«Սիրեցինք ավելի խոր սիրով»
ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ 2000 թ. մարտի 31–ին՝ 23 տարի լռելուց հետո, ժայթքեց Հոկայդոյի Ուսու հրաբուխը։ Հազարավոր բնակիչներ ստիպված եղան փախչել վտանգավոր գոտուց։ Նրանցից շատերը կորցրեցին տուն ու աշխատանք, բայց բարեբախտաբար ոչ մի զոհ չեղավ։ Փախուստի դիմած մարդկանց թվում կային քառասունվեց Եհովայի վկաներ, որոնք առանց օգնության չմնացին։
Հենց նույն օրը Վկաներից մեկի օգնությամբ, որն այդ տարածքում ծառայում էր որպես ճամփորդող վերակացու, անհապաղ միջոցներ ձեռք առնվեցին տուժածներին օգնություն հասցնելու համար։ Շատ չանցած՝ օգնություն եկավ հարևան ժողովներից։ Ճապոնիայի մասնաճյուղի ղեկավարությամբ անմիջապես օգնության կոմիտե կազմվեց։ Ճապոնիայի տարբեր ծայրերից Եհովայի վկաները առատ նվիրատվություններ էին անում օգնության ֆոնդին։ Ի աջակցություն հոգևոր գործունեությանը՝ Եհովայի վկաներից լիաժամ ծառայողներ ուղարկվեցին այն ժողովը, որ ամենաշատն էր տուժել, իսկ շրջանային վերակացուն հաճախակի էր այցելում աղետի գոտի՝ զորավիգ լինելու էմոցիոնալ ու հոգևոր առումով։
Չնայած այդ դժվար ժամանակներին, աղետի գոտու Վկաները շարունակում էին անցկացնել քրիստոնեական հանդիպումները՝ հավաքվելով համեմատաբար ապահով վայրերում գտնվող մասնավոր տներում։ Վտանգն անցնելուց հետո, երբ էվակուացման հրամանը չեղյալ հայտարարվեց, եղբայրները գնացին տեսնելու, թե ինչ վիճակում է գտնվում Թագավորության սրահը, սակայն սրահի փոխարեն կիսախարխուլ, քարուքանդ եղած մի շենք գտան։ Այդտեղից ոչ հեռու մի նոր խառնարան էր առաջացել, որից դեռևս թանձր ծուխ էր դուրս գալիս։ Հարց էր առաջանում՝ արդյոք խելացի՞ կլինի հանդիպումներն անցկացնել այստեղ, հնարավոր կլինի՞ վերանորոգել Թագավորության սրահը։
Որոշում կայացվեց նոր Թագավորության սրահ կառուցել ավելի ապահով մոտակա մի վայրում։ Տարածաշրջանային շինարարական կոմիտեն ցույց տվեց անհրաժեշտ օժանդակությունը։ Նվիրաբերված դրամական միջոցները օգտագործվեցին այդ նպատակով։ Արագ ձեռք բերվեց հողատարածք և հարյուրավոր կամավոր աշխատողների շնորհիվ կարճ ժամանակահատվածում կառուցվեց նոր Թագավորության սրահը։ 2000 թ. հուլիսի 23–ին՝ կիրակի օրը, այս նորակառույց սրահում անցկացվեց առաջին հանդիպումը, որին ներկա էին 75 հոգի։ Ներկաներից շատերի աչքերին կարելի էր տեսնել ուրախության արցունքներ։ Այդ տարի հոկտեմբեր ամսին, երբ տեղի ունեցավ Թագավորության սրահի բացումը, տեղի ժողովի երեցներից մեկն այսպես արտահայտվեց. «Հրաբխի ժայթքումը նեղություն ու զրկանք բերեց։ Սակայն այս կառույցը մեր տագնապները ուրախության փոխեց։ Եհովային ու մեր սիրելի քրիստոնյա եղբայրներին սիրեցինք ավելի խոր սիրով»։
[նկար 19–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Ուսու լեռան ժայթքումը. AP Photo/Koji Sasahara