Փողի ետևից ընկնելը կարո՞ղ է հիվանդ դարձնել
ԵԹԵ վաղը դու հարստանաս, ի՞նչ կանես։ Ավելի քիչ կաշխատես ու կվայելես կյա՞նքը։ Կթողնես գործդ և ավելի շատ ժամանա՞կ կանցկացնես ընտանիքիդ ու ընկերներիդ հետ։ Այնպիսի կարիերա կսկսես, որը քեզ իրոք բավականությո՞ւն կպատճառի։ Հետաքրքիր է, սակայն, որ շատ մարդիկ, ովքեր հարստանում են, այսպես չեն վարվում։ Փոխարենը՝ իրենց մնացած կյանքը նվիրում են ավելի շատ փող վաստակելուն և արդյունքում կա՛մ իրենց նոր պարտքերն են վճարում, կա՛մ էլ պարզապես հարստանում են։
Մինչդեռ ոմանք, ովքեր կյանքի այսպիսի ընթացք են բռնել, այն կարծիքին են, որ նյութապաշտությունը վնասակար ազդեցություն է թողել իրենց առողջության վրա, քայքայել է ընտանեկան կյանքը և ազդել իրենց երեխաների բարոյականության վրա։ Վերջին ժամանակներս գրքերը, հոդվածները, հեռուստատեսային հաղորդումներն ու տեսաֆիլմերը շարունակ զգուշացնում են, որ մարդիկ չընկնեն ծայրահեղությունների մեջ և նյութապաշտ կյանքի փոխարեն՝ քաջալերում են ապրել պարզ կյանքով։ Մի շարք աղբյուրներ նշում են, որ նյութապաշտական ձգտումներով տարվելը կարող է անհատին մտային, էմոցիոնալ և նույնիսկ ֆիզիկական առումով հիվանդ անձնավորություն դարձնել։
Նյութապաշտության պատճառած վտանգների մասին հնում էլ է խոսվել։ Գրեթե 2 000 տարի առաջ Աստվածաշնչում գրվել է. «Նրանք, որ մտադրվել են հարստանալ, ընկնում են փորձության և որոգայթի, բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց ընկղմում են կործանման և կորստի մեջ։ Որովհետև բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք շեղվեցին հավատից և ամեն կողմից իրենց շատ ցավերով խոցեցին» (1 Տիմոթեոս 6։9, 10)։
Սակայն արդյո՞ք ճշմարիտ են այս խոսքերը։ Արդյո՞ք նրանք, ովքեր իրենց կյանքի գլխավոր նպատակը փողն ու նյութական ունեցվածքն են դարձրել, իրականում մեծ վնասներ են կրում։ Թե՞ նրանք ամեն ինչ ունեն՝ հարստություն, առողջություն և երջանիկ ընտանիք։ Այս հարցերի պատասխանները կգտնենք հաջորդ հոդվածում։