Դաս 10
Աստծուն ատելի գործեր
Ինչպե՞ս վերաբերվել այն ամենին, ինչը Աստված վատ է համարում (1)
Սեռական վարքի ո՞ր ձևերն են սխալ (2)
Ինչպիսի՞ն պիտի լինի քրիստոնյայի վերաբերմունքը հանդեպ սուտը (3) մոլեխաղերը (3) գողությունը (3) բռնությունը (4) ոգեհարցությունը (5) հարբեցողությունը (6)
Ինչպե՞ս կարելի է այդպիսի սովորություններից ու գործերից ազատվել (7)
1. Աստծուն ծառայողները սիրում են բարին։ Սակայն, նրանք պարտավոր են սովորել նաև չարն ատել (Սաղմոս 97։10)։ Հետևաբար, նրանք պետք է խուսափեն այն գործերից, որոնք Աստված ատում է։ Որո՞նք են դրանցից մի քանիսը։
2. Պոռնկությունը։ Ամուսնությունից առաջ սեռային հարաբերությունները, շնությունը, անասնապղծությունը, արյունապղծությունը, համասեռամոլությունը՝ բոլորն էլ Աստծո առաջ ծանր մեղքեր են (Ղեւտացոց 18։6; Հռովմայեցիս 1։26, 27; Ա Կորնթացիս 6։9, 10)։ Ապօրինի կենակցող զույգը պետք է բաժանվի կամ օրինական կերպով գրանցվի (Եբրայեցիս 13։4)։
3. Սուտը, մոլեխաղերը, գողությունը։ Եհովան անսուտ Աստված է (Տիտոս 1։2)։ Ով ուզում է նրա հավանությանն արժանանալ, պարտավոր է ստելուց խուսափել (Առակաց 6։16–19; Կողոսացիս 3։9, 10)։ Մոլեխաղի ամեն մի ձև վարակված է ագահությամբ։ Ուստի քրիստոնյաները չեն մասնակցում այնպիսի բախտախաղերին, ինչպիսիք են՝ վիճակախաղերը, ձիարշավի վրա գրազ գալը և բինգոն (Եփեսացիս 5։3–5)։ Քրիստոնյաները նաև չեն գողանում։ Նրանք գողացված ապրանք չեն գնում, և, առանց թույլտվության՝ իրեր չեն վերցնում (Ելից 20։15; Եփեսացիս 4։28)։
4. Զայրույթի պոռթկումները, բռնությունը։ Անզուսպ բարկությունը կարող է բռնության դրդել (Ծննդոց 4։5–8)։ Բռնություն սիրողը չի կարող Աստծո բարեկամը լինել (Սաղմոս 11։5, Արևմտ. Աստ.; Առակաց 22։24, 25)։ Վրեժ լուծելը կամ չարության դիմաց չարով հատուցելը սխալ է (Առակաց 24։29; Հռովմայեցիս 12։17–21)։
5. Կախարդությունը և ոգեհարցությունը։ Ոմանք դիմում են ոգիների զորությանը՝ փորձելով հիվանդություններ բուժել։ Ուրիշները հմայում են իրենց թշնամիներին՝ նրանց հիվանդացնելու, նույնիսկ սպանելու նպատակով։ Այդ բոլոր գործերի ետևում Սատանան է կանգնած։ Ուստի, քրիստոնյաները չպետք է մասնակցեն դրանցից ոչ մեկին (Բ Օրինաց 18։9–13)։ Ինչ–որ մեկի կախարդանքների դեմ լավագույն պաշտպանությունը Եհովային մոտիկ մնալն է (Առակաց 18։10)։
6. Հարբեցողությունը։ Գինի, գարեջուր կամ այլ ոգելից խմիչքների չափավոր օգտագործումը սխալ չէ (Սաղմոս 104։15; Ա Տիմոթէոս 5։23)։ Սակայն Աստված դատապարտում է հարբեցողությունը (Ա Կորնթացիս 5։11–13; Ա Տիմոթէոս 3։8)։ Չափից շատ խմելը կարող է քայքայել ձեր օրգանիզմը և վնաս հասցնել ձեր ընտանիքին։ Դրա պատճառով կարող եք նաև, առանց վարանելու, ուրիշ գայթակղությունների ենթարկվել (Առակաց 23։20, 21, 29–35)։
7. Նրանք, ովքեր անում են այնպիսի բաներ, որոնք Աստված չար է համարում, «Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ» (Գաղատացիս 5։19–21)։ Դուք կարող եք այդպիսի գործերից ազատվել, եթե իսկապես սիրում եք Աստծուն և ուզում եք նրան դուր գալ (Ա Յովհաննէս 5։3)։ Սովորե՛ք ատել այն ամենը, ինչ Աստված չար է համարում (Հռովմայեցիս 12։9)։ Ընկերացե՛ք այն մարդկանց հետ, ովքեր աստվածահաճո սովորություններ ունեն (Առակաց 13։20)։ Հասուն քրիստոնյա ընկերակիցները կարող են օգնության աղբյուր լինել (Յակոբոս 5։14)։ Այս ամենի հետ մեկտեղ՝ ապավինե՛ք Աստծո օգնությանը աղոթելով (Փիլիպպեցիս 4։6, 7, 13)։
[Նկարազարդում 20–րդ էջի վրա]
Աստված ատում է հարբեցողությունը, գողությունը, մոլեխաղերը և բռնությունը