Հավելված Բ
«ՌՆԹ–ի աշխարհի՞ց», թե՞ մեկ այլ աշխարհից
ԴՆԹ–ՌՆԹ–սպիտակուց փոխազդեցության բացատրությունը տալու հարցում անելանելի դրության մեջ ընկնելով՝ որոշ հետազոտողներ առաջարկեցին «ՌՆԹ–ի աշխարհի» տեսությունը։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։ Այդ հետազոտողները արդեն չեն ապացուցում ԴՆԹ–ի, ՌՆԹ–ի և սպիտակուցների միաժամանակ ծագումը, այլ ասում են, որ կյանքի առաջին կայծը եղել է ՌՆԹ–ն։ Հիմնավորվա՞ծ է արդյոք այս տեսությունը։
1980–ականներին հետազոտողներն իրենց լաբորատորիաներում հայտնաբերեցին, որ ՌՆԹ–ի մոլեկուլները կարող են գործել որպես ֆերմենտներ՝ բաժանվելով երկու մասի, ապա՝ դարձյալ միանալով։ Ուստի, առաջ եկավ այն տեսությունը, թե ՌՆԹ–ն եղել է առաջին ինքնավերարտադրվող մոլեկուլը։ Ենթադրվում էր, թե ժամանակի ընթացքում ՌՆԹ–ի մոլեկուլները սովորել են բջջաթաղանթներ կազմել և, վերջիվերջո, ՌՆԹ օրգանիզմը առաջ է բերել ԴՆԹ–ին։ «ՌՆԹ–ի աշխարհի կողմնակիցները,— գրում է Ֆիլ Քոհենը «Նյու սայենթիսթ»–ում,— գտնում են, որ իրենց տեսությունը պետք է ընդունել եթե ոչ իբրև սուրբ ճշմարտություն, ապա առնվազն որպես ճշմարտությանը ամենամոտ կանգնած գաղափար»։
Ոչ բոլոր գիտնականներն են ընդունում այս «սցենարը»։ «Սկեպտիկները,— նշում է Քոհենը,— փաստարկում են, որ չափազանց մեծ բաց է մնում փորձարարական խողովակում ՌՆԹ–ի մոլեկուլների մի փոքր ինքնաղճատման ակտի և այն հայտարարության միջև, թե ՌՆԹ–ն ի վիճակի է եղել ինքն իր ուժերով բջիջ կազմելու և Երկրի վրա կյանք հարուցելու»։
Ուրիշ խնդիրներ էլ կան։ Կենսաբան Կարլ Ուոզը գտնում է, որ «ՌՆԹ–ի աշխարհի տեսությունը.... օրհասական ձախողման է մատնված, քանի որ ոչ մի կերպ չի կարող բացատրել, թե որտեղից է հայտնվել ՌՆԹ–ի առաջին մոլեկուլներն առաջացնող էներգիան»։ Իսկ հետազոտողները երբեք չեն հայտնաբերել ՌՆԹ–ի գոնե մի մասնիկ, որն ի վիճակի է ինքնավերարտադրման պրոցեսը կատարելու զրոյից սկսած։ Բացի այդ, հարց է ծագում, թե որտեղի՞ց է սկիզբ առել առաջին ՌՆԹ–ն։ «Չնայած «ՌՆԹ–ի աշխարհի» տեսությունը տեղ է զբաղեցնում շատ դասագրքերում,— ասում է հետազոտող Գարի Օլսենը,— այն ընդամենը ենթադրության վրա հիմնված լավատեսություն է»։
Գիտնականների ընդունած մեկ այլ թեորիան էլ այն է, թե կյանքը մեր մոլորակի վրա դրվել է արտաքին տիեզերքից։ Սակայն այս տեսությունը բոլորովին էլ չի պատասխանում այն հարցին, թե ո՞րն է կյանքի սկիզբը։ «Արտաքին տիեզերքից կյանքի առաջացման տեսությունը,— նշում է գիտական գրող, հրապարակախոս Ռենսբերգերը,— պարզապես փոխում է առեղծվածի տեղը»։ Այն չի բացատրում կյանքի ծագումը, այլ շրջանցում է հարցը՝ ցույց տալով, որ կյանքը ծագել է մեկ այլ արեգակնային համակարգում կամ գալակտիկայում։ Իսկ բուն հարցը մնում է բաց։