ԲԱԺԻՆ 2
Թագավորության քարոզչությունը։ Բարի լուրը հռչակվում է ամբողջ աշխարհում
ՔՈ ՀԱՆԳՍՏՅԱՆ օրն է։ Արթնանում ես և հիշում, որ ծառայություն ունես ծրագրած։ Պատրաստվում ես գնալ, բայց հոգնածություն ես զգում։ Այնքա՜ն ես ուզում հանգիստ վայելել առավոտը։ Այնուամենայնիվ աղոթում ես և որոշում ես գնալ։ Այդ օրը ծառայում ես մի քրոջ հետ, ով երկար տարիների հավատարիմ քարոզիչ է։ Նրա տոկունությունն ու բարությունը հիացնում են քեզ։ Տնետուն ծառայելիս միտքդ է գալիս այն, որ ամբողջ աշխարհում քո եղբայրներն ու քույրերը նույն լուրն են քարոզում, օգտագործում են նույն գրականությունը և ստանում են նույն կրթությունը։ Դրանից հոգիդ ասես ջերմանում է։ Երբ արդեն վերադառնում ես տուն, զգում ես՝ որքա՜ն լի ես էներգիայով։ Ուրախ ես, որ չմնացիր տանը։
Աստծու Թագավորության ամենակարևոր գործը, որ իրականացվում է այսօր, քարոզչական գործն է։ Հիսուսը մարգարեացել էր, որ այն լայնամասշտաբ բնույթ է կրելու վերջին օրերում (Մատթ. 24։14)։ Ինչպե՞ս է իրականացել այդ մարգարեությունը։ Այս բաժնում կխոսենք այդ գործն իրականացնողների, նրանց օգտագործած մեթոդների և այն գործիքների մասին, որ կարևոր են ծառայության համար և օգնում են մարդկանց տեսնել, որ Աստծու Թագավորությունը իրական է։