Թվեր
31 Այնուհետև Եհովան ասաց Մովսեսին. 2 «Իսրայելացիների համար վրեժ+ լուծիր մադիանացիներից:+ Դրանից հետո դու կմիանաս քո նախահայրերին»:*+
3 Ուստի Մովսեսն ասաց ժողովրդին. «Ձեր միջից տղամարդկանց զինեք կռվի գնալու համար, որ դուրս գան Մադիանի դեմ ու Եհովայի հրահանգը կատարելով՝ վրեժ լուծեն նրանից: 4 Իսրայելի յուրաքանչյուր ցեղից 1 000 հոգու ուղարկեք կռվելու»: 5 Այսպիսով՝ Իսրայելի ժողովրդի+ ամեն ցեղից 1 000 մարդ նշանակվեց ու սպառազինվեց պատերազմի համար, ընդհանուր՝ 12 000 մարդ:
6 Մովսեսը նրանց, այսինքն՝ ամեն ցեղից ընտրված 1 000-ական մարդկանց պատերազմի ուղարկեց Եղիազար քահանայի որդու՝ Փենեհեսի+ հետ, որի ձեռքում էին սուրբ իրերն ու ազդանշան հնչեցնելու շեփորները:+ 7 Նրանք կռվեցին Մադիանի դեմ, ինչպես որ Եհովան պատվիրել էր Մովսեսին, և սպանեցին բոլոր տղամարդկանց: 8 Սպանվածների մեջ էին նաև Մադիանի հինգ թագավորները՝ Եվին, Ռեկեմը, Սուրը, Հուրը և Ռոբեն: Իսրայելացիները սրի քաշեցին նաև Բեորի որդի Բաղաամին:+ 9 Բայց Մադիանի կանանց ու երեխաներին նրանք գերի տարան: Նաև ավար վերցրին մադիանացիների բոլոր ընտանի կենդանիները, բոլոր նախիրներն ու հոտերը և ամբողջ ունեցվածքը: 10 Բոլոր քաղաքները, որոնցում ապրում էին մադիանացիները, և նրանց բոլոր ճամբարները* հրի մատնեցին: 11 Նրանք իրենց հետ տարան ողջ ավարը՝ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին: 12 Գերիներին ու ավարը բերեցին Մովսեսի, Եղիազար քահանայի և Իսրայելի ժողովրդի մոտ՝ ճամբար, որը Մովաբի անապատային հարթավայրում էր՝ Հորդանանի մոտ՝ գետի այն կողմում, որ հանդիպակաց է Երիքովին:+
13 Մովսեսը, Եղիազար քահանան և ժողովրդի բոլոր ցեղապետները ճամբարից դուրս եկան՝ նրանց դիմավորելու: 14 Մովսեսը բարկացավ զորքը գլխավորող հազարապետների և հարյուրապետների վրա, որոնք վերադառնում էին պատերազմից: 15 Նա ասաց. «Ինչո՞ւ եք բոլոր կանանց ողջ թողել: 16 Չէ՞ որ նրանք էին, որ Բաղաամի խորհրդով իսրայելացիներին դրդեցին Եհովայի հանդեպ անհավատարիմ+ լինել և պաշտել Փեգորի+ աստծուն, ինչի պատճառով պատուհաս եկավ Եհովայի ժողովրդի վրա:+ 17 Այժմ սպանե՛ք բոլոր տղա երեխաներին և բոլոր կանանց, ովքեր սեռական հարաբերություն են ունեցել տղամարդկանց հետ: 18 Բայց դեռահաս աղջիկներին, որ տղամարդկանց հետ հարաբերություն չեն ունեցել,+ ո՛ղջ թողեք: 19 Դուք յոթ օր ճամբարից դուրս մնացեք: Բոլոր նրանք, ովքեր մարդ* են սպանել, և ովքեր սպանվածի են դիպել,+ պետք է երրորդ ու յոթերորդ օրը մաքրագործվեն,+ ինչպես դուք, այնպես էլ ձեր գերիները: 20 Մաքրագործեք նաև բոլոր հագուստները, կաշվե բոլոր իրերը, այծի մազից պատրաստված ամեն բան և ամեն փայտե իր»:
21 Եղիազար քահանան պատերազմի գնացած ռազմիկներին ասաց. «Ահա թե ինչ օրենք է Եհովան տվել Մովսեսին. 22 «Ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, անագն ու կապարը՝ 23 այն ամենը, ինչը կդիմանա կրակին, կրակով մշակեք, որ մաքրվի: Սակայն դրանք հարկավոր է մաքրագործել նաև մաքրագործման ջրով:+ Իսկ այն ամենը, ինչը կրակին չի դիմանա, պետք է ջրով լվանաք: 24 Յոթերորդ օրը լվացեք ձեր հագուստները և մաքուր կլինեք. դրանից հետո կարող եք ճամբար մտնել»»:+
25 Այնուհետև Եհովան Մովսեսին ասաց. 26 «Եղիազար քահանայի ու ժողովրդի նահապետական տների գլուխների հետ հաշվիր ավարը՝ թե՛ գերեվարված մարդկանց, թե՛ ընտանի կենդանիներին: 27 Այդ ավարը կիսիր և մի մասը տուր կռվի գնացած ռազմիկներին, մյուս մասը՝ մնացած ժողովրդին:+ 28 Եհովայի համար որպես հարկ վերցրու հետևյալը. կռվի գնացած ռազմիկների բաժնից վերցրու ամեն 500-ից մեկը՝* թե՛ գերեվարված մարդկանցից և թե՛ խոշոր եղջերավոր անասուններից, էշերից ու մանր եղջերավոր անասուններից: 29 Նրանց բաժնից վերցրու այդ ամենն ու տուր Եղիազար քահանային որպես նվիրաբերություն Եհովայի համար:+ 30 Իսկ մնացած իսրայելացիներին տրված բաժնից վերցրու ամեն 50-ից մեկը՝ թե՛ գերեվարված մարդկանցից, թե՛ խոշոր եղջերավոր անասուններից, էշերից, մանր եղջերավոր անասուններից ու ամեն տեսակ ընտանի կենդանիներից. այդ ամենը տուր ղևտացիներին,+ ովքեր Եհովայի խորանի հետ կապված տարբեր պարտականություններ են կատարում»:+
31 Մովսեսն ու Եղիազար քահանան արեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրեց Մովսեսին: 32 Ավարը, որ բերել էին կռվի գնացածները,* կազմեց 675 000 մանր եղջերավոր անասուն, 33 72 000 խոշոր եղջերավոր անասուն 34 և 61 000 էշ: 35 Իսկ աղջիկները, որոնք տղամարդկանց հետ հարաբերություն չէին ունեցել,+ 32 000 հոգի էին: 36 Կռվի գնացածներին բաժին ընկած մասը այսքան էր. 337 500 մանր եղջերավոր անասուն, 37 որոնցից 675-ը տրվեց Եհովային որպես հարկ, 38 36 000 խոշոր եղջերավոր անասուն, որոնցից 72-ը տրվեց Եհովային որպես հարկ, 39 և 30 500 էշ, որոնցից 61-ը տրվեց Եհովային որպես հարկ: 40 Իսկ գերեվարված մարդիկ 16 000 էին, որոնցից 32-ը որպես հարկ տրվեցին Եհովային: 41 Մովսեսն այդ ամբողջ հարկը տվեց Եղիազար քահանային+ որպես նվիրաբերություն Եհովայի համար, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:
42 Իսրայելի ժողովրդին պատկանող մասը, որը Մովսեսն առանձնացրել էր պատերազմի գնացածների բաժնից, այսքանն էր. 43 337 500 մանր եղջերավոր անասուն, 44 36 000 խոշոր եղջերավոր անասուն 45 և 30 500 էշ, 46 ինչպես նաև 16 000 գերեվարված մարդ: 47 Իսրայելի ժողովրդի բաժնից Մովսեսը վերցրեց ամեն 50-ից մեկը՝ թե՛ մարդկանցից, թե՛ ընտանի կենդանիներից, ու տվեց ղևտացիներին,+ ովքեր Եհովայի խորանի հետ կապված տարբեր պարտականություններ էին կատարում.+ նա արեց ճիշտ այնպես, ինչպես որ Եհովան պատվիրել էր իրեն:
48 Զորքի ստորաբաժանումների վրա նշանակված մարդիկ՝+ հազարապետներն ու հարյուրապետները, մոտեցան Մովսեսին 49 ու ասացին. «Մենք՝ ծառաներդ, հաշվեցինք մեր հրամանատարության տակ եղող ռազմիկներին և ոչ մի կորուստ չունենք:+ 50 Ուստի թույլ տուր, որ ամենքս Եհովային որպես ընծա մատուցենք մեր ձեռք բերածը՝ ոսկե իրեր, ոտքի ապարանջաններ, թևնոցներ, կնքամատանիներ, ականջօղեր, որպեսզի մեզ համար քավություն արվի Եհովայի առաջ»:
51 Մովսեսն ու Եղիազար քահանան նրանցից ընդունեցին ոսկեղենը՝ այդ բոլոր զարդերը: 52 Հազարապետների և հարյուրապետների տված ամբողջ ոսկին, որ նվիրաբերվեց Եհովային, կազմեց 16 750 սիկղ:* 53 Բանն այն է, որ ռազմիկներից ամեն մեկը ավար էր վերցրել իր համար: 54 Եվ այսպես՝ Մովսեսն ու Եղիազար քահանան հազարապետներից ու հարյուրապետներից ընդունեցին ոսկին ու տարան հանդիպման վրան, որ դա Իսրայելի ժողովրդի համար հիշատակ լինի Եհովայի առաջ: