Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ
ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ չե՞ք ստանում, երբ զբոսնում եք գեղեցիկ պարտեզում կամ քայլում բուրավետ ծաղիկների միջով։ Հիացմունք չե՞ք ապրում, երբ լսում եք, թե ինչպես է ծփում կապուտակ լիճը, կամ տեսնում եք ամպերի մեջ մխրճված սարերի ձյունապատ գագաթները։ Չե՞ք ոգեշնչվում թռչնակների հոգեզմայլ երգեցողությունից։ Հրճվանքով չե՞ք դիտում եղնիկների խաղը կամ մարգագետնում արածող գառնուկներին։ Ինչո՞ւ է այս ամենը հաճույք պատճառում մեզ։
Պատասխանը մեկն է. մենք ստեղծված ենք Դրախտում ապրելու համար։ Այդպիսի վայրում են ի սկզբանե բնակվել մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան։ Նրանք են մեզ փոխանցել Դրախտում ապրելու ցանկությունը։ Իսկ նրանց մեջ այդ ցանկությունը դրել է մեր Արարիչը՝ Եհովա Աստված։ Եհովան գիտեր, որ մարդը Դրախտում երջանիկ կլինի, քանի որ նրան օժտել էր գեղեցիկը զգալու և գնահատելու ունակությամբ։
Աստված երկիրը ստեղծել էր մարդկանց բնակության համար (Եսայիա 45։18)։ Երկրի Արարիչը Ադամին ու Եվային մի գեղեցիկ դրախտային «տուն» էր պարգևել։ Դա Եդեմի պարտեզն էր (Երեմիա 10։12; Ծննդոց 2։7–9, 15, 21, 22)։ Որքա՜ն գրավիչ էին այնտեղի գետերը, ծառերն ու ծաղիկները։ Ադամին ու Եվային ուրախություն էին պատճառում բազմագույն թռչունները, զմայլելի կենդանիները, ձկներն ու մյուս արարածները, որ բնակվում էին դրախտի զուլալ ջրերում։ Մեր նախածնողները նրանցից վախենալու պատճառ չունեին։ Իսկ ամենակարևորը, Ադամն ու Եվան միասին էին... Նրանք պետք է զավակներ ունենային և ընդարձակեին իրենց դրախտային «բնակարանը»։ Այդպես՝ մարդկանց ուրախ և համերաշխ ընտանիքը հետզհետե կմեծանար։
Ճիշտ է, երկիրն այսօր դրախտ չէ։ Սակայն նույնիսկ հիմա այն կարելի է համեմատել հիանալի տան հետ։ Այդ աստվածապարգև «տունն» ապահովված է մեզ անհրաժեշտ բոլոր բաներով՝ լույսով, ջրով, սննդով և ջերմությամբ։ Մեր «ջահը»՝ արևը, լույս է տալիս ու տաքացնում։ Իսկ որքա՜ն գեղեցիկ է մեր գիշերային «լամպի»՝ լուսնի արծաթե փայլը (Ծննդոց 1։14–18)։ Որպեսզի ցուրտ եղանակին կարողանանք ջերմանալ, երկրի «նկուղներում» ածուխ, նավթ և այլ վառելանյութեր են «տնտեսված» մեզ համար։ Մեր մոլորակն ունի ջրի առատ պաշարներ, որ հավաքված են գետերում, լճերում ու ծովերում։ Այն ապահովված է նաև «ջրամատակարարման համակարգով». դա ջրի շրջապտույտն է։ Իսկ մեր «տան» գորգը կանաչ խոտն է։
Երկրի հարուստ «մառաններում» մեծ քանակությամբ սնունդ է պահված։ Եհովան մեզ «պտղաբեր ժամանակներ» է պարգևում և ‘ուրախությամբ լցնում մեր սիրտը’, երբ դաշտերն ու այգիները իրենց բերքն են տալիս մեզ (Գործք 14։15, 16)։ Եթե երկիրը նույնիսկ հիմա է հրաշալի «տուն» մեզ համար, պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսին կլինի մեր մոլորակը, երբ Եհովան՝ ‘երջանիկ Աստվածը’, այն վերածի դրախտի (Ա Տիմոթէոս 1։11)։
[նկարի թույլատրագիր 2-րդ էջում]
COVER: Earth: NASA photo; Stars: NASA, ESA and AURA/Caltech