2 Տարեգրություն
30 Եզեկիան մարդիկ ուղարկեց ամբողջ Իսրայելով+ և Հուդայով մեկ, անգամ նամակներ գրեց Եփրեմի ու Մանասեի ցեղերին,+ որ գան Եհովայի տուն՝ Երուսաղեմ՝ Իսրայելի Աստված Եհովային նվիրված Պասեքը տոնելու:+ 2 Թագավորը, նրա իշխաններն ու Երուսաղեմում գտնվող ամբողջ ժողովը որոշեցին Պասեքը երկրորդ ամսում տոնել:+ 3 Նրանք չէին կարողացել Պասեքը իր ժամանակին տոնել,+ քանի որ բավական թվով սրբագործված* քահանաներ չկային,+ ժողովուրդն էլ դեռ չէր հավաքվել Երուսաղեմում: 4 Թագավորն ու ամբողջ ժողովը այս որոշումը ճիշտ համարեցին: 5 Ուստի նրանք որոշեցին հայտարարություն անել ողջ Իսրայելով մեկ՝ Բերսաբեեից մինչև Դան՝+ հորդորելով, որ մարդիկ գան Երուսաղեմ ու Իսրայելի Աստված Եհովային նվիրված Պասեքը տոնեն, որովհետև ազգովին չէին տոնել այն, ինչպես գրված է Օրենքում:+
6 Սուրհանդակները թագավորի հրամանով ամբողջ Իսրայելին և Հուդային թագավորի ու նրա իշխանների անունից նամակներ տարան, որոնցում ասվում էր. «Ո՛վ Իսրայելի ժողովուրդ, վերադարձեք Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստված Եհովայի մոտ, որ նա էլ վերադառնա ձեզ՝ Ասորեստանի թագավորների ձեռքից ազատվածներիդ մոտ:+ 7 Մի՛ նմանվեք ձեր նախահայրերին ու ձեր եղբայրներին, որոնք անհավատարմությամբ վարվեցին իրենց նախահայրերի Աստված Եհովայի հանդեպ, և դրա համար նա այնպես արեց, որ ով նրանց տեսնի, սարսափի, ինչը և տեսնում եք:+ 8 Համառ մի՛ եղեք, ինչպես որ ձեր նախահայրերն էին:+ Հպատակվե՛ք Եհովային և եկեք նրա սրբարանը,+ որը նա ընդմիշտ սրբագործել է, ու ծառայե՛ք ձեր Աստված Եհովային, որպեսզի նրա սաստիկ բարկությունը հանդարտվի:+ 9 Եթե դուք վերադառնաք Եհովայի մոտ, ձեր եղբայրներին ու որդիներին գերեվարածները գթասիրտ կլինեն նրանց հանդեպ+ և թույլ կտան վերադառնալ այս երկիր,+ քանի որ ձեր Աստված Եհովան կարեկից է ու գթառատ:+ Եթե դուք վերադառնաք նրա մոտ, նա ձեզնից երես չի թեքի»:+
10 Սուրհանդակները Եփրեմի ու Մանասեի տարածքներով մեկ քաղաքից քաղաք անցան+ և հասան Զաբուղոն, սակայն ժողովուրդը ծիծաղում էր նրանց վրա ու ծաղրում:+ 11 Բայց Ասերի, Մանասեի և Զաբուղոնի ցեղերից որոշ մարդիկ խոնարհեցրին իրենց ու եկան Երուսաղեմ:+ 12 Ճշմարիտ Աստված օրհնում էր Հուդան,* որպեսզի ժողովուրդը միաբանված կատարեր* թագավորի ու իշխանների հրահանգը, որը նրանք տվել էին Եհովայի կարգադրությամբ:
13 Մեծ թվով մարդիկ հավաքվեցին Երուսաղեմում, որ երկրորդ ամսում նշեն+ Անթթխմոր հացերի տոնը.+ շատ մեծ բազմություն էր հավաքվել: 14 Նրանք Երուսաղեմից դուրս հանեցին զոհասեղաններն+ ու խնկարկության բոլոր սեղանները+ և գցեցին Կեդրոնի հովիտը: 15 Դրանից հետո՝ երկրորդ ամսվա 14-րդ օրը, Պասեքին զոհաբերվելիք կենդանիները մորթեցին: Քահանաներն ու ղևտացիները ամաչեցին, ուստի սրբագործվեցին և ողջակեզներ բերեցին Եհովայի տուն: 16 Նրանք կանգնեցին իրենց տեղերում, ինչպես որ սահմանված էր ճշմարիտ Աստծու մարդ Մովսեսի օրենքում: Ապա ղևտացիները արյունը տվեցին քահանաներին, որոնք այն ցողեցին զոհասեղանի վրա:+ 17 Հավաքված ժողովրդի մեջ շատերը դեռ չէին մաքրագործվել,* ուստի ղևտացիներին հանձնարարվեց Պասեքի զոհերը մորթել բոլոր նրանց համար, ովքեր անմաքուր էին,+ որպեսզի նրանց սրբագործեին Եհովայի համար: 18 Մեծ թվով մարդիկ, հատկապես Եփրեմի, Մանասեի,+ Իսաքարի ու Զաբուղոնի ցեղերից, չէին մաքրագործվել, բայց նրանք կերան Պասեքի զոհից: Սակայն դա հակասում էր Օրենքում գրվածին, ուստի Եզեկիան աղոթեց նրանց համար՝ ասելով. «Եհո՛վա, դու բարի ես,+ ներիր 19 բոլոր նրանց, ովքեր իրենց սրտում վճռել են ծառայել ճշմարիտ Աստված Եհովային՝+ իրենց նախահայրերի Աստծուն, թեպետև չեն մաքրագործվել սրբության չափանիշների համաձայն»:+ 20 Եհովան լսեց Եզեկիային և ներեց* ժողովրդին:
21 Երուսաղեմում գտնվող իսրայելացիները յոթ օր մեծ ուրախությամբ+ նշեցին Անթթխմոր հացերի տոնը:+ Ղևտացիներն ու քահանաները ամեն օր գովաբանում էին Եհովային՝ ուժգին հնչեցնելով նվագարանները ի փառս Եհովայի:+ 22 Եզեկիան քաջալերական խոսքեր ասաց այն բոլոր ղևտացիներին, ովքեր խոհեմությամբ ծառայում էին Եհովային: Յոթնօրյա տոնակատարության ընթացքում+ մարդիկ խաղաղության զոհեր բերեցին,+ կերան ու շնորհակալություն հայտնեցին իրենց նախահայրերի Աստված Եհովային:
23 Դրանից հետո ամբողջ ժողովը որոշեց ևս յոթ օր նշել տոնը, և բոլորը միասին յոթ օր էլ ուրախությամբ տոն արեցին:+ 24 Հուդայի թագավոր Եզեկիան ժողովին տվեց 1 000 ցուլ և 7 000 ոչխար, իսկ իշխանները՝ 1 000 ցուլ և 10 000 ոչխար:+ Մեծ թվով քահանաներ սրբագործվեցին:+ 25 Հուդայի ամբողջ ժողովը, քահանաները, ղևտացիները, Իսրայելից եկած ժողովուրդը,+ այդ թվում՝ Իսրայելում և Հուդայում ապրող պանդուխտները+ ուրախանում էին: 26 Երուսաղեմում մեծ ցնծություն էր տիրում, որովհետև Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի օրերից ի վեր Երուսաղեմում նման բան չէր եղել:+ 27 Վերջում ղևտացի քահանաները վեր կացան և օրհնեցին ժողովրդին:+ Աստված լսեց նրանց ձայնը. նրանց աղոթքը հասավ մինչև նրա սուրբ բնակավայրը՝ մինչև երկինք: