3 Որդի՛ս, մի՛ մոռացիր այն, ինչ սովորեցնում եմ քեզ,
Եվ սրտանց հնազանդվիր իմ պատվիրաններին,
2 Որովհետև դրանց շնորհիվ կյանքիդ օրերն ու տարիները կավելանան,
Եվ դու խաղաղություն կունենաս:+
3 Թույլ մի՛ տուր, որ սերն ու հավատարմությունը հեռանան քեզնից:+
Դրանք պարանոցիդ կապիր և սրտումդ դաջիր:+
4 Այդպես դու Աստծու և մարդկանց մոտ խորաթափանց մարդու համբավ ձեռք կբերես
Ու նրանց հավանությանը կարժանանաս:+
5 Ամբողջ սրտովդ Եհովային վստահիր+
Եվ քո հասկացողության վրա մի՛ հիմնվիր:+
6 Ինչ էլ որ անես, հաշվի առ նրան,+
Եվ նա կառաջնորդի քեզ ճիշտ ճանապարհով:+
7 Քո աչքին իմաստուն մի՛ եղիր:+
Վախեցի՛ր Եհովայից և չար բաներից հեռո՛ւ մնա:
8 Դա կբուժի քո մարմինը
Եվ ուժ կտա քո ոսկորներին:
9 Պատվիր Եհովային քո ունեցած արժեքավոր բաներով,+
Ողջ բերքիդ առաջին պտուղներով:+
10 Այդ ժամանակ քո ամբարները մինչև վերջ կլցվեն,+
Եվ քո հնձաններից գինին կհորդի:
11 Որդի՛ս, Եհովայի խրատը մի՛ մերժիր+
Եվ մի՛ զզվիր, երբ նա ուղղում է քեզ,+
12 Որովհետև Եհովան խրատում է նրան, ում սիրում է,+
Ինչպես հայրն է խրատում իր սիրելի որդուն:+
13 Երջանիկ է այն մարդը, ով իմաստություն է գտել,+
Եվ այն մարդը, ով խորաթափանց է դարձել:
14 Ավելի լավ է իմաստություն ձեռք բերել, քան արծաթ,
Այն ավելի շատ օգուտ է տալիս, քան ոսկին:+
15 Այն մարջաններից ավելի թանկ է,
Եվ քեզ համար ցանկալի ոչ մի բան չի կարող համեմատվել դրա հետ:
16 Դրա աջ ձեռքում երկարակեցություն է,
Իսկ ձախ ձեռքում՝ հարստություն ու փառք:
17 Դրա ճանապարհներով քայլելը հաճելի է,
Դրանցով գնալը խաղաղություն է տալիս:+
18 Իմաստությունը կյանքի ծառ է նրանց համար, ովքեր ամուր կառչում են դրան,
Եվ նրանք, ովքեր բաց չեն թողնում այն, երջանիկ կկոչվեն:+
19 Եհովան իմաստությամբ հիմնեց երկիրը,+
Նա խորաթափանցությամբ հաստատեց երկինքը:+
20 Նրա գիտելիքների շնորհիվ խոր ջրերը բաժանվեցին,
Եվ ամպոտ երկնքից անձրև սկսեց մաղել:+
21 Որդի՛ս, թող դրանք աչքիդ առաջ լինեն:
Իմաստությունն ու խոհեմությունը մի՛ կորցրու,
22 Դրանք քեզ կյանք կպարգևեն
Եվ պարանոցդ կզարդարեն:
23 Այդ ժամանակ ապահով կքայլես քո ճանապարհով
Եվ երբեք չես սայթաքի:+
24 Երբ պառկես քնելու, չես վախենա.+
Դու կպառկես, և քունդ քաղցր կլինի:+
25 Չես վախենա հանկարծահաս աղետից,+
Փոթորկից, որ գալիս է չար մարդու վրա,+
26 Քանի որ Եհովան կլինի քո վստահության աղբյուրը,+
Եվ նա կպահպանի ոտքդ որոգայթից:+
27 Բարություն արա նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:+
Ձեռքդ հետ մի՛ պահիր, եթե ի զորու ես օգնելու:+
28 Մի՛ ասա դրացուդ՝ «Գնա, վաղը արի, կտամ»,
Եթե այդ պահին կարող ես տալ:
29 Չար բան մի՛ ծրագրիր դրացուդ դեմ,+
Ով ապրում է քո կողքին ու վստահում է քեզ:
30 Անտեղի մի՛ վիճիր մարդու հետ,+
Մի՛ վիճիր, եթե նա քեզ ոչ մի վատ բան չի արել:+
31 Բռնարար մարդուն մի՛ նախանձիր,+
Նրան մի՛ ընդօրինակիր,
32 Որովհետև խաբեբա մարդը գարշելի է Եհովայի համար,+
Բայց ուղղամիտ մարդու հետ նա մտերմություն է անում:+
33 Եհովայի անեծքը չար մարդու տան վրա է,+
Բայց արդարների տունը նա օրհնում է:+
34 Ծաղրողների վրա նա ծիծաղում է,+
Բայց հեզերի հանդեպ բարեհաճ է:+
35 Իմաստունները պատվի կարժանանան,
Իսկ հիմարները մեծարում են այն, ինչը անպատվություն է բերում:+