ԳԼՈՒԽ 76
Ճաշում է փարիսեցու տանը
ՀԻՍՈՒՍԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿԵՂԾԱՎՈՐ ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԻՆ
Հիսուսը դեռ Հրեաստանում է։ Այստեղ մի փարիսեցի հրավիրում է նրան ճաշի (Ղուկաս 11։37, 38)։ Ճաշելուց առաջ փարիսեցիները կատարում են մի արարողություն. ձեռքերը լվանում են մինչև արմունկները։ Բայց Հիսուսը այդպես չի վարվում (Մատթեոս 15։1, 2)։ Ինչ խոսք, ձեռքերը մինչև արմունկները լվանալով՝ մարդը չի խախտում Աստծու Օրենքը։ Բայց Աստված նման արարողություն չի պահանջում։
Փարիսեցին զարմանում է՝ տեսնելով, որ Հիսուսը չի հետևում այդ ավանդույթին։ Հիսուսը նկատում է դա և ասում. «Դուք՝ փարիսեցիներդ, մաքրում եք բաժակի և ափսեի դրսի կողմը, իսկ ձեր ներսը լիքն է թալանով ու չարությամբ։ Անխոհեմնե՛ր։ Չէ՞ որ նա, ով ստեղծեց դրսի կողմը, ստեղծեց նաև ներսի կողմը» (Ղուկաս 11։39, 40)։
Հիսուսը չի խոսում այն մասին, թե արդյոք պետք է ձեռքերը լվանալ հաց ուտելուց առաջ, թե ոչ։ Նա ուզում է մերկացնել փարիսեցիների կեղծավորությունը։ Փարիսեցիները և մյուս մարդիկ ծիսականորեն լվանում են իրենց ձեռքերը, բայց չեն մաքրում իրենց սրտերը։ Ուստի Հիսուսը նրանց խորհուրդ է տալիս. «Ներսում եղածները տվեք որպես ողորմության նվերներ, և ձեր մնացած բոլոր բաներն էլ մաքուր կլինեն» (Ղուկաս 11։41)։ Իսկապես, «ողորմության նվերներ» պետք է տալ սրտանց, սիրուց մղված, ոչ թե ուրիշներին տպավորելու համար։
Հիսուսը նկատի չունի, թե այս մարդիկ ոչինչ չեն տալիս։ Նա ասում է. «Վա՜յ ձեզ, փարիսեցինե՛ր, որովհետև տալիս եք անանուխի, փեգենայի և մյուս բոլոր բանջարների տասանորդը, բայց Աստծու արդարադատությունն ու սերը զանց եք առնում։ Դուք պարտավոր էիք այս բաներն անել և մյուսները չթողնել» (Ղուկաս 11։42)։ Աստծու Օրենքը պահանջում էր հավաքված բերքից տասանորդ (մեկ տասներորդ մասը) վճարել (2 Օրենք 14։22)։ Տասանորդ պետք է վճարվեր նաև հավաքված անանուխից ու փեգենայից (խոտաբույսեր, որոնք օգտագործվում էին կերակուրը համեմելու համար)։ Փարիսեցիները բծախնդրորեն տալիս էին այդ խոտաբույսերի տասանորդը։ Բայց արդյոք կատարո՞ւմ էին Օրենքի ավելի կարևոր պահանջները, ինչպես, օրինակ, արդարություն դրսևորելը կամ Աստծու առաջ համեստ լինելը (Միքիա 6։8)։
Հիսուսը շարունակում է. «Վա՜յ ձեզ, փարիսեցինե՛ր, որովհետև սիրում եք ժողովարաններում առաջին աթոռները և հրապարակներում՝ ողջույնները։ Վա՜յ ձեզ, որովհետև դուք նման եք չերևացող գերեզմաններին, այնպես որ մարդիկ քայլում են դրանց վրայով և չեն իմանում» (Ղուկաս 11։43, 44)։ Այո՛, գուցե մարդիկ պատահականորեն ոտք դնեին չերևացող գերեզմանի վրա և ծիսականորեն անմաքուր դառնային։ Հիսուսն այդ օրինակով ուզում է ցույց տալ, որ փարիսեցիների անմաքրությունը արտաքուստ չի երևում (Մատթեոս 23։27)։
Օրենքից լավատեղյակ մի մարդ սկսում է դժգոհել՝ ասելով Հիսուսին. «Ուսուցի՛չ, այս բաներն ասելով՝ մեզ էլ ես վիրավորում»։ Բայց Օրենքից լավատեղյակ մարդիկ պետք է ընդունեն, որ իրենք հոգևորապես չեն օգնում մարդկանց։ Հիսուսն ասում է. «Ձե՛զ էլ վայ, Օրենքից լավատեղյակներիդ, որովհետև դժվար տանելի բեռներ եք դնում մարդկանց վրա, բայց մատով անգամ չեք դիպչում այդ բեռներին։ Վա՜յ ձեզ, որ շինում եք մարգարեների գերեզմանները, որոնց ձեր հայրերը սպանեցին» (Ղուկաս 11։45–47)։
Բեռները, որոնց մասին խոսում է Հիսուսը, հորինված բանավոր ավանդույթներն են և փարիսեցիների կողմից Օրենքի աղավաղված մեկնաբանությունները։ Այս մարդիկ չեն հեշտացնում ժողովրդի կյանքը։ Ընդհակառակը՝ նրանք պահանջում են, որ բոլորը պահեն ծանր բեռ դարձած այդ ավանդույթները։ Նրանց նախահայրերը սպանել են մարգարեներին՝ սկսած Աբելից։ Եվ այժմ այս մարդիկ, որոնք ձևացնում են՝ իբրև պատվում են մարգարեներին՝ գերեզմաններ շինելով նրանց համար, իրականում ընդօրինակում են իրենց նախահայրերի գործելակերպն ու մտածելակերպը։ Նրանք նույնիսկ ուզում են սպանել Աստծու մեծագույն Մարգարեին։ Հիսուսն ասում է, որ Աստված հաշիվ է պահանջելու այդ սերնդից։ Եվ դա տեղի է ունենում մոտ 38 տարի անց՝ մ.թ. 70-ին։
Հիսուսը շարունակում է. «Վա՜յ ձեզ, Օրենքից լավատեղյակներիդ, որ գիտելիքներ ձեռք բերելու բանալին վերցրել եք։ Դուք ինքներդ չեք մտել և մտնել ցանկացողներին էլ խանգարել եք» (Ղուկաս 11։52)։ Այդ մարդիկ պետք է ուսուցանեն Աստծու Խոսքը, այնինչ նրանք ոչ միայն չեն ուսուցանում այդ Խոսքը, այլև թույլ չեն տալիս, որ մարդիկ լսեն ու հասկանան այն։
Ինչպե՞ս են արձագանքում փարիսեցիներն ու դպիրները Հիսուսի խոսքերին։ Երբ Հիսուսը փարիսեցու տնից դուրս է գալիս, նրանք սկսում են զայրացած հակառակվել նրան և բազմաթիվ հարցեր տալ։ Սակայն հարցեր տալու նպատակը Հիսուսից ինչ-որ բան սովորելը չէ։ Նրանք ցանկանում են դրդել Հիսուսին, որ ասի այնպիսի մի բան, որի համար կարող են ձերբակալել նրան։