Ընթերցողների հարցերը
Հարություն առնելուց հետո Հիսուսն ինչո՞ւ առաջարկեց Թովմասին դիպչել իրեն, մինչդեռ դրանից առաջ Մարիամ Մագդաղենացուն արգելեց դա անել։
Աստվածաշնչի որոշ հին թարգմանություններից այնպես է հասկացվում, ասես Հիսուսն արգելում է Մարիամ Մագդաղենացուն դիպչել իրեն։ Օրինակ՝ Արարատ թարգմանությունը Հիսուսի խոսքերը հետևյալ կերպ է փոխանցում. «Մի դպչիր ինձ, որովհետեւ դեռ չեմ վեր ելլել իմ Հօր մօտ» (Յովհաննէս 20։17)։ Սակայն բնագիր լեզվում հունարեն բայը, որը սովորաբար թարգմանվել է «դիպչել», նշանակում է՝ «կառչել, ամուր բռնել, ձեռքում պահել»։ Տրամաբանական է, որ Հիսուսը Մարիամ Մագդաղենացուն չէր արգելում պարզապես դիպչել իրեն, քանի որ նա թույլ տվեց ուրիշ կանանց, որոնք գերեզմանի մոտ էին եղել, ‘բռնել իր ոտքերը’ (Մատթէոս 28։9)։
Ժամանակակից շատ թարգմանություններ, ինչպես օրինակ՝ «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» (անգլ.), «Երուսաղեմի նոր Աստվածաշունչը» (անգլ.) և «Նոր անգլերեն Աստվածաշունչը» (անգլ.) օգնում են մեզ հասկանալ, թե ինչ են իրականում նշանակում Հիսուսի խոսքերը։ Այդ թարգմանություններում գրված է. «Բա՛ց թող ինձ»։ Հիսուսն ինչո՞ւ ասաց այս խոսքերը Մարիամ Մագդաղենացուն, որն իր մտերիմներից էր (Ղուկաս 8։1–3)։
Ակներևաբար, Մարիամ Մագդաղենացին վախենում էր, որ Հիսուսը ուր որ է կհեռանա ու երկինք կհամբարձվի։ Տիրոջ հետ լինելու մեծ ցանկությունից դրդված՝ նա ամուր կառչել էր Հիսուսին՝ թույլ չտալով նրան հեռանալ։ Հիսուսը, որպեսզի վստահեցներ Մարիամին, որ դեռևս չէր հեռանալու, նրան ասաց, որ թողնի՝ չբռնի իրեն, այլ գնա և իր հարության լուրը հայտնի աշակերտներին (Յովհաննէս 20։17)։
Սակայն Հիսուսի և Թովմասի միջև խոսակցությունը բոլորովին տարբեր էր։ Երբ Հիսուսը հայտնվեց աշակերտներից ոմանց, Թովմասը բացակայում էր։ Հետագայում Թովմասը կասկածներ հայտնեց Հիսուսի հարություն առնելու վերաբերյալ՝ ասելով, որ չի հավատա, մինչև որ նրա ձեռքերի վրա չտեսնի մեխերի տեղը և իր ձեռքը չդնի խոցված կողին։ Ութ օր անց Հիսուսը կրկին հայտնվեց իր աշակերտներին։ Այս անգամ Թովմասը ներկա էր, և Հիսուսը առաջարկեց նրան դիպչել իր վերքերին (Յովհաննէս 20։24–27)։
Այսպիսով՝ Մարիամ Մագդաղենացու դեպքում Հիսուսը գործ ուներ այնպիսի մեկի հետ, որը սխալմամբ ցանկանում էր արգելել նրան հեռանալ։ Իսկ Թովմասի դեպքում Հիսուսն օգնում էր այնպիսի մեկին, որը կասկածներ ուներ։ Երկու առանձին դեպքերում էլ Հիսուսը համապատասխանաբար գործելու հիմնավոր պատճառներ ուներ։