Աստվածաշունչը կարող է օգնել ձեր ամուսնական միությանը
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ. ոմանց մոտ այս բառը հաճելի մտքեր է արթնացնում, մյուսների մոտ՝ սրտի ցավ։ «Էմոցիոնալ առումով ես ինձ բաժանված եմ զգում,— հառաչելով ասում է մի ամուսնացած կին։— Ամբողջ ժամանակ արհամարհված ու միայնակ եմ ինձ զգում»։
Ի՞նչն է պատճառը, որ երկու մարդիկ, ովքեր մի ժամանակ խոսք են տվել սիրել ու փայփայել իրար, օտարանում են միմյանցից։ Պատճառներից մեկը գիտելիքների պակասն է այն մասին, թե ինչ է իր մեջ ընդգրկում ամուսնությունը։ «Մենք մտնում ենք այդ կառույցի մեջ՝ բացարձակապես առանց պատրաստվածության»,— ասում է բժշկության բնագավառի մի լրագրող։
Այն, որ քչերն այսօր ամուսնության մասին գիտելիքներ ունեն, պարզ է դառնում մի հետազոտությունից, որն անցկացվել է «Ամուսնության հարցերով ազգային ծրագրի» շրջանակներում Նյու Ջերսիում (ԱՄՆ) գտնվող Ռաթջերսի համալսարանի կողմից։ «Այս հետազոտության մասնակիցներից շատերը ունեցել են այնպիսի ծնողներ, որոնք ամուսնական կյանքում դժբախտ են եղել կամ էլ բաժանված»,— գրում են այդ ծրագրի ղեկավարները։ «Նրանք լավ գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում դժբախտ ամուսնությունը, բայց այնքան էլ վստահ չեն, թե ինչի նման է երջանիկ ամուսնությունը»։ Ոմանք երջանիկ ամուսնությունը նկարագրում են այսպիսի խոսքերով. «Դա իմ ծնողների ամուսնության հակառակ պատկերն է»։
Իսկ քրիստոնյաները պաշտպանվա՞ծ են ամուսնական խնդիրներից։ Ո՛չ։ Փաստն այն է, որ առաջին դարում որոշ քրիստոնյաների հարկ եղավ ուղղակիորեն խորհուրդ տալ ‘չփորձել արձակվել’ ամուսնությունից (Ա Կորնթացիս 7։27, ԷԹ)։ Պարզ է, որ երկու անկատար մարդկանց ամուսնական կյանքում խնդիրներ կլինեն, բայց մենք օգնություն ունենք։ Ամուսիններն ու կանայք կարող են բարելավել իրենց փոխհարաբերությունները՝ կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները։
Աստվածաշունչը, ինչ խոսք, ամուսնության ձեռնարկ չէ։ Բայց քանի որ այն ներշնչված է մի անձնավորության կողմից, ով հիմնադրել է այդ կառույցը, կարող ենք ակնկալել, որ նրա սկզբունքները օգտակար կլինեն։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովա Աստված ասաց. «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը։ Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս» (Եսայիա 48։17, 18)։
Արդյո՞ք այն սերը, որ մի ժամանակ գոյություն է ունեցել քո և ամուսնուդ միջև, սկսել է սառչել։ Քեզ գերի՞ ես զգում մի ամուսնության մեջ, որտեղ սեր չկա։ Մի կին, որն արդեն 26 տարի է, ինչ ամուսնացած է, ասաց. «Դժվար է բառերով նկարագրել այն ցավը, որ պատճառում են այդպիսի փոխհարաբերությունները։ Այն մնայուն է և երբեք քեզ չի լքում»։ Մի շտապիր համակերպվել այն մտքի հետ, թե ամուսնությունդ անհաջող է, փոխարենը՝ վճռիր որևէ քայլ ձեռնարկել այդ ուղղությամբ։ Հաջորդ հոդվածը ցույց կտա ամուսիններին և կանանց, թե ինչպես կարող են աստվածաշնչյան սկզբունքները օգնել նրանց իրենց ամուսնության մի կարևոր բնագավառում, որը վերաբերում է ամուսնական ուխտին։