Գլուխ 74
Խորհուրդ՝ Մարթային, և հրահանգներ աղոթքի վերաբերյալ
ՀՐԵԱՍՏԱՆՈՒՄ քարոզելու ընթացքում Հիսուսը մտնում է Բեթանիա գյուղը։ Այնտեղ են ապրում Մարթան, Մարիամը և նրանց եղբայր Ղազարոսը։ Հնարավոր է՝ Հիսուսը ավելի վաղ հանդիպել էր նրանց իր ծառայության ընթացքում, և նրանք արդեն մոտ ընկերներ են դարձել։ Ամեն դեպքում, այժմ Հիսուսը գնում է Մարթայի տուն, որն ուրախությամբ ընդունում է նրան։
Մարթան շատ է ուզում Հիսուսին հյուրասիրել իր տանը եղած ամենալավ բաներով։ Իրոք որ, մեծ առանձնաշնորհում է հյուրընկալել խոստացյալ Մեսիային։ Ուստի նա տարվում է ընտիր ուտեստներ պատրաստելով և հետևում է, որ ամեն ինչ լինի այնպես, որ Հիսուսն իրեն հարմարավետ ու լավ զգա։
Իսկ Մարթայի քույրը՝ Մարիամը, նստում է Հիսուսի ոտքերի մոտ և լսում նրան։ Քիչ հետո գալիս է Մարթան և Հիսուսին ասում. «Տե՛ր, հոգդ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել այս գործերի մեջ։ Ուրեմն ասա՛ նրան, որ օգնի ինձ»։
Բայց Հիսուսը հարկ չի համարում որևէ բան ասել Մարիամին։ Ընդհակառակը՝ նա խորհուրդ է տալիս Մարթային չափազանց չմտահոգվել նյութական բաներով։ «Մա՛րթա, Մա՛րթա,— մեղմորեն հանդիմանում է նա,— դու շատ բաների մասին ես մտահոգվում և անհանգստանում։ Մինչդեռ քիչ բան է պետք, կամ ընդամենը՝ մեկ բան»։ Հիսուսն ասում է, որ անհրաժեշտ չէ շատ ժամանակ ծախսել տարբեր ճաշատեսակներ պատրաստելու համար։ Ընդամենը մի քանի կամ նույնիսկ մեկ ճաշատեսակը բավական է։
Մարթան լավ մղումներ ունի. նա ցանկանում է հյուրասեր լինել։ Սակայն նյութական բաների համար անհանգստանալով՝ նա բաց է թողնում անձնապես Աստծու Որդուց ուսուցանվելու հնարավորությունը։ Ուստի Հիսուսն իր խոսքն ավարտում է՝ ասելով. «Իսկ Մարիամը լավ բաժինն ընտրեց, և այն չի վերցվի նրանից»։
Հետագայում մի առիթով աշակերտներից մեկը խնդրում է Հիսուսին. «Տե՛ր, սովորեցրու մեզ, թե ինչպես պետք է աղոթել, ինչպես որ Հովհաննեսն էլ իր աշակերտներին սովորեցրեց»։ Հնարավոր է, որ այս աշակերտը ներկա չէր եղել, երբ մոտ մեկուկես տարի առաջ Լեռան քարոզում Հիսուսը սովորեցրել էր տիպար աղոթքը։ Ուստի Հիսուսը կրկնում է այն, ապա մի օրինակ է բերում ընդգծելու համար աղոթքներում հաստատակամ լինելու կարևորությունը։
«Ձեզանից ո՞ր մեկը, որ եթե ընկեր ունենա,— սկսում է Հիսուսը,— և կեսգիշերին գնա նրա մոտ ու ասի՝ «ընկե՛ր, պարտքով երեք հաց տուր ինձ, որովհետև ընկերս ճանապարհից հենց նոր ինձ մոտ եկավ, և ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ», իսկ նա ներսից պատասխանի՝ «ինձ մի՛ անհանգստացրու։ Դուռն արդեն կողպված է, և երեխաներս էլ ինձ հետ անկողնում են։ Չեմ կարող վեր կենալ ու քեզ ինչ–որ բան տալ»։ Ասում եմ ձեզ. թեև նրա ընկերը լինելու համար նա վեր չկենա և ոչինչ չտա, սակայն նրա հաստատակամության համար անշուշտ վեր կկենա և կտա նրան պետք եղածը»։
Այս համեմատությունն անելով՝ Հիսուսը նկատի չունի այն, որ Եհովա Աստված չի ցանկանում պատասխանել մեր խնդրանքներին, ինչպես օրինակի միջի ընկերը։ Նա ուզում է ասել, որ եթե չկամեցող ընկերն է պատասխանում հաստատակամ խնդրանքներին, ապա որքան առավել մեր սիրառատ երկնային Հայրը կպատասխանի։ Այդ պատճառով նա ասում է. «Ուստի ասում եմ ձեզ. շարունակե՛ք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակե՛ք փնտրել, և կգտնեք, շարունակե՛ք թակել, և կբացվի ձեզ համար։ Քանի որ ամեն խնդրող ստանում է, ամեն փնտրող գտնում է, և ամեն թակողի համար կբացվի»։
Այնուհետև անկատար, մեղավոր մարդկանց մասին խոսելով՝ Հիսուսն ասում է. «Եվ իրոք, ձեր միջից ո՞ր հայրն է, որ եթե նրա որդին ձուկ խնդրի, օձ կտա նրան ձկան փոխարեն։ Կամ եթե նա ձու խնդրի, կարի՞ճ կտա նրան։ Ուրեմն եթե դուք, չար լինելով, գիտեք, թե ինչպես բարի պարգևներ տաք ձեր երեխաներին, ապա որքա՛ն առավել Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն»։ Այո՛, Հիսուսի օրինակները ազդեցիկ կերպով շեշտում են աղոթքներում հաստատակամ լինելու արևորությունը։ Ղուկաս 10։38–11։13։
▪ Ինչո՞ւ է Մարթան մեծ պատրաստություններ տեսնում Հիսուսի համար։
▪ Ի՞նչ է անում Մարիամը, և ինչո՞ւ է Հիսուսը գովում նրան և ոչ թե Մարթային։
▪ Ի՞նչն է մղում Հիսուսին կրկնել աղոթքի վերաբերյալ հրահանգները։
▪ Ինչպե՞ս է Հիսուսը պարզաբանում աղոթքներում հաստատակամ լինելու անհրաժեշտությունը։