ԴԱՍ 26
Ինչպե՞ս ենք հոգ տանում մեր Թագավորության սրահի մասին
Եհովայի վկաների յուրաքանչյուր Թագավորության սրահ կրում է Աստծու սուրբ անունը։ Ուստի մենք հասկանում ենք, որ այն մաքուր և կոկիկ վիճակում պահելու պատասխանատվությունը առանձնաշնորհում է ու մեր սուրբ ծառայության կարևոր մասը։ Բոլորը կարող են իրենց ներդրումն ունենալ։
Հանդիպումներից հետո մաքրում ենք Սրահը։ Յուրաքանչյուր ժողովի հանդիպումից հետո մի քանի կամավոր եղբայրներ ու քույրեր ուրախությամբ մասնակցում են Թագավորության սրահի մաքրությանը։ Բացի այդ, շաբաթական մեկ անգամ ավելի մանրակրկիտ մաքրություն է արվում։ Երեցներից կամ ծառայող օգնականներից մեկը կոորդինացնում է աշխատանքը՝ սովորաբար հետևելով ցուցակին, որտեղ նշված է այն ամենը, ինչ պետք է արվի։ Տեղի կարիքների համաձայն՝ կամավորները ավլում, լվանում կամ փոշեծծում են հատակը, մաքրում են փոշիները, կարգի են բերում աթոռները, մաքրում և մանրէազերծում են զուգարանները, լվանում են պատուհաններն ու հայելիները, դատարկում են աղբամանները և մաքրում են բակն ու սիզամարգերը։ Առնվազն տարին մեկ անգամ մի օր տրամադրվում է մեծ մաքրությանը։ Նման աշխատանքներում մենք ընդգրկում ենք նաև մեր երեխաներին և այդպիսով սովորեցնում ենք նրանց հարգել մեր երկրպագության վայրերը (Ժողովող 5։1)։
Կատարում ենք վերանորոգման աշխատանքներ։ Ամեն տարի Թագավորության սրահի ներսն ու դուրսը ենթարկվում է մանրամասն ստուգման։ Հիմնվելով այդ ստուգման արդյունքների վրա՝ կանոնավորաբար կատարվում են նորոգման աշխատանքներ՝ սրահի տեխնիկան և գույքը լավ վիճակում պահելու համար, ինչն օգնում է խուսափելու ավելորդ ծախսերից (2 Տարեգրություն 24։13; 34։10)։ Մաքրման և վերանորոգման աշխատանքներում մեր ներդրումն ունենալով՝ ցույց ենք տալիս, որ մեզ համար թանկ են թե՛ Եհովան և թե՛ այն Սրահը, որտեղ երկրպագում ենք նրան (Սաղմոս 122։1)։ Մաքուր և կոկիկ վիճակում գտնվող Թագավորության սրահը համապատասխան վայր է մեր Աստծուն երկրպագություն մատուցելու համար։ Այն նաև դրական տպավորություն է թողնում շրջապատի մարդկանց վրա (2 Կորնթացիներ 6։3)։
Ինչո՞ւ չպետք է անտարբեր լինենք մեր երկրպագության վայրի հանդեպ։
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Թագավորության սրահը մաքուր պահելու համար։