Գլուխ 62
Խոնարհության դաս
ՓԻԼԻՊՊՈՍԻ Կեսարիայի շրջակայքում դիվահար տղային բուժելուց հետո Հիսուսը ցանկանում է վերադառնալ տուն՝ Կափառնայում։ Սակայն նա ուզում է ճանապարհին մենակ լինել իր աշակերտների հետ, որպեսզի կարողանա շարունակել պատրաստել նրանց իր մահվանը, ինչպես նաև այն պատասխանատվություններին, որ նրանք հետագայում ստանալու են։ «Մարդու Որդին պիտի մարդկանց ձեռքը մատնվի,— բացատրում է նա,— և նրանք կսպանեն նրան, ու թեպետ նա կսպանվի, բայց երեք օր հետո հարություն կառնի»։
Հիսուսը արդեն խոսել էր այդ մասին և, փաստորեն, առաքյալներից երեքը տեսել էին նրա այլակերպությունը, որի ժամանակ նա ասել էր իր «հեռանալու» մասին։ Սակայն Հիսուսի հետևորդները դեռևս չեն հասկանում նրա խոսքերի իմաստը։ Եվ չնայած նրանցից ոչ մեկը չի փորձում ժխտել այն, որ Հիսուսը սպանվելու է, ինչպես ավելի վաղ արեց Պետրոսը, բայցևայնպես նրանք վախենում են հարցեր տալ։
Ի վերջո նրանք գալիս են Կափառնայում, որը Հիսուսի ծառայության ընթացքում ելակետային վայր է դարձել։ Կափառնայումը նաև Պետրոսի և մի քանի այլ առաքյալների հայրենի քաղաքն է։ Այնտեղ Պետրոսին են մոտենում տաճարի հարկ հավաքողները։ Թերևս փորձելով դրդել Հիսուսին խախտելու ընդունված սովորությունը՝ նրանք հարցնում են.
— Ձեր ուսուցիչը չի՞ վճարում տաճարի տուրքը [երկու դրախման]։
— Վճարում է,— պատասխանում է Պետրոսը։
Հիսուսը, որը գուցե մի փոքր ավելի ուշ է տուն եկել, տեղյակ է պատահածի մասին։ Ուստի մինչ Պետրոսը կհասցնի տեղեկացնել նրան այդ մասին, նա հարցնում է.
— Սիմո՛ն, ի՞նչ ես կարծում, երկրի թագավորները ումի՞ց են տուրք և գլխահարկ վերցնում։ Իրենց որդիների՞ց, թե՞ օտարներից։
— Օտարներից,— պատասխանում է Պետրոսը։
— Ապա ուրեմն որդիներն ազատված են հարկերից,— ասում է Հիսուսը։
Քանի որ Հիսուսի Հայրը տիեզերքի Թագավորն է՝ մեկը, որին երկրպագում են տաճարում, ուստի իրավական տեսանկյունից Աստծու Որդին պարտավոր չէ վճարել տաճարի հարկը։ «Բայց որպեսզի նրանց համար գայթակղության պատճառ չլինենք,— ասում է Հիսուսը,— գնա՛ ծովը, կարթը գցի՛ր և վերցրո՛ւ դուրս եկած առաջին ձուկը, ու երբ բաց անես նրա բերանը, այնտեղ մի սատեր [չորս դրախմա] կգտնես։ Վերցրո՛ւ և տո՛ւր նրանց իմ ու քո տեղը»։
Կափառնայում վերադառնալուց հետո, երբ աշակերտները հավաքվում են մեկտեղ՝ հավանաբար Պետրոսի տանը, հարցնում են նրան. «Ո՞վ է մեծ երկնքի թագավորության մեջ»։ Հիսուսը գիտի, թե ինչու են տալիս այդ հարցը։ Նա տեղյակ է, թե իր հետևից քայլելով նրանք ինչ էին խոսում իրար մեջ, երբ վերադառնում էին Փիլիպպոսի Կեսարիայից։ Ուստի Հիսուսը հարցնում է. «Ինչի՞ մասին էիք վիճում ճանապարհին»։ Աշակերտները շփոթվում են և լռում, քանի որ նրանք վիճում էին այն մասին, թե իրենցից ով է լինելու ամենամեծը։
Արդյոք անհավատալի՞ է թվում, որ երեք տարի շարունակ Հիսուսի կողմից ուսուցանվելուց հետո աշակերտները կարող էին վիճել նման հարցի շուրջ։ Սա ցույց է տալիս, թե մարդու վրա ինչ մեծ ազդեցություն կարող է ունենալ անկատարությունը, ինչպես նաև կրոնական դաստիարակությունը։ Հրեական կրոնը, որի մեջ դաստիարակվել էին աշակերտները, ամեն հարցում մեծ շեշտ էր դնում պաշտոնի և դիրքի վրա։ Գուցե Պետրոսը իրեն մյուսներից վեր էր դասում այն պատճառով, որ Հիսուսը խոստացել էր նրան տալ Թագավորության «բանալիները»։ Իսկ Հակոբոսն ու Հովհաննեսը թերևս նույն զգացումներն ունեին, քանի որ առանձնաշնորհում էին ունեցել տեսնելու Հիսուսի այլակերպությունը։
Անկախ նրանից, թե որն է պատճառը՝ Հիսուսը ազդեցիկ կերպով ջանում է ուղղել նրանց մտածելակերպը։ Նա կանչում է մի երեխայի, կանգնեցնում է նրանց մեջտեղը, գրկում է նրան և ասում. «Եթե չփոխվեք ու չդառնաք երեխաների նման, դուք բնավ չեք մտնի երկնքի թագավորությունը։ Ուստի ով որ իր անձը խոնարհեցնի այս երեխայի նման, նա է մեծ երկնքի թագավորության մեջ, և ով որ մի այսպիսի երեխայի է ընդունում իմ անունով, ինձ է ընդունում»։
Ի՜նչ հիանալի կերպով է Հիսուսը ուղղում իր աշակերտներին։ Նա չի բարկանում և նրանց չի անվանում մեծամիտ, ագահ կամ փառասեր։ Դրա փոխարեն՝ երեխաների օրինակով նա շտկում է աշակերտների սխալ մտածելակերպը։ Երեխաները համեստ են և զերծ փառասիրությունից։ Նրանք սովորաբար չեն մտածում, թե իրենց մեջ ով ավելի բարձր դիրք ունի։ Այսպիսով՝ Հիսուսը ցույց է տալիս, որ իր աշակերտները պետք է զարգացնեն խոնարհ երեխաներին բնորոշ այս հատկությունները։ Նա եզրափակում է. «Ով փոքրի պես է վարվում ձեր բոլորի մեջ, նա է մեծ»։ Մատթեոս 17:22–27; 18:1–5; Մարկոս 9:30–37; Ղուկաս 9:43–48։
▪ Կափառնայում վերադառնալիս ինչի՞ մասին է դարձյալ խոսում Հիսուսը, և ինչպե՞ս է դա ընդունվում։
▪ Ինչո՞ւ Հիսուսը պարտավոր չէ վճարել տաճարի հարկը, սակայն ինչո՞ւ է վճարում։
▪ Հավանաբար ո՞րն էր աշակերտների վեճի պատճառը, և ինչպե՞ս է Հիսուսը ուղղում նրանց։