Օգնում ենք Մեքսիկայում ապրող չինացիներին
«Կ’ԲՌՆԵՆ ազգերի ամեն լեզուներից տասը մարդ, այսինքն կ’բռնեն մի Հրէայ մարդի քղանցքը, ասելով. Գնանք ձեզ հետ, որովհետեւ լսել ենք որ Աստուած ձեզ հետ է» (Զաքարիա 8։23)։ Այսօր այս գեղեցիկ մարգարեությունը կատարվում է ամբողջ աշխարհում։ «Ազգերի ամեն լեզուներից» մարդիկ հարում են հոգևոր իսրայելացիներին, որպեսզի երկրպագեն Եհովա Աստծուն։ Եհովայի վկաները հետաքրքրված են այս մարգարեության կատարմամբ։ Այդ իսկ պատճառով նրանցից շատերը օտար լեզու են սովորում, որպեսզի մասնակցություն բերեն համաշխարհային քարոզչական գործում։
Մեքսիկայում ապրող Եհովայի վկաները բացառություն չեն։ Այնտեղ 30 000 չինացի է ապրում։ 2003 թ.–ին Մեխիկոյում 15 չինացի ներկա եղավ Քրիստոսի մահվան Հիշատակի Երեկոյին։ Այդպիսով Մեքսիկայում ապրող Վկաները հասկացան, որ չինական դաշտում հոգևոր աճի պոտենցիալ կա։ Ուստի որպեսզի ավելի շատ քարոզիչներ կարողանային օգնել չինացիներին, կազմակերպվեցին եռամսյա դասընթացներ, որտեղ մեքսիկացի Վկաները պարզ մատուցումներ սովորեցին չինարեն լեզվով։ Դասընթացներին հաճախեցին ընդհանուր առմամբ 25 Վկա։ Մեխիկոյի չինական համայնքի մի պաշտոնյա ներկա եղավ ավարտական ծրագրին և նշեց, որ դասընթացները մեծապես տպավորում են չինախոս համայնքին։ Տեղի չինարեն լեզվի մի ուսումնական հաստատություն առաջարկեց երեք Վկայի մեկնել արտասահման իրենց չինարենը բարելավելու համար։
Լեզվի այդ դասընթացը ընդգրկում էր գործնական պարապմունքներ։ Որոշ հիմնական արտահայտություններ սովորելուց հետո ուսանողները անմիջապես գնում էին Մեխիկոյի գործարար տարածքներ՝ քարոզելու չինացիներին։ Այս նախանձախնդիր քարոզիչները Աստվածաշնչի 21 ուսումնասիրություն սկսեցին։ Դրանում մեծապես օգնեց չինարեն լեզվով «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը, որը գրված էր նաև պինյինով, այսինքն՝ հռոմեական այբուբենով։
Ինչպե՞ս են Վկաները, որոնք նոր էին սովորում չինարեն, անցկացնում Աստվածաշնչի ուսումնասիրությունները։ Սկզբում նրանք կարողանում էին միայն ասել «չին դյու» (խնդրում ենք, կարդացեք) և մատնացույց էին անում պարբերությունը, իսկ այնուհետև՝ հարցը։ Այն բանից հետո երբ անհատը կարդում էր և պատասխանում չինարենով, նրանք ասում էին «շեյ շեյ» (շնորհակալություն) և «հեն հաու» (շատ լավ)։
Այդպիսի մի ուսումնասիրություն սկսվեց մի կնոջ հետ, որն իրեն քրիստոնյա էր համարում։ Երրորդ ուսումնասիրությունից հետո Վկան ցանկացավ իմանալ, թե արդյոք այդ կինը իսկապես հասկանում է իր սովորածը։ Ուստի Վկան ուսումնասիրությանը հրավիրեց մի եղբոր, որի մայրենի լեզուն չինարենն էր։ Երբ եղբայրը հարցրեց այդ կնոջը, թե արդյոք նա հարցեր ունի, կինը պատասխանեց. «Մկրտվելու համար պե՞տք է լողալ իմանալ»։
Շուտով հիմնվեց Գրքի ուսումնասիրության խումբ, որտեղ հաճախում էին 9 չինացի և 23 մեքսիկացի Վկաներ։ Հաճախողների թվում կար մի չինացի բժիշկ, որին իր հիվանդներից մեկը իսպաներեն լեզվով «Դիտարան» և «Արթնացեք» պարբերագրեր էր տվել։ Եվ քանի որ նա իսպաներեն չէր կարողանում ընթերցել, խնդրել էր ինչ–որ մեկին մի քանի տող թարգմանել իր համար։ Հասկանալով, որ պարբերագրերը կապ ունեն Աստվածաշնչի հետ՝ նա հարցրել էր հիվանդին, թե արդյոք նա կարող է այդ պարբերագրերից ձեռք բերել չինարեն լեզվով։ Այդ կինը ձեռք էլ բերել չինարեն լեզվով պարբերագրեր, և Եհովայի վկաների Մեքսիկայի մասնաճյուղի միջոցով քայլեր էին ձեռնարկվել, որպեսզի մի չինախոս Վկա այցելեր այդ անհատին։ Չինաստանում այդ բժշկի մայրը Աստվածաշունչ է ունեցել, և նա հաճույքով կարդացել է այն։ Իսկ երբ որոշել է Մեքսիկա մեկնել, մայրը նրան խնդրել է չդադարել ընթերցել Աստվածաշունչը։ Ուստի այս բժիշկը աղոթում էր, որ ինչ–որ մեկն օգնի իրեն ավելին սովորել Աստվածաշնչի Աստծու մասին։ Նա բացականչեց. «Աստված լսել է իմ աղոթքները»։
Գրքի ուսումնասիրությանը հաճախում էր նաև մի չինախոս ընտանիք, որը վարձով ապրում էր մի մեքսիկացի կնոջ տանը։ Վերջինս Աստվածաշունչ էր ուսումնասիրում Եհովայի վկաների հետ։ Թեև չինախոս ընտանիքը շատ քիչ էր հասկանում իսպաներեն, նրանք ներկա էին գտնվում աստվածաշնչյան քննարկումներին։ Որոշ ժամանակ անց այդ ընտանիքը հարցրեց ուսումնասիրությունն անցկացնող Վկային, թե նա ունի չինարեն լեզվով գրականություն։ Շուտով նրանց հետ չինարեն լեզվով ուսումնասիրություն էր անցկացվում։ Կարճ ժամանակ անց այդ ընտանիքի անդամները ցանկություն հայտնեցին քարոզել իրենց ազգակիցներին և նվիրել իրենց կյանքը Եհովային։
Անշուշտ, չինարեն սովորելը դժվար է։ Սակայն ինչպես համոզվեցինք վերոհիշյալ դեպքերից, Եհովայի օգնությամբ ազգերի ամեն լեզուներից մարդիկ, այդ թվում չինացիները, սովորում են Աստծու կամքը թե՛ Մեքսիկայում և թե աշխարհի մյուս ծայրերում։
[նկար 17–րդ էջի վրա]
Չինարեն լեզվի դասընթացները Մեխիկոյում
[նկար 18–րդ էջի վրա]
Մեքսիկացի մի Վկա չինարեն լեզվով Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս
[նկար 18–րդ էջի վրա]
Տնետուն ծառայություն Մեխիկոյում չինարեն լեզվով