ԳԼՈՒԽ 100
Տասը մնասների առակը
ՀԻՍՈՒՍԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՏԱՍԸ ՄՆԱՍՆԵՐԻ ԱՌԱԿԸ
Հիսուսն ու իր աշակերտները հավանաբար դեռ Զաքեոսի տանն են։ Աշակերտները կարծում են, թե «Աստծու թագավորությունը» շուտով հաստատվելու է, և Հիսուսը դառնալու է Թագավոր (Ղուկաս 19։11)։ Նրանք այս հարցի վերաբերյալ սխալ պատկերացում ունեն։ Ուստի Հիսուսը մի առակ է պատմում, որպեսզի օգնի նրանց հասկանալու, որ մինչև Թագավորության հաստատվելը դեռ շատ ժամանակ կա։
Նա ասում է. «Մի ազնվատոհմ մարդ մեկնեց հեռավոր երկիր, որ թագավորական իշխանություն ստանա ու վերադառնա» (Ղուկաս 19։12)։ Դեպի հեռավոր երկիր ճամփորդելու համար, անկասկած, երկար ժամանակ է պահանջվում։ Հստակ է, որ Հիսուսն է այդ «ազնվատոհմ» մարդը, որը գնում է «հեռավոր երկիր», այսինքն՝ երկինք, որտեղ նրա Հայրը թագավորական իշխանություն է տալու նրան։
Առակի «ազնվատոհմ մարդը» նախքան մեկնելը կանչում է իր տասը ծառաներին, նրանցից յուրաքանչյուրին մեկական արծաթե մնաս է տալիս ու ասում. «Գործի մեջ դրեք, մինչև որ գամ» (Ղուկաս 19։13)։ Արծաթե մնասները մեծ արժեք ունեցող մետաղադրամներ են. մեկ մնասը հավասար է հողագործի՝ ավելի քան երեք ամսվա աշխատավարձին։
Աշակերտները թերևս հասկանում են, որ այդ առակի տասը ծառաները իրենք են, քանի որ Հիսուսը մեկ այլ առիթով իրենց արդեն նմանեցրել է հացահատիկի բերք հավաքողների (Մատթեոս 9։35–38)։ Սակայն Հիսուսը նրանց չի պատվիրել բառի բուն իմաստով հացահատիկի բերք հավաքել։ «Բերքը» այն մարդիկ են, ում աշակերտները կօգնեն դառնալու Հիսուսի հետևորդներ և տեղ ունենալու «Աստծու թագավորության» մեջ։ Աշակերտները իրենց ունեցած միջոցներն օգտագործում են Թագավորության նորանոր ժառանգորդներ գտնելու համար։
Ուրիշ ի՞նչ միտք է Հիսուսը հայտնում առակում։ Նա ասում է. «Համաքաղաքացիները ատում էին [ազնվատոհմ մարդուն] և նրա հետևից մի խումբ դեսպաններ ուղարկեցին՝ ասելու. «Մենք չենք ուզում, որ այս մարդը մեզ վրա թագավոր լինի»» (Ղուկաս 19։14)։ Աշակերտները գիտեն, որ հրեաները չեն ընդունում Հիսուսին, և նրանցից ոմանք նույնիսկ ցանկանում են սպանել նրան։ Հիսուսի մահից և երկինք համբարձվելուց հետո հրեաները ցույց են տալիս իրենց ատելությունը Հիսուսի հանդեպ՝ հալածելով նրա աշակերտներին։ Այս հակառակորդները հստակ ցույց են տալիս, որ չեն ցանկանում, որ Հիսուսը Թագավոր դառնա (Հովհաննես 19։15, 16; Գործեր 4։13–18; 5։40)։
Իսկ ինչպե՞ս են տասը ծառաները օգտագործում իրենց վստահված մնասները, մինչև որ «ազնվատոհմ մարդը» ստանա իր «թագավորական իշխանությունը» և վերադառնա։ Հիսուսը պատմում է. «Ի վերջո, երբ թագավորական իշխանություն ստանալուց հետո նա վերադարձավ, հրամայեց, որ իր մոտ կանչեն այն ծառաներին, որոնց արծաթադրամ էր տվել, որպեսզի իմանա, թե գործի մեջ դնելով՝ ինչ են շահել։ Առաջինը ներկայացավ ու ասաց. «Տե՛ր, քո մնասը տասը մնաս շահեց»։ Նա էլ ասաց. «Ապրե՛ս, բարի՛ ծառա։ Քանի որ փոքր բանում հավատարիմ եղար, տասը քաղաքների վրա իշխանություն ունեցիր»։ Ապա երկրորդը եկավ ու ասաց. «Քո մնասը, Տե՛ր, հինգ մնաս բերեց»։ Նա նրան էլ ասաց. «Իսկ դու հինգ քաղաքների վրա իշխիր»» (Ղուկաս 19։15–19)։
Եթե աշակերտները նման լինեն մնասները լիարժեքորեն օգտագործող ծառաներին և իրենց միջոցներն օգտագործեն ավելի շատ աշակերտներ պատրաստելու համար, կարող են վստահ լինել, որ Հիսուսը գոհ կմնա իրենցից։ Նրանք նաև կարող են համոզված լինել, որ Հիսուսը կվարձատրի իրենց այդպիսի ջանասեր աշխատանքի համար։ Ինչ խոսք, Հիսուսի բոլոր աշակերտները նույն հանգամանքները չունեն, ոչ էլ նույն հնարավորությունները և կարողությունները ունեն։ Սակայն Հիսուսը, որը ստանում է «թագավորական իշխանություն», կնկատի ու կօրհնի աշակերտներ պատրաստելու գործում նրանց թափած ջանքերը (Մատթեոս 28։19, 20)։
Հիսուսը շարունակում է իր առակը. «Հետո երրորդը եկավ ու ասաց. «Տե՛ր, ահա՛ քո մնասը, որ շորի մեջ փաթաթած պահում էի։ Ես վախենում էի քեզանից, քանի որ դու խիստ մարդ ես, վերցնում ես այն, ինչը չես ներդրել, և հնձում ես այն, ինչը չես ցանել»։ Նա էլ ասաց նրան. «Հենց քո բերանով եմ դատում քեզ, չա՛ր ծառա։ Չէ՞ որ դու գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ այն, ինչ չեմ ներդրել, և հնձում եմ այն, ինչ չեմ ցանել։ Ուրեմն ինչո՞ւ իմ արծաթադրամը չդրեցիր վաշխառուների սեղանին, որ երբ գայի, տոկոսով այն հետ ստանայի»։ Եվ այնտեղ կանգնածներին ասաց. «Վերցրեք նրանից մնասը և տվեք տասը մնաս ունեցողին»» (Ղուկաս 19։20–24)։
Այս ծառան ջանք չի թափում, որ ավելացնի իր տիրոջ հարստությունը, ուստի զրկվում է իր ունեցածից։ Առաքյալները անհամբերությամբ սպասում են, որ Աստծու Թագավորությունը սկսի իշխել Հիսուսի գլխավորությամբ։ Վերջին ծառային ասած տիրոջ խոսքերից նրանք թերևս հասկանում են, որ եթե իրենք ջանք չգործադրեն, այդ Թագավորության մեջ տեղ չեն ունենա։
Հիսուսի խոսքերը հավատարիմ աշակերտներին պետք է մղեն եռանդուն լինելու ու ջանք թափելու։ Հիսուսը այսպիսի հետևություն է անում. «Ասում եմ ձեզ. ով որ ունի, նրան ավելին կտրվի, իսկ ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի»։ Ապա Հիսուսն ասում է, որ իր թշնամիները, ովքեր չեն ուզում, որ ինքը նրանց «վրա թագավոր լինի», մահվան կմատնվեն։ Այնուհետև Հիսուսը կրկին ճանապարհ է ընկնում դեպի Երուսաղեմ (Ղուկաս 19։26–28)։