«Իսկապես, որքա՜ն զորավոր է Աստծո խոսքը»
«ԱՍՏՈՒԾՈՅ խօսքը կենդանի է եւ զօրաւոր» (Եբրայեցիս 4։12)։ «Եհովայի վկաների 2003 թ. օրացույցը» ներկայացնում է աշխարհի տարբեր մասերում ապրող մեր վեց եղբայրների ու քույրերի կյանքից վերցված իրական դեպքեր, որոնք վկայում են այն մասին, որ Աստծո Խոսքը խիստ մեծ զորություն ունի։ Օրացույցի «Նախկինում և հիմա» խորագրի տակ ընդգրկված հոդվածները ցույց են տալիս, թե ինչպես է Եհովայի վկաների կրթական ծրագիրն օգնում մարդկանց բարոյապես փոխվել, հրաժարվել կործանարար ապրելակերպից, ամրացնել ընտանեկան կապերը և անձնական փոխհարաբերություններ հաստատել Աստծո հետ։
2003 թ. օրացույցի վերաբերյալ ստացվել են մի քանի շնորհակալական նամակներ։ Ահա որոշ հատվածներ դրանցից.
«Ճշմարիտ քրիստոնյաների համար այս օրացույցը վկայություն է այն մասին, որ շատերն են իրենց նման ստիպված եղել ծանր պայքար մղել հանուն հավատի։ Եվ այժմ նայելով նկարներին՝ նրանք կարող են հիշել այն փոփոխությունները, որ ոմանք կատարել են իրենց կյանքում» (Ստիվեն, Միացյալ Նահանգներ)։
«Ես շատ կուզեի մի քանի խոսքով գրել այն մասին, թե որքան են ինձ հուզել 2003 թ. օրացույցում գրված պատմությունները։ Երբեք չի եղել, որ օրացույցը նման տպավորություն գործի ինձ վրա։ Այս պատմությունները իրենց տեղը կգրավեն այն նյութերի կողքին, որոնք ինձ հետ վերցնում եմ քարոզչական ծառայության, որպեսզի դրանք օգտագործեմ որպես կենդանի ապացույց այն բանի, թե ինչ մեծ ազդեցություն կարող է ունենալ Աստվածաշունչը անհատի վրա» (Մարկ, Բելգիա)։
«Այնքա՜ն խոր տպավորություն թողեց ինձ վրա օրացույցը։ Մեծ հուզում ապրեցի՝ ընթերցելով այդ պատմությունները ու տեսնելով, թե ինչպես է Եհովան փոխել այդ անհատներին։ Դա ինձ ոգևորեց, որ շարունակեմ փոփոխություններ մտցնել իմ կյանքում։ Այժմ առավել քան երբևէ զգում եմ ինձ որպես մեր միջազգային եղբայրության մի մասնիկ» (Մերի, Միացյալ Նահանգներ)։
«Հիսուսին խորապես հուզեց ժողովրդի հոգևոր վիճակը։ Շնորհակալություն ձեզ, որ ընդօրինակում եք Քրիստոսին ու հրատարակել եք այն պատմությունները, որ ընդգրկված են մեր 2003 թ. օրացույցում։ Նախկինում երբեք չի եղել, որ օրացույց ընթերցելիս արտասվելու չափ հուզվեմ» (Կասանդրա, Միացյալ Նահանգներ)։
«Տասնմեկ տարեկան էի, երբ սկսեցի ծխել, իսկ ավելի ուշ սկսեցի օգտագործել նաև թմրանյութեր։ Հաճախ էի մտածում վերջ տալ կյանքիս։ Եհովային ճանաչելուց հետո ինձ հաջողվեց ազատվել վատ սովորություններից։ Այս օրացույցը ինձ համար մեծ կարևորություն ունի։ Աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իմ քույր–եղբայրների օրինակը ինձ զորացնում է։ Գիտեմ, որ միայնակ չեմ այդ պայքարում, և որ ամենակարևոր բանը սերն է Եհովայի հանդեպ ու ամբողջ սրտով նրան ծառայելը» (Մարգարետ, Լեհաստան)։
«Օ՜, իսկապես, որքա՜ն զորավոր է Աստծո Խոսքը։ Երբ ստացա ու սկսեցի կարդալ 2003 թ. օրացույցը, հազիվ էի զսպում արցունքներս։ Այդ պատմությունները, ինչպես և լուսանկարները, խիստ ամրապնդում են մարդու հավատը» (Դարլին, Միացյալ Նահանգներ)։
«Այդ անձնավորություններից ոմանց նախկին կյանքը շատ բանով նման է իմ նախկին ապրելակերպին։ Եհովայի զորությամբ ինձ հաջողվել է վերջ դնել այնպիսի արատավոր սովորությունների, որոնք մի ժամանակ թվում էին անհաղթահարելի։ Այնքա՜ն շնորհակալ եմ ձեզ այդ իրական պատմությունների համար» (Ուիլյամ, Միացյալ Նահանգներ)։