Ինչպես գտնել ճիշտ ուղին ընդարձակ օվկիանոսում
ՄԱՐՇԱԼՅԱՆ կղզիները բաղկացած են ավելի քան 1 200 կղզիներից և կղզյակներից, որոնց մեծամասնությունը ծովի մակարդակից բարձր է ամենաշատը վեց մետր։ Այդ կղզիները իսկույն կորչում են տեսադաշտից, հենց որ մի փոքր հեռանում ես ափից։ Սակայն հնում տեղացի ծովագնացներն իրենց մակույկներով Խաղաղ օվկիանոսի մոտավորապես երկու միլիոն քառակուսի կիլոմետր ընդգրկող տարածքում կարողանում էին ճշգրտորեն կողմնորոշվել՝ նավարկելով մի կղզյակից մյուսը։ Ինչպե՞ս էր դա նրանց հաջողվում։ Նրանք օգտվում էին հասարակ, բայց անչափ օգտակար, այսպես կոչված, շիվահյուս քարտեզներից։
Մարշալյան կղզիների ծովագնացները նկատել էին, որ եթե ցամաքը մոտ է, ապա յուրօրինակ ալիքներ են առաջանում, և դրանց օգնությամբ նրանք կարողանում էին որոշել մինչև 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կղզու տեղը։ Ծովագնացները պետք է սովորեին տարբերել ալիքների տասնյակ ձևեր, և, շիվահյուս «քարտեզները» օգնում էին հիշել դրանք։ Ինչպիսի՞ տեսք ունեին այդ քարտեզները։ Այդպիսի մի քարտեզ պատկերված է նկարում։ Պանդանուսի արմատներից կամ հնդընկուզենու տերևների գլխավոր երակներից հյուսում էին ցանցեր, որոնք ալիքների տարբեր ձևեր էին պատկերում։ Ցանցի վրա ամրացնում էին փոքրիկ խեցիներ, որոնք ցույց էին տալիս կղզիների դիրքը միմյանց նկատմամբ։
Շիվահյուս «քարտեզների» օգնությամբ նավարկելու գաղտնիքը տարիներ շարունակ ոչ ոքի չէր ասվում՝ բացառությամբ որոշ ընտրյալների։ Ինչպե՞ս էր սկսնակ ծովագնացը սովորում օգտվել այդպիսի քարտեզից։ Միայն ուսուցման ու փորձերի շնորհիվ։ Նրան սովորեցնում էր փորձառու ծովագնացը, որը աշակերտին, հավանաբար, իր հետ տանում էր մոտակա կղզիներ։ Երբ աշակերտը կարողանում էր տարբերել ալիքները, նա սկսում էր վստահորեն առաջնորդվել իր քարտեզով։ Ժամանակի ընթացքում նա կարողանում էր ինքնուրույն նավարկել օվկիանոսի ջրերում։
Նմանապես՝ Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, կարող է լինել մեր ուղեցույցը կյանքի ուղիներում։ Նախ՝ որևէ մեկն օգնում է մեզ հասկանալ Աստվածաշնչի հիմնական ճշմարտությունները։ Ապա՝ շարունակելով ուսումնասիրել Աստվածաշունչը և կիրառել նրա սկզբունքները՝ ձեռք ենք բերում վստահություն այնտեղ գրված խոսքերի հանդեպ։ Եհովան իսրայելացիների առաջնորդ Հեսուին պատվիրել էր միշտ ընթերցել Սուրբ Գրությունները, որպեսզի վերջինս կարողանար ‘կատարել բոլոր նրա միջի գրվածի պես’։ «Որովհետեւ այն ժամանակ ճանապարհները յաջողակ կ’անես, եւ այն ժամանակ խելամուտ կ’լինես»,— ասաց Աստված (Յեսու 1։8)։ Այո՛, Աստվածաշունչը՝ մեր քարտեզը, կարող է օգնել, որ կյանքում ընթանանք վստահելի և ճիշտ ուղով։
[նկարի շնորհակալագիր 32-րդ էջի վրա]
© Greg Vaughn