ԳԼՈՒԽ 44
Մեր ընկերները նույնպես պետք է սիրեն Աստծուն
Ընկերն այն մարդն է, որի հետ սիրում ենք զրուցել և ժամանակ անցկացնել։ Սակայն շատ կարևոր է ճիշտ ձևով ընտրել ընկերներին։ Ի՞նչ ես կարծում, ո՞վ կարող է լինել մեր լավագույն ընկերը։ ~ Ճիշտ է, Եհովա Աստված։
Իսկապե՞ս հնարավոր է լինել Աստծո ընկերը։ ~ Աստվածաշնչում ասվում է, որ Աբրահամ անունով մի մարդ, որն ապրել է հազարավոր տարիներ առաջ, եղել է Եհովայի ընկերը (Յակոբոս 2։23)։ Գիտե՞ս, թե ինչու։ ~ Որովհետև նա հնազանդվել է Աստծուն։ Եվ հնազանդվել է նույնիսկ այն դեպքում, երբ նրա համար դժվար է եղել Աստծո ասածը կատարել։ Ուրեմն Եհովայի հետ ընկերանալու համար մենք պետք է անենք այն, ինչ նրան է հաճելի։ Այդպես էր վարվում Աբրահամը, այդպես էր վարվում նաև Մեծ Ուսուցիչը (Ծննդոց 22։1–14; Յովհաննէս 8։28, 29; Եբրայեցիս 11։8, 17–19)։
Իր առաքյալներին Հիսուսն ասաց. «Դուք իմ ընկերներն եք, եթե անեք ինչ որ ես պատվիրում եմ ձեզ» (Յովհաննէս 15։14)։ Քանի որ այն ամենը, ինչ Հիսուսը պատմում էր մարդկանց, գալիս էր Եհովայից, ուստի Հիսուսն ուզում էր ասել, որ իր ընկերներն այն մարդիկ էին, ովքեր կատարում էին այն, ինչ որ Աստված էր պատվիրել։ Այո՛, Հիսուսի բոլոր ընկերները սիրում էին Աստծուն։
Մեծ Ուսուցչի ամենամտերիմ ընկերներից էին նրա առաքյալները, որոնց նկարները կարող ես տեսնել այս գրքի 75–րդ էջի վրա։ Առաքյալները ճանապարհորդում էին Հիսուսի հետ ու օգնում նրան կատարելու քարոզչական գործը։ Հիսուսն իր ժամանակի մեծ մասը անցկացնում էր այդ մարդկանց հետ. նրանք միասին հաց էին ուտում, զրուցում էին Աստծո մասին և էլի ուրիշ շատ բաներ անում։ Բայց Հիսուսը բազմաթիվ ուրիշ ընկերներ էլ ուներ։ Երբեմն նա մնում էր նրանց տանը։ Նրանք միասին լավ ժամանակ էին անցկացնում։
Այդպիսի մի ընտանիք էր ապրում Երուսաղեմի մոտ գտնվող Բեթանիա գյուղում։ Հիշո՞ւմ ես, թե ովքեր էին այդ ընտանիքի անդամները։ ~ Մարիամը, Մարթան ու նրանց եղբայր Ղազարոսը։ Հիսուսն ասաց, որ Ղազարոսն իր ընկերն է (Յովհաննէս 11։1, 5, 11)։ Նա սիրում էր այդ ընտանիքի անդամներին և ուրախություն էր ստանում նրանց հետ շփվելուց, քանի որ Ղազարոսը, Մարիամը և Մարթան սիրում էին Եհովային ու ծառայում նրան։
Սա չի նշանակում, թե Հիսուսը վատ էր վերաբերվում նրանց, ովքեր չէին ծառայում Աստծուն։ Նա նրանց հետ էլ սիրալիր էր վարվում, նույնիսկ այցելում էր նման մարդկանց տները և հաց էր ուտում նրանց հետ։ Տեսնելով դա՝ ոմանք ասում էին, թե Հիսուսը «մաքսավորների և մեղավորների ընկերն է» (Մատթէոս 11։19)։ Իրականում, սակայն, Հիսուսն այդ մարդկանց տուն էր գնում ոչ թե այն պատճառով, որ հավանում էր նրանց ապրելակերպը, այլ որպեսզի նրանց հետ Եհովայի մասին խոսեր։ Հիսուսը փորձում էր օգնել, որ նրանք ետ դառնային իրենց վատ ճանապարհից և ծառայեին Աստծուն։
Մի օր նման բան տեղի ունեցավ Երիքով քաղաքում։ Երուսաղեմ գնալու ճանապարհին Հիսուսը անցնում էր այդ քաղաքի միջով։ Այնտեղ մի բազմություն էր հավաքվել։ Նրանց մեջ Զաքեոս անունով մի մարդ կար։ Նա ցանկանում էր տեսնել Հիսուսին, բայց քանի որ կարճահասակ էր, չէր կարողանում. հավաքված մարդիկ փակում էին նրա տեսադաշտը։ Ուստի Զաքեոսը վազելով առաջ անցավ ու բարձրացավ ծառը, որպեսզի կարողանար տեսնել Հիսուսին, երբ նա անցներ այդտեղով։
Երբ Հիսուսը մոտեցավ այդ ծառին, բարձրացրեց գլուխն ու ասաց. «Շո՛ւտ իջիր ծառից, որովհետև այսօր քո տուն եմ գալու»։ Բայց Զաքեոսը, որ մի հարուստ մարդ էր, կյանքում վատ գործեր էր արել։ Ինչո՞ւ էր Հիսուսն ուզում գնալ այդպիսի մարդու տուն, ի՞նչ ես կարծում։ ~
Իհարկե, պատճառը ոչ թե այն էր, որ Հիսուսին դուր էր գալիս Զաքեոսի ապրելակերպը, այլ այն, որ նա ուզում էր զրուցել Աստծո մասին։ Հիսուսը տեսավ, թե որքան ջանք թափեց այդ մարդը՝ իրեն տեսնելու համար, ուստի մտածեց, որ Զաքեոսը հավանաբար կլսի իրեն։ Դա հարմար առիթ էր, որ Հիսուսը նրան ասեր, թե ըստ Աստծո՝ մարդիկ ինչպես պետք է ապրեին։
Ի՞նչ ես կարծում, ի՞նչ արդյունքներ բերեց դա։ ~ Զաքեոսին դուր եկան Հիսուսի ուսուցումները։ Նա խորապես զղջաց այն բանի համար, որ խաբել է մարդկանց։ Զաքեոսը խոստացավ վերադարձնել այն դրամը, որ առանց իրավունքի վերցրել էր նրանցից։ Հետո նա դարձավ Հիսուսի հետևորդը։ Եվ միայն այդ ժամանակ Հիսուսն ու Զաքեոսը ընկերացան (Ղուկաս 19։1–10)։
Մեծ Ուսուցչից ի՞նչ ենք սովորում. կարո՞ղ ենք գնալ այնպիսի մարդկանց տուն, ովքեր մեր ընկերները չեն։ ~ Այո, կարող ենք։ Բայց մեր գնալու պատճառը չի լինի այն, որ հավանում ենք նրանց վարքը։ Եվ բացի դրանից, կաշխատենք վատ օրինակ չվերցնել նրանցից։ Մենք կայցելենք այդպիսի մարդկանց, որպեսզի պատմենք նրանց Աստծո մասին։
Մտերիմ ընկերը այն անձնավորությունն է, որի հետ ժամանակ անցկացնելը մեզ հատկապես հաճելի է։ Ճիշտ կվարվենք, եթե որպես ընկեր ընտրենք այնպիսի մարդու, որին հավանում է Աստված։ Ոմանք գուցե նույնիսկ չգիտեն, թե ով է Եհովան։ Բայց եթե նրանք ուզում են սովորել Աստծո մասին, մենք կարող ենք օգնել նրանց այդ հարցում։ Ու երբ նրանք էլ սկսեն սիրել Եհովային, ինչպես որ մենք ենք սիրում, կարող ենք մտերիմ ընկերներ դառնալ նրանց հետ։
Մեկ ուրիշ ձևով էլ կարող ես որոշել՝ արդյոք տվյալ մարդը լավ ընկեր կլինի՞, թե՝ ոչ։ Ուշադրություն դարձրու նրա արարքներին։ Փորձիր նկատել, թե արդյոք նա չի՞ սիրում ուրիշների հետ չար կատակներ անել ու հետո ծիծաղել նրանց վրա։ Նման ձևով վարվելը սխալ է, այնպես չէ՞։ ~ Կամ ենթադրենք՝ նա միշտ չարություն է անում և հայտնվում է տհաճ իրավիճակներում։ Չէիր ցանկանա, չէ՞, նրա հետ ընկնել տհաճ պատմությունների մեջ։ ~ Կամ, արդյո՞ք նա դիտավորյալ վատ բաներ է անում, իսկ հետո պարծենում, որ չբռնվեց։ Նույնիսկ եթե ոչ ոք նրան չբռնի, չէ՞ որ Աստված տեսել է նրա արածը, այնպես չէ՞։ ~ Ի՞նչ ես կարծում, նման բաներ անող մարդիկ կարո՞ղ են լավ ընկերներ լինել մեզ համար։ ~
Այժմ վերցրու քո Աստվածաշունչը, և փորձենք միասին պարզել, թե ընկերները ինչ ազդեցություն կարող են ունենալ մարդու կյանքում։ Բացիր Ա Կորնթացիս 15–րդ գլխի 33–րդ խոսքը։ Գտա՞ր այն։ ~ Ահա թե ինչ է ասվում այնտեղ. «Մի՛ խաբվեք, չար ընկերակցություններն ապականում են բարի վարքերը»։ Սա նշանակում է, որ եթե մենք շփվենք վատ մարդկանց հետ, գուցե ինքներս էլ վատը դառնանք։ Եվ հակառակը՝ լավ ընկերները օգնում են, որ մենք լավը դառնանք և բարի վարք ունենանք։
Երբեք չմոռանանք, որ ամենակարևոր Անձնավորությունը մեր կյանքում Եհովան է։ Մի՞թե կուզենայինք վտանգի ենթարկել Եհովայի հետ ունեցած մեր մտերմությունը։ ~ Ուրեմն պետք է զգույշ լինենք, որպեսզի ընկերներ ընտրենք միայն այն մարդկանցից, ովքեր սիրում են Աստծուն։
Թե որքան կարևոր է ճիշտ ձևով ընկեր ընտրելը, երևում է նաև հետևյալ համարներից. Սաղմոս 119։115; Առակաց 13։20; Բ Տիմոթէոս 2։22 և Ա Յովհաննէս 2։15։