Թագավորներ
17 Մի օր թեզբացի Եղիան,*+ որն ապրում էր Գաղաադում,+ ասաց Աքաաբին. «Երդվում եմ Իսրայելի Աստված Եհովայի գոյությամբ, նրա, ում ես ծառայում եմ.* այս տարիներին ցող կամ անձրև չի լինի, եթե լինի, ապա միայն իմ խոսքով»:+
2 Եհովան ասաց Եղիային. 3 «Այստեղից գնա և ուղղություն վերցնելով դեպի արևելք՝ թաքնվիր Քերիթի գետահովտում,* որը Հորդանանի արևելյան կողմում է: 4 Դու գետից ջուր կխմես, իսկ ագռավները իմ հրամանով քեզ համար ուտելիք կբերեն»:+ 5 Եղիան անմիջապես արեց այն, ինչ Եհովան ասել էր. գնաց ու բնակվեց Քերիթի գետահովտում, որը Հորդանանի արևելյան կողմում է: 6 Ամեն առավոտ ու երեկո ագռավները նրան հաց ու միս էին բերում, իսկ ջուրը նա գետից էր խմում:+ 7 Բայց որոշ ժամանակ անց գետը ցամաքեց,+ որովհետև երկրում անձրև չէր գալիս:
8 Եհովան ասաց Եղիային. 9 «Վեր կաց գնա Սարեփթա, որը Սիդոնի տարածքում է, ու մնա այնտեղ: Ես այնտեղ ապրող մի այրի կնոջ կպատվիրեմ, որ քեզ ուտելիքով ապահովի»:+ 10 Ուստի Եղիան գնաց Սարեփթա ու երբ եկավ քաղաքի մուտքի մոտ, տեսավ, որ մի այրի կին փայտ է հավաքում: Նա ձայն տվեց նրան՝ ասելով. «Խնդրում եմ, ինձ մի բաժակ ջուր բեր՝ խմեմ»:+ 11 Եվ երբ կինը գնում էր ջուր բերելու, նա նորից ձայն տվեց նրան. «Խնդրում եմ, մի կտոր հաց էլ բեր»: 12 Սակայն կինն ասաց. «Երդվում եմ քո Աստված Եհովայի գոյությամբ. ես հաց չունեմ, այլ միայն մի բուռ ալյուր ունեմ մեծ սափորում ու մի քիչ էլ յուղ՝ փոքր կժի մեջ:+ Եկել եմ՝ մի քանի կտոր փայտ հավաքեմ, որ գնամ ինձ ու տղայիս համար ուտելու բան պատրաստեմ: Կուտենք ու հետո կմեռնենք»:
13 Եղիան ասաց նրան. «Մի՛ վախեցիր: Գնա ու արա այն, ինչ ասացիր: Բայց նախ քո ունեցածով ինձ համար փոքր կլոր հաց պատրաստիր ու բեր, հետո քեզ ու որդուդ համար կպատրաստես, 14 որովհետև Իսրայելի Աստված Եհովան ասում է. «Սափորի միջի ալյուրը չի վերջանա, և կժի միջի յուղը չի պակասի մինչև այն օրը, երբ Եհովան անձրև տեղա երկրի վրա»»:+ 15 Կինը գնաց ու Եղիայի ասածի պես արեց: Եվ նա, իր ընտանիքը ու Եղիան շատ օրեր բավականաչափ ուտելիք ունեին:+ 16 Սափորի միջի ալյուրը չէր վերջանում, և կժի միջի յուղը չէր պակասում՝ համաձայն Եհովայի խոսքի, որ նա ասել էր Եղիայի միջոցով:
17 Որոշ ժամանակ անց այդ կնոջ՝ տանտիրուհու տղան հիվանդացավ: Հիվանդությունն այնքան ծանր էր, որ նա մահացավ:*+ 18 Ուստի կինն ասաց Եղիային. «Ես քեզ ի՞նչ եմ արել, ո՛վ ճշմարիտ Աստծու մարդ: Դու եկար, որ մեղքիս մասին հիշեցնես ու որդուս սպանե՞ս»:+ 19 Սակայն Եղիան ասաց կնոջը. «Ի՛նձ տուր տղայիդ»: Եվ վերցնելով նրան մոր գրկից՝ տարավ վերնասենյակ, որտեղ ինքը մնում էր, և պառկեցրեց իր մահճակալին:+ 20 Ապա բարձրաձայն աղոթեց Եհովային. «Ո՜վ իմ Աստված Եհովա,+ մի՞թե ինձ հյուրընկալած այս այրի կնոջ վրա էլ աղետ կբերես՝ թույլ տալով, որ նրա որդին մահանա»: 21 Այնուհետև նա երեք անգամ մեկնվեց երեխայի վրա ու բարձրաձայն աղոթեց Եհովային. «Ո՜վ իմ Աստված Եհովա, խնդրում եմ, թող որ այս երեխան կենդանանա»: 22 Եհովան լսեց Եղիայի խնդրանքը,+ ու երեխան կենդանացավ:+ 23 Եղիան վերցրեց երեխային, վերնասենյակից իջեցրեց տուն և նրան տալով մորը՝ ասաց. «Տե՛ս, որդիդ ողջ է»:+ 24 Կինն ասաց Եղիային. «Հիմա ես գիտեմ, որ դու Աստծու մարդ ես,+ և այն խոսքերը, որ ասում ես Եհովայի անունից, ճշմարիտ են»: