‘Ձեր սերն ավելանում է’
ԵՐԿՈՒ հազար չորս թվականին Ճապոնիայում տեղի ունեցան մի շարք բնական աղետներ՝ փոթորիկներ, ջրհեղեղներ, երկրաշարժեր և այլն։ Դրանք մեծ վնաս հասցրեցին բազմաթիվ մարդկանց, այդ թվում նաև Եհովայի վկաներին (Ժողովող 9։11)։ Մյուս կողմից՝ այդ աղետները եղբայրական սեր ցուցաբերելու առիթ հանդիսացան նրանց համար (Ա Պետրոս 1։22)։
Օրինակ՝ հուլիսին հորդառատ անձրևների պատճառով Ճապոնիայի կենտրոնական մասերում գետերից մեկը դուրս եկավ ափերից։ Այդ ջրհեղեղից վնասվեցին ավելի քան քսան Եհովայի վկաների տներ։ Թագավորության սրահներից մեկում ջուրը հասավ մոտ մեկ մետրի։ Հարևան ժողովի Վկաներն անմիջապես օգնության ձեռք մեկնեցին։ Հարյուրավոր կամավորներ սկսեցին մաքրել ցեխի մեջ կորած տները։ Թագավորության սրահն ամբողջովին մաքրվեց և վերանորոգվեց ընդամենը երկու շաբաթվա ընթացքում։
Հոկտեմբերի 23–ին նույն վայրում աղետալի երկրաշարժ տեղի ունեցավ, որի ուժգնությունը, Ռիխտերի ցուցնակով, հասավ 6,8 բալի։ Մահացավ ավելի քան 40 հոգի, և 100 000–ից ավելի մարդ էվակուացվեց։ Երկրաշարժի պատճառով ընդհատվեց ջրի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Չնայած նոր վերանորոգված Թագավորության սրահը գտնվում էր էպիկենտրոնից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա, այն ընդհանրապես չէր վնասվել։ Այդ սրահն անմիջապես վերածվեց օգնության շտաբի։ Քրիստոնյա երեցները անհապաղ ստուգեցին, թե արդյոք իրենց հավատակիցներից որևէ մեկը չի տուժել։ Ի ուրախություն իրենց՝ Վկաների մեջ վիրավորներ և մահացածներ չկային։ Հաջորդ օրը՝ առավոտյան, վեց Եհովայի վկաներ, որոնք վնասներ էին կրել հուլիսյան ջրհեղեղի ժամանակ, մեծ եռանդով սկսեցին օգնություն ցույց տալ տուժածներին՝ սնունդ և ջուր մատակարարելով նրանց։ Առաջին անհրաժեշտության իրերը աղետի վայր հասցվեցին երկրաշարժից ընդամենը մի քանի ժամ անց։
Մի երեց պատմում է. «Ջրհեղեղի ժամանակ տուժածները ասում էին, որ երկրաշարժի գոտում ապրող եղբայրներին օգնելով՝ իրենց երախտագիտությունն են հայտնում այն աջակցության համար, որ իրենք էին ստացել։ Նրանք ջանասիրաբար աշխատում էին առավոտից երեկո։ Պետք էր տեսնել, թե ինչպես էին նրանց աչքերը փայլում երջանկությունից»։
Ոչ մի ջրհեղեղ ու երկրաշարժ չի կարող թուլացնել այն մեծ սերը, որը միավորում է Եհովայի վկաների քրիստոնեական եղբայրությունը։ Ընդհակառակը՝ աղետների ժամանակ քրիստոնյաները տեսնում են, թե ինչպես են կատարվում Պողոս առաքյալի խոսքերը, որ ուղղված էին Թեսաղոնիկեում ապրող իր հավատակիցներին. «Ձեր ամեն մէկի սէրն աւելանում է իրար վերայ» (Բ Թեսաղոնիկեցիս 1։3)։