Հռոմեացիներ
9 Որպես Քրիստոսի հետևորդ՝ ես ճշմարտությունն եմ ասում, չեմ ստում: Սուրբ ոգով առաջնորդվող խիղճս էլ է վկայում, 2 որ մեծ վիշտ ու մշտական ցավ ունեմ իմ սրտում: 3 Երանի՜ ինքս զատված լինեի Քրիստոսից, և ինքս դատապարտված լինեի կործանման* իմ եղբայրների՝ իմ ազգակիցների փոխարեն, 4 այսինքն՝ իսրայելացիների, որոնց Աստված որդեգրեց+ ու փառավորեց, որոնց հետ ուխտեր* կապեց,+ որոնց տվեց Օրենքը,+ խոստումները+ և իրեն սուրբ ծառայություն+ մատուցելու պատիվը, 5 որոնք առաջ եկան այն նահապետներից,+ որոնցից Քրիստոսն է սերել որպես մարդ:+ Աստված, ով տիրում է ամենի վրա, թող հավիտյան փառաբանվի: Ամեն:
6 Սակայն սա չի նշանակում, թե Աստծու խոսքը չի կատարվել: Բանն այն է, որ Իսրայելից սերածներից ոչ բոլորն են, որ իսկապես Իսրայելի մաս են կազմում:+ 7 Եվ Աբրահամից ծնված ոչ բոլոր զավակներն են, որ Աստծու աչքում իսկապես նրա սերունդն են:+ Չէ՞ որ ասվել է. «Քեզ խոստացված սերունդը Իսահակի միջոցով է գալու»:+ 8 Այսինքն՝ Աբրահամի ոչ բոլոր մարմնավոր զավակներն են Աստծու զավակներ.+ իրականում սերունդ են համարվում այն զավակները, ովքեր Աստծու խոստման համաձայն են ծնվել:+ 9 Այդ խոստումը հետևյալն էր. «Այս ժամանակ կգամ, և Սառան որդի կունենա»:+ 10 Խոստումը տրվեց նաև, երբ Ռեբեկան մեր նախահայր Իսահակից հղիացավ երկվորյակներով:+ 11 Երբ նրանք դեռ չէին ծնվել և լավ կամ վատ ոչինչ չէին արել, Աստված ցույց տվեց, թե նրանցից ում է ընտրում: Նաև ցույց տվեց, որ իր նպատակի համաձայն՝ ընտրում է, ում որ ուզում է՝ անկախ մարդու գործերից: 12 Աստված ասաց Ռեբեկային. «Մեծը փոքրի ծառան կլինի»:+ 13 Եվ ինչպես գրված է, նաև ասաց. «Ես Հակոբին սիրեցի, իսկ Եսավին ատեցի»:+
14 Հիմա ի՞նչ ասենք: Աստված անարդա՞ր է: Իհա՛րկե ոչ:+ 15 Ահա թե ինչ է Աստված ասում Մովսեսին. «Ես գթասիրտ կլինեմ, ում հանդեպ որ կամենամ գթասիրտ լինել, ու կարեկից կլինեմ, ում հանդեպ որ կամենամ կարեկից լինել»:+ 16 Եվ ուրեմն Աստծու ընտրությունը ո՛չ մարդու ցանկությունից է կախված և ո՛չ էլ ջանքերից,* այլ Աստծու գթասրտությունից:+ 17 Գրված է, որ Աստված փարավոնին ասել է.* «Հենց սրա համար եմ թողել՝ ողջ մնաս, որ քո միջոցով ցույց տամ իմ զորությունը, և որ իմ անունը հռչակվի ամբողջ երկրով մեկ»:+ 18 Այնպես որ Աստված է որոշում՝ ում հանդեպ գթասիրտ լինի և ում թողնի համառ դառնալ:+
19 Սակայն գուցե ինչ-որ մեկն ասի. «Դե եթե ոչ ոք չի կարող դեմ գնալ Աստծու կամքին, էլ ինչո՞ւ է Աստված մեղադրում ինձ»: 20 Բայց ո՞վ ես դու, ո՛վ մարդ, որ հակաճառես Աստծուն:+ Մի՞թե պատրաստված իրը կասի իրեն պատրաստողին. «Ինչո՞ւ ինձ այսպիսին պատրաստեցիր»:+ 21 Մի՞թե բրուտը իրավասություն չունի կավի+ միևնույն զանգվածից պատրաստելու պատվավոր նպատակով գործածվող անոթ և ոչ պատվավոր նպատակով գործածվող անոթ: 22 Ուրեմն ի՞նչ տարբերություն. Աստված էլ կամենում է իր ցասումը թափել պատժի արժանի մարդկանց վրա, ովքեր նման են ոչնչացման ենթակա անոթների, և ցանկանում է այդպիսով ցույց տալ իր զորությունը: Բայց նա դեռ մեծ համբերատարությամբ հանդուրժում է նրանց, 23 քանի որ կամենում է իր վեհաշուք փառահեղությունը ցույց տալ իր գթասրտությանը արժանի մարդկանց,+ ովքեր նման են փառավոր նպատակի համար պատրաստված անոթների: 24 Խոսքը մեր մասին է՝ նրանց, ում Աստված կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլև մյուս ազգերի:+ 25 Օսեեի գրքում նա ասում է. «Նրան, ով իմ ժողովուրդը չէ,+ «իմ ժողովուրդ» կկոչեմ, և նրան, ով սիրելի չէր, «սիրելի» կկոչեմ,+ 26 և որտեղ նրանց ասվեց՝ «Դուք իմ ժողովուրդը չեք», այնտեղ նրանք «կենդանի Աստծու որդիներ» կկոչվեն»:+
27 Իսկ Եսայիան Իսրայելի մասին ցավով ասում է. «Անգամ եթե իսրայելացիները ծովի ավազի չափ շատ լինեն, միայն մի փոքր մնացորդ կփրկվի:+ 28 Եհովան* հաշիվ կպահանջի երկրի վրա բնակվողներից և իր դատավճիռը կիրագործի անհապաղ ու վերջնականապես»:+ 29 Եսայիան նաև ավելացնում է. «Եթե Զորքերի տեր Եհովան մեր սերունդներից ոմանց ողջ չթողներ, մեր վերջը Սոդոմի ու Գոմորի պես կլիներ»:+
30 Եվ ուրեմն ի՞նչ հետևության ենք գալիս: Թեև ուրիշ ազգերի մարդիկ չէին ջանում արդար համարվել,+ բայց արդար համարվեցին հավատի հիման վրա:+ 31 Մինչդեռ իսրայելացիները, որ ջանում էին արդար համարվել՝ պահելով Օրենքը,* չկարողացան հասնել այդ նպատակին: 32 Ի՞նչն էր պատճառը: Պատճառն այն էր, որ նրանք ձգտում էին հասնել այդ նպատակին գործերի միջոցով, ոչ թե հավատով: Ուստի նրանք սայթաքեցին՝ բախվելով «գայթակղության քարին»,+ 33 որի մասին գրված է. «Սիոնում ես գայթակղության քար+ եմ դնում՝ ժայռ, որը խոչընդոտ է նրանց ճանապարհին, բայց նրան հավատացողը չի հիասթափվի»:+