Թվեր
19 Եհովան կրկին խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով. 2 «Ահա թե ես՝ Եհովաս, ինչ օրենք եմ տալիս. «Իսրայելացիներին ասա, որ քեզ մոտ բերեն մի առողջ դարչնակարմիր կով, որը ոչ մի արատ չունի,+ և որի վրա լուծ չի դրվել: 3 Այն պետք է տաք Եղիազար քահանային, որ նա տանի ճամբարից դուրս. այնտեղ կովը պետք է մորթվի նրա առաջ: 4 Հետո Եղիազար քահանան պետք է վերցնի դրա արյունից և մատը թաթախելով՝ յոթ անգամ ցողի հանդիպման վրանի մուտքի ուղղությամբ:+ 5 Իսկ հետո կովը պետք է այրվի նրա աչքի առաջ. դրա կաշին, միսը և արյունը աղիքների պարունակության հետ միասին պետք է այրվեն:+ 6 Քահանան պետք է վերցնի մայրու փայտ, մի փունջ զոպա*+ և վառ կարմիր մանվածք ու դրանք գցի կրակի մեջ, որում կովն է այրվում: 7 Ապա քահանան պետք է ջրով լվանա իր հագուստները, լողանա և դրանից հետո կարող է մտնել ճամբար. սակայն նա մինչև երեկո անմաքուր կլինի:
8 Կովն այրողը նույնպես պետք է լվանա իր հագուստներն ու լողանա. նա մինչև երեկո անմաքուր կլինի:
9 Մի մաքուր մարդ պետք է հավաքի կովի մոխիրը+ և լցնի ճամբարից դուրս մի մաքուր տեղ: Իսրայելացիները այդ մոխիրը պետք է պահեն, որ դրանով պատրաստեն այն ջուրը, որն օգտագործվելու է մաքրագործման համար:+ Դա մեղքի զոհ է: 10 Կովի մոխիրը հավաքողը պետք է լվանա իր հագուստները. նա մինչև երեկո անմաքուր կլինի:
Իսրայելացիների և նրանց մեջ բնակվող պանդուխտների համար սա պետք է մնայուն կանոն լինի.+ 11 եթե որևէ մեկը մահացած մարդու* դիպչի, յոթ օր անմաքուր կլինի:+ 12 Այդ մարդը երրորդ օրը պետք է մաքրագործման ջրով մաքրի իրեն ու յոթերորդ օրը մաքուր կլինի: Բայց եթե երրորդ օրը իրեն չմաքրի, ապա յոթերորդ օրը մաքուր չի լինի: 13 Ամեն ոք, ով դիպչի մահացած մարդու և իրեն չմաքրագործի, կպղծի Եհովայի խորանը.+ նա պետք է վերացվի Իսրայելի միջից:+ Նա անմաքուր է մնացել, քանի որ մաքրագործման ջուրը+ շաղ չի տրվել նրա վրա:
14 Սա է օրենքը այն դեպքերի համար, երբ մարդը մահանում է վրանում. ամեն ոք, ով մտնի վրան, և բոլոր նրանք, ովքեր վրանում են եղել, յոթ օր անմաքուր կլինեն: 15 Ցանկացած անոթ, որի կափարիչը վրան դրված և ամուր կապված չէ, անմաքուր է:+ 16 Բացի այդ, եթե որևէ մեկը բաց դաշտում դիպչի սրով սպանվածի, մահացած մարդու դիակի, ոսկորի կամ գերեզմանի, նա նույնպես յոթ օր անմաքուր կլինի:+ 17 Անմաքուր մարդուն մաքրագործելու համար պետք է վերցնեն այրված մեղքի զոհի մոխրից, լցնեն մի անոթի մեջ ու վրան աղբյուրի ջուր ավելացնեն: 18 Ապա մի մաքուր մարդ+ պետք է վերցնի մի փունջ զոպա,+ թաթախի այդ ջրի մեջ և ցողի վրանի, բոլոր անոթների և այնտեղ եղած բոլոր մարդկանց վրա, ինչպես նաև այն մարդու վրա, որը դիպել է սպանվածի, մահացած մարդու դիակի, ոսկորի կամ գերեզմանի: 19 Մաքուր մարդը այդ ջրից պետք է ցողի անմաքուր մարդու վրա երրորդ և յոթերորդ օրերին, և յոթերորդ օրը այդ մարդը մաքրված կլինի իր մեղքից:+ Նա պետք է լվանա իր հագուստները, լողանա և երեկոյան մաքուր կլինի:
20 Բայց այն մարդը, որը անմաքուր է դարձել ու չի մաքրագործվել, պետք է վերացվի ժողովի միջից,+ որովհետև պղծել է Եհովայի սրբարանը: Նա անմաքուր է մնացել, քանի որ նրա վրա մաքրագործման ջուր շաղ չի տրվել:
21 Իսրայելի ժողովրդի համար սա մնայուն կանոն է. նա, ով ցողում է մաքրագործման+ ջուրը, պետք է լվանա իր հագուստները: Այդ ջրին դիպչող ամեն ոք մինչև երեկո անմաքուր կլինի: 22 Անմաքուր մարդը ինչին որ դիպչի, դա անմաքուր կլինի, և դրան դիպչող ամեն մարդ մինչև երեկո անմաքուր կլինի»»:+