Գլուխ 68
Շարունակում է ուսուցանել յոթերորդ օրը
ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ տոնի վերջին, այսինքն՝ յոթերորդ օրը դեռ ընթացքի մեջ է։ Հիսուսը սովորեցնում է տաճարի այն մասում, որն անվանում են «գանձատուն»։ Դա հավանաբար այն հատվածում է, որը կոչվում է կանանց գավիթ։ Այդտեղ են գտնվում գանձանակները, որտեղ մարդիկ նվիրաբերություններ են գցում։
Տոնակատարության ժամանակ ամեն գիշեր տաճարի այս հատվածը յուրահատուկ կերպով է լուսավորվում։ Չորս հսկա ճրագակալներ են դրվում այստեղ, որոնցից յուրաքանչյուրի վրա յուղով լցված չորս մեծ ճրագամաններ կան։ 16 ճրագամաններից արձակվող լույսը այնքան ուժեղ է, որ գիշերով կարող է մեծ տարածություն լուսավորել։ Այն, ինչ այժմ ասում է Հիսուսը, իրեն լսողներին կարող է հիշեցնել այդ տեսարանը։ «Ե՛ս եմ աշխարհի լույսը,— հայտարարում է Հիսուսը։— Նա, ով իմ հետևից է գալիս, այլևս երբեք խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կունենա»։
Փարիսեցիները առարկում են. «Դո՛ւ ես քո մասին վկայում, քո վկայությունը ճշմարիտ չէ»։
Ի պատասխան Հիսուսն ասում է. «Նույնիսկ եթե ե՛ս եմ իմ մասին վկայում, իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև ես գիտեմ, թե որտեղից եմ եկել և ուր եմ գնում։ Բայց դուք չգիտեք, թե ես որտեղից եմ եկել և ուր եմ գնում»։ Այնուհետև նա ավելացնում է.
— Ե՛ս եմ, որ վկայում եմ իմ մասին, և իմ մասին վկայում է Հայրը, որն ուղարկեց ինձ։
— Որտե՞ղ է քո Հայրը,— ցանկանում են իմանալ փարիսեցիները։
— Դուք ո՛չ ինձ եք ճանաչում, ո՛չ էլ իմ Հորը,— պատասխանում է Հիսուսը։— Եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ կճանաչեիք։
Թեև փարիսեցիները դեռ ցանկանում են ձերբակալել Հիսուսին, սակայն ոչ ոք ձեռք չի տալիս նրան։
— Ես հեռանում եմ,— կրկին ասում է Հիսուսը։— Ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ։
Այդ ժամանակ հրեաները սկսում են մտածել. «Մի՞թե ինքն իրեն սպանելու է։ Որովհետև ասում է, թե՝ «ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ»»։
Հիսուսը բացատրում է. «Դուք ներքևից եք, ես վերևից եմ։ Դուք այս աշխարհից եք, ես այս աշխարհից չեմ»։ Իսկ հետո ավելացնում է. «Եթե չհավատաք, որ ես հենց նա եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ»։
Անշուշտ, Հիսուսը նկատի ունի իր մինչմարդկային գոյությունը և այն, որ նա խոստացված Մեսիան է, կամ՝ Քրիստոսը։ Սակայն նրանք, ըստ երևույթին արհամարհանքով, հարցնում են. «Դու ո՞վ ես»։
Քանի որ իրեն բացահայտորեն չեն ընդունում, Հիսուսը պատասխանում է. «Ինչո՞ւ եմ ես ընդհանրապես խոսում ձեզ հետ»։ Ապա շարունակում է. «Նա, ով ուղարկեց ինձ, ճշմարիտ է, և ինչ որ լսել եմ նրանից, ա՛յն եմ խոսում աշխարհում»։ Այնուհետև ավելացնում է. «Երբ որ մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ կիմանաք, որ ես հենց նա եմ և որ ինքս ինձանից ոչինչ չեմ անում, այլ ինչպես որ Հայրը սովորեցրեց ինձ, ա՛յն եմ խոսում։ Եվ նա, ով ինձ ուղարկեց, ինձ հետ է. նա ինձ մենակ չի թողել, որովհետև ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում»։
Երբ Հիսուսն ասում է այս խոսքերը, շատերը սկսում են հավատալ նրան։ Այդ մարդկանց նա ասում է.
— Եթե մնաք իմ խոսքի մեջ, ուրեմն իրոք որ իմ աշակերտներն եք, և ճշմարտությունը կիմանաք, ու ճշմարտությունը կազատի ձեզ։
— Մենք Աբրահամի սերունդն ենք,— առարկում են իր հակառակորդները,— և ոչ մեկի ծառաները երբեք չենք եղել։ Այդ ինչպե՞ս ես ասում՝ «դուք ազատ կլինեք»։
Թեև հրեաները հաճախ գտնվել են օտարների տիրապետության տակ, սակայն նրանք ոչ մի բռնապետի երբեք չեն ընդունել որպես տիրոջ։ Նրանք հրաժարվում են ծառա կոչվելուց։ Բայց Հիսուսը պարզ ցույց է տալիս, որ նրանք իսկապես ծառաներ են։ Ինչպե՞ս։ Նա բացատրում է. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ամեն ոք, ով մեղք է գործում, մեղքի ծառա է»։
Հրաժարվելով ընդունել մեղքի ծառա լինելու փաստը՝ հրեաները իրենց դնում են վտանգավոր կացության մեջ։ «Ծառան հավիտյան չի մնում տան մեջ,— ասում է Հիսուսը,— որդին է հավիտյան մնում»։ Քանի որ ծառան ժառանգության իրավունքներ չունի, ցանկացած պահին նրան կարող են վռնդել։ Միայն հարազատ կամ որդեգրված որդին կարող է մնալ «հավիտյան», այսինքն՝ ամբողջ կյանքի ընթացքում։
«Հետևաբար, եթե Որդին ազատի ձեզ,— շարունակում է Հիսուսը,— դուք իսկապես ազատ կլինեք»։ Եվ այսպես՝ ճշմարտությունը, որն ազատում է մարդկանց, ճշմարտությունն է Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին։ Միայն նրա կատարյալ մարդկային կյանքի զոհաբերության շնորհիվ է, որ մարդը կարող է ազատվել մահաբեր մեղքից։ Հովհաննես 8:12–36։
▪ Որտե՞ղ է Հիսուսը սովորեցնում յոթերորդ օրը։ Ի՞նչ է արվում այնտեղ գիշերները, և ի՞նչ առնչություն ունի դա Հիսուսի սովորեցրածի հետ։
▪ Հիսուսն ի՞նչ է ասում իր ծագման մասին, և դա ի՞նչ է բացահայտում նրա ինքնության վերաբերյալ։
▪ Ի՞նչ առումով են հրեաները ծառաներ, և ո՞ր ճշմարտությունը կազատի նրանց։