Ծննդոց
18 Այդ ամենից հետո Եհովան*+ հայտնվեց Աբրահամին Մամբրեի մեծ ծառերի մոտ,+ երբ նա օրվա ամենաշոգ ժամին նստած էր վրանի շեմքում: 2 Նա վեր նայեց ու տեսավ երեք տղամարդկանց, որոնք կանգնած էին որոշ հեռավորության վրա:+ Այդ մարդկանց տեսնելուն պես վազեց նրանց դիմավորելու և մինչև գետին խոնարհվեց: 3 Նա ասաց. «Եհո՛վա, եթե ունեմ քո բարեհաճությունը,* խնդրում եմ, հենց այնպես մի՛ անցիր ծառայիդ կողքով: 4 Խնդրում եմ, թող մի քիչ ջուր բերեն ու ձեր ոտքերը լվանան,+ հետո թիկնեք ծառի տակ: 5 Քանի որ եկել եք ձեր ծառայի մոտ, թույլ տվեք՝ մի կտոր հաց բերեմ, որ թարմանաք:* Իսկ հետո շարունակեք ձեր ճանապարհը»: Նրանք էլ ասացին. «Շա՛տ լավ: Ինչպես ասացիր, այդպես էլ արա»:
6 Ուստի Աբրահամը շտապ գնաց վրանը՝ Սառայի մոտ, և ասաց. «Շո՛ւտ արա, վերցրո՛ւ երեք չափ* մանր աղացած* ալյուր, խմո՛ր հունցիր ու հա՛ց թխիր»: 7 Հետո Աբրահամը վազեց նախրի կողմը, ընտրեց մի լավ մատղաշ ցուլ ու տվեց իր ծառային, և նա շտապ գնաց, որ պատրաստի այն: 8 Այնուհետև Աբրահամը բերեց կարագ, կաթ, ինչպես նաև պատրաստված ցուլը և դրեց նրանց առաջ: Մինչ նրանք ուտում էին, ինքը կանգնած էր նրանց կողքին՝ ծառի տակ:+
9 Նրանք հարցրին. «Որտե՞ղ է քո կինը՝ Սառան»:+ Նա էլ պատասխանեց. «Այստեղ՝ վրանում»: 10 Նրանցից մեկը շարունակեց. «Ես անպայման կվերադառնամ քեզ մոտ մյուս տարի՝ այս ժամանակ, և Սառան՝ քո կինը, որդի կունենա»:+ Իսկ Սառան լսում էր վրանում՝ մուտքի մոտ, որ այդ մարդու հետևում էր: 11 Աբրահամն ու Սառան ծեր էին, հասակն առած,+ և Սառան դուրս էր եկել որդեծնության տարիքից:*+ 12 Ուստի Սառան իր մտքում ծիծաղեց՝ ասելով. «Մի՞թե ես կզգամ մայրության ուրախությունը, երբ արդեն տարիքս առել եմ, և տերս էլ ծեր է»:+ 13 Այդ ժամանակ Եհովան ասաց Աբրահամին. «Ինչո՞ւ Սառան ծիծաղեց ու ասաց. «Մի՞թե երեխա կունենամ, չէ՞ որ արդեն ծեր եմ»: 14 Կա՞ մի բան, որ անհնարին է Եհովայի համար:+ Հաջորդ տարի՝ այս նույն ժամանակ, ես կվերադառնամ քեզ մոտ, և Սառան որդի կունենա»: 15 Սառան վախեցավ ու ասաց. «Ես չծիծաղեցի»: Իսկ նա ասաց. «Ո՛չ, ծիծաղեցիր»:
16 Այդ մարդիկ վեր կացան, և Աբրահամը գնաց նրանց հետ, որ ճանապարհ դնի: Նրանք հասան մի տեղ, որտեղից տեսան Սոդոմը:+ 17 Եհովան ասաց. «Մի՞թե Աբրահամից թաքցնելու եմ անելիքս:+ 18 Աբրահամը, անկասկած, մեծ ու հզոր ազգ կդառնա, և երկրի բոլոր ազգերը նրա միջոցով կօրհնվեն:*+ 19 Ես մտերմացել եմ նրա հետ՝* համոզված լինելով, որ նա իր որդիներին ու իր գալիք սերունդներին* կպատվիրի պահել իմ ճանապարհները՝ Եհովայի ճանապարհները, և անել այն, ինչ ճիշտ է ու արդար,+ որպեսզի ես՝ Եհովաս, իրագործեմ Աբրահամի հետ կապված իմ խոստումները»:
20 Ապա Եհովան ասաց. «Սոդոմի ու Գոմորի դեմ բողոքի մեծ աղաղակ է բարձրացել.+ նրանց մեղքը շատ ծանր է:+ 21 Ես կիջնեմ,* որ տեսնեմ՝ նրանց գործերի վերաբերյալ ինձ հասած բողոքը արդարացի է, թե ոչ: Ուզում եմ պարզել դա»:+
22 Հետո այդ մարդիկ* հեռացան այդտեղից ու գնացին դեպի Սոդոմ: Իսկ Եհովան+ մնաց Աբրահամի հետ: 23 Աբրահամը, մոտենալով նրան, ասաց. «Մի՞թե դու արդարին կկործանես չարագործի հետ:+ 24 Գուցե քաղաքում 50 արդար մարդ կա: Մի՞թե կկործանես նրանց ու չես խնայի այդ վայրը՝ հանուն այնտեղ գտնվող 50 արդարի: 25 Անհնա՛ր է, որ դու այդպես վարվես՝ արդար մարդուն կործանես չարագործի հետ, այնպես որ արդար մարդու և չարագործի վերջը մեկ լինի:+ Դա անհնա՛ր է:+ Մի՞թե ողջ երկրի Դատավորը անարդար կվարվի»:+ 26 Եհովան պատասխանեց. «Եթե Սոդոմում 50 արդար մարդ գտնեմ, հանուն նրանց՝ կխնայեմ այդ ամբողջ վայրը»: 27 Սակայն Աբրահամն ասաց. «Ո՛վ Եհովա, ես համարձակվում եմ նորից խոսել քեզ հետ, թեև հող ու մոխիր եմ: 28 Գուցե 50 արդարից հինգը պակաս լինի: Որ այդ հինգը չլինի, մի՞թե ամբողջ քաղաքը կկործանես»: Նա էլ պատասխանեց. «Եթե այնտեղ 45 արդար մարդու էլ գտնեմ, չեմ կործանի»:+
29 Բայց Աբրահամը կրկին խոսեց նրա հետ ու ասաց. «Գուցե 40-ը գտնվեն այնտեղ»: Նա էլ ասաց. «Հանուն 40-ի էլ չեմ կործանի»: 30 Աբրահամը շարունակեց. «Խնդրում եմ, Եհո՛վա, թող քո բարկությունը չբորբոքվի.+ թույլ տուր՝ շարունակեմ խոսել: Գուցե միայն 30-ը գտնվեն այնտեղ»: Նա ասաց. «Եթե այնտեղ 30 արդար մարդու էլ գտնեմ, չեմ կործանի»: 31 Բայց Աբրահամը կրկին ասաց. «Եհո՛վա, խնդրում եմ, թող որ համարձակվեմ խոսել քեզ հետ: Գուցե ընդամենը 20-ը գտնվեն այնտեղ»: Նա էլ ասաց. «Հանուն 20-ի էլ չեմ կործանի»: 32 Ի վերջո Աբրահամն ասաց. «Խնդրում եմ, Եհո՛վա, թող քո բարկությունը չբորբոքվի. թույլ տուր՝ մի անգամ էլ խոսեմ: Գուցե ընդամենը 10-ը գտնվեն այնտեղ»: Նա ասաց. «Հանուն 10-ի էլ չեմ կործանի»: 33 Աբրահամի հետ խոսելուց հետո Եհովան հեռացավ,+ իսկ Աբրահամը վերադարձավ տուն: