2 Թագավորներ
4 Մարգարեների որդիների+ կանանցից մեկը լաց լինելով ասաց Եղիսեին. «Քո ծառան՝ ամուսինս, մահացել է: Դու գիտես, որ նա միշտ վախեցել* է Եհովայից:+ Բայց հիմա պարտատերը եկել է, որ իմ երկու երեխաներին տանի ու իր ստրուկները դարձնի»: 2 Եղիսեն հարցրեց նրան. «Ի՞նչ կարող եմ անել քեզ համար: Ասա ինձ, ի՞նչ ունես տանը»: Կինը պատասխանեց. «Քո աղախինը, բացի մի սափոր յուղից, ուրիշ ոչինչ չունի տանը»:+ 3 Եղիսեն ասաց. «Գնա ու քո բոլոր հարևաններից դատարկ ամաններ խնդրիր, որքան հնարավոր է շատ: 4 Ապա տուն մտիր և դուռը քո ու քո որդիների հետևից փակիր: Յուղը լցրու բոլոր այդ ամանների մեջ և լցվածները մի կողմ դիր»: 5 Դրանից հետո կինը հեռացավ նրա մոտից:
Երբ նա իր և իր որդիների հետևից դուռը փակեց, նրանք սկսեցին ամանները նրան տալ, իսկ նա դրանց մեջ յուղ էր լցնում:+ 6 Երբ բոլոր ամանները լցվեցին, նա իր որդիներից մեկին ասաց. «Հաջորդ ամանը բեր»:+ Բայց տղան պատասխանեց. «Էլ չկա»: Այդ պահին յուղը դադարեց հոսելուց:+ 7 Կինը գնաց ու այդ մասին պատմեց ճշմարիտ Աստծու մարդուն: Նա էլ ասաց. «Գնա, յուղը վաճառիր ու պարտքերդ տուր, իսկ մնացած յուղով դու և որդիներդ կապրեք»:
8 Մի օր Եղիսեն գնաց Սունամ:+ Այնտեղ մի ճանաչված կին կար: Նա համոզեց նրան իր տանը ճաշել:+ Այդ օրվանից սկսած՝ ամեն անգամ այդտեղով անցնելիս Եղիսեն մտնում էր սունամացի կնոջ տուն՝ հաց ուտելու: 9 Ուստի կինն ասաց իր ամուսնուն. «Գիտեմ, որ այն մարդը, որը միշտ անցնում է մեր տան մոտով, Աստծու սուրբ մարդ է: 10 Խնդրում եմ, արի փոքր սենյակ պատրաստենք վերևում+ և այնտեղ մահճակալ, սեղան, աթոռ ու ճրագակալ դնենք նրա համար, որ երբ նա գա մեզ մոտ, այնտեղ մնա»:+
11 Մի օր Եղիսեն եկավ այնտեղ, բարձրացավ վերնասենյակ ու պառկեց: 12 Ապա իր սպասավորին՝ Գեեզիին,+ ասաց. «Կանչիր սունամացի+ կնոջը»: Գեեզին կանչեց նրան, և կինը եկավ նրա մոտ: 13 Եղիսեն ասաց իր սպասավորին. «Խնդրում եմ, ասա այս կնոջը. «Մեզ համար այսքան նեղություն ես քաշում:+ Ի՞նչ անեմ քեզ համար:+ Գուցե խոսե՞մ քո մասին թագավորի+ կամ զորագլխի հետ»»: Սակայն կինը պատասխանեց. «Կարիք չկա. ես իմ ժողովրդի մեջ եմ ապրում»: 14 Եղիսեն հարցրեց. «Այդ դեպքում ի՞նչ կարելի է անել նրա համար»: Գեեզին պատասխանեց. «Նա որդի չունի,+ իսկ ամուսինն արդեն ծեր է»: 15 Եղիսեն իսկույն ասաց. «Կանչիր նրան»: Գեեզին կանչեց կնոջը, և կինը եկավ կանգնեց դռան շեմին: 16 Եղիսեն ասաց. «Հաջորդ տարի՝ այս ժամանակ, գրկիդ մի որդի կլինի»:+ Սակայն կինը պատասխանեց. «Ո՛չ, տե՛ր իմ, դու ճշմարիտ Աստծու մարդ ես, մի՛ խաբիր քո աղախնին»:
17 Կինը հղիացավ ու հաջորդ տարի՝ այդ ժամանակ, որդի ծնեց, ինչպես որ Եղիսեն ասել էր նրան: 18 Երեխան մեծացավ: Մի օր նա գնաց իր հոր մոտ, որը հնձվորների հետ էր: 19 «Գլո՜ւխս, ա՜խ, գլո՜ւխս»,– սկսեց գանգատվել նա իր հորը: Հայրը ծառային ասաց. «Նրան տար իր մոր մոտ»: 20 Ծառան էլ երեխային տարավ մոր մոտ: Տղան մինչև կեսօր մոր ծնկներին նստած մնաց ու հետո մահացավ:+ 21 Մայրը վերև բարձրացավ, երեխային պառկեցրեց ճշմարիտ Աստծու մարդու մահճակալին,+ ապա դուրս եկավ ու դուռն իր հետևից փակեց: 22 Հետո կանչեց ամուսնուն ու ասաց. «Խնդրում եմ, ինձ մոտ ուղարկիր ծառաներից մեկին և մի էշ, որ արագ գնամ ճշմարիտ Աստծու մարդու մոտ ու հետ դառնամ»: 23 Բայց ամուսինը հարցրեց. «Ինչո՞ւ ես այսօր գնում նրա մոտ: Ո՛չ նորալուսին է,+ ո՛չ էլ Շաբաթ»: Կինը պատասխանեց. «Մի՛ անհանգստացիր, ամեն ինչ լավ է»: 24 Նա թամբեց էշն ու ասաց իր ծառային. «Շտապի՛ր: Չդանդաղեցնե՛ս ընթացքը, մինչև չասեմ»:
25 Կինը գնաց ճշմարիտ Աստծու մարդու մոտ՝ Կարմեղոս լեռ: Հեռվից նրան տեսնելով՝ Եղիսեն ասաց իր սպասավոր Գեեզիին. «Նայիր, սունամացի կինն է: 26 Վազիր նրան ընդառաջ ու հարցրու. «Ողջ-առո՞ղջ ես, ամուսինդ ողջ-առո՞ղջ է, երեխադ ողջ-առո՞ղջ է»»: Կինը պատասխանեց. «Ողջ-առողջ ենք»: 27 Հասնելով լեռը՝ ճշմարիտ Աստծու մարդու մոտ, կինն իսկույն նրա ոտքերն ընկավ:+ Գեեզին մոտեցավ, որ հետ քաշի նրան, բայց ճշմարիտ Աստծու մարդն ասաց. «Թող նրան, նա մեծ վիշտ ունի, իսկ Եհովան թաքցրել է դա ինձնից ու չի հայտնել»: 28 Կինն ասաց. «Մի՞թե ես իմ տիրոջից որդի խնդրեցի: Չասացի՞, թե զուր տեղը հույս մի՛ տուր ինձ»:+
29 Եղիսեն անմիջապես ասաց Գեեզիին. «Հագուստիդ փեշերը գոտուդ տակ մտցրու,+ վերցրու իմ ցուպն ու գնա: Եթե որևէ մեկին հանդիպես, բարև չտաս,* և եթե որևէ մեկը քեզ բարև տա, չպատասխանես: Գնա և իմ ցուպը դիր տղայի երեսին»: 30 Բայց տղայի մայրն ասաց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ և քո կյանքով. առանց քեզ չեմ գնա»:+ Ուստի Եղիսեն գնաց նրա հետ: 31 Գեեզին նրանցից առաջ ընկավ և տեղ հասնելով՝ ցուպը դրեց տղայի երեսին, բայց տղան ո՛չ ձայն հանեց, ո՛չ էլ կենդանության նշան ցույց տվեց:+ Գեեզին էլ հետ դարձավ Եղիսեի մոտ, որը նրան ընդառաջ էր գալիս, ու ասաց. «Տղան չարթնացավ»:
32 Երբ Եղիսեն տուն մտավ, տղան մեռած պառկած էր նրա մահճակալին:+ 33 Սենյակ մտնելով՝ նա դուռը իր հետևից փակեց ու սկսեց աղոթել Եհովային:+ 34 Հետո պառկեց մահճակալին՝ երեխայի վրա: Նա բերանով հպվեց նրա բերանին, աչքերով՝ նրա աչքերին, ձեռքերով՝ նրա ձեռքերին և այդպես մեկնված մնաց նրա վրա: Երեխայի մարմինը սկսեց տաքանալ:+ 35 Հետո Եղիսեն տան մեջ այս ու այն կողմ քայլեց և նորից պառկեց մահճակալին՝ մեկնվելով երեխայի վրա: Տղան յոթ անգամ փռշտաց ու աչքերը բացեց:+ 36 Եղիսեն կանչեց Գեեզիին ու ասաց. «Կանչիր սունամացի կնոջը»: Եվ նա կանչեց նրան: Երբ կինը եկավ, Եղիսեն ասաց. «Վերցրու քո որդուն»:+ 37 Կինը ներս մտավ, նետվեց նրա ոտքերի մոտ ու մինչև գետին խոնարհվեց, ապա վերցրեց որդուն ու դուրս գնաց:
38 Եղիսեն վերադարձավ Գաղգաղա: Այնտեղ սով էր:+ Մարգարեների որդիները+ նստել էին նրա առաջ, և նա ասաց իր սպասավորին.+ «Մեծ կաթսան դիր կրակին և ապուր եփիր մարգարեների որդիների համար»: 39 Նրանցից մեկը գնաց դաշտ՝ փիփերթ հավաքելու, և մի վայրի բույս գտավ, դրա վրայից վայրի ձմերուկ* հավաքեց ու լցրեց իր փեշը: Հետո վերադարձավ, ձմերուկները կտրտեց ու լցրեց ապուրով կաթսայի մեջ՝ չիմանալով, թե դրանք ինչ են: 40 Ապուրը մատուցեցին մարդկանց, որ ուտեն, բայց երբ նրանք ապուրից կերան, բղավեցին՝ «Մա՜հ կա կաթսայում, ո՜վ ճշմարիտ Աստծու մարդ», և չկարողացան ուտել: 41 Եղիսեն ասաց. «Ալյուր բերեք»: Ապա այն կաթսայի մեջ լցրեց ու պատվիրեց. «Հիմա մատուցեք»: Կաթսայի մեջ այլևս վնասակար բան չկար:+
42 Բաալ-Սալիսայից+ մի մարդ եկավ ու ճշմարիտ Աստծու մարդուն առաջին բերքից պատրաստված 20 գարեհաց+ բերեց ու մի պարկ նոր հացահատիկ:+ Եղիսեն պատվիրեց դրանք մարդկանց բաժանել, որ ուտեն: 43 Բայց սպասավորն ասաց. «Այսքանն ինչպե՞ս կբավականացնի 100 մարդու»:+ Եղիսեն էլ ասաց. «Տուր մարդկանց, որ ուտեն, որովհետև Եհովան ասում է. «Նրանք կուտեն, ու դեռ մի բան էլ կավելանա»»:+ 44 Եվ սպասավորը դրանք մարդկանց առաջ դրեց. նրանք կերան, ու դեռ մի բան էլ ավելացավ,+ ինչպես որ Եհովան էր ասել: