Ընթերցողների հարցերը
Ի՞նչ է այն կնքումը, որի մասին խոսվում է Յայտնութիւն 7։3–ում։
Յայտնութիւն 7։1–3-ում գրված է. «Տեսայ չորս հրեշտակ՝ կանգնած երկրի չորս անկիւնումը, եւ երկրի չորս քամին բռնած, որ քամի չ’փչէ երկրի վերայ, ոչ էլ ծովի վերայ, եւ ոչ մի ծառի վերայ։ Եւ մի ուրիշ հրեշտակ տեսայ, որ դուրս էր գալիս արեւելքիցը, եւ Կենդանի Աստուծոյ կնիքն ունէր, եւ մեծ ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներին որոնց իշխանութիւն տրուեցաւ երկրին եւ ծովին վնասելու, եւ ասում էր. Վնաս մի տաք ոչ երկրին, ոչ ծովին. եւ ոչ էլ ծառերին, մինչեւ որ մեր Աստուծոյ ծառաների վերայ կնիք դնենք նորանց ճակատներումը»։
Երբ ‘չորս քամիները’ արձակվեն, հետևանքը կլինի ‘մեծ նեղությունը’, այսինքն՝ կկործանվեն կեղծ կրոնը և ամբարիշտ աշխարհի մնացած հատվածը (Յայտնութիւն 7։14)։ ‘Մեր Աստծու ծառաները’ Քրիստոսի՝ երկրի վրա գտնվող օծյալ եղբայրներն են (Ա Պետրոս 2։9, 16)։ Ուստի, այս մարգարեությունը ցույց է տալիս, որ Քրիստոսի եղբայրների կնքումն ավարտված կլինի այն ժամանակ, երբ սկսվի մեծ նեղությունը։ Այդուհանդերձ աստվածաշնչյան ուրիշ համարներ ցույց են տալիս, որ մինչ այդ տեղի է ունենում օծյալների մեկ այլ՝ նախնական կնքումը։ Այդ իսկ պատճառով երբեմն մենք խոսում ենք նախնական կնքման ու վերջնական կնքման մասին։ Ո՞րն է տարբերությունը։
Քննենք «կնիք» բառը։ Հին ժամանակներում կնիքը մի գործիք էր, որով դրոշմ էր դրվում փաստաթղթի վրա։ Այս բառի տակ կարելի է հասկանալ նաև բուն դրոշմը։ Այն օրերում ընդունված էր կնիք դնել փաստաթղթի կամ այլ բաների վրա. դրանով հաստատվում էր վավերականությունը կամ սեփականության իրավունքը (Գ Թագաւորաց 21։8; Յոբ 14։17)։
Պողոսը սուրբ ոգով օծվելը համեմատեց կնքվելու հետ, երբ ասաց. «Մեզ ձեզ հետ Քրիստոսումը հաստատողը եւ մեզ օծողը Աստուած է. որ մեզ կնքեց էլ. եւ Հոգու գրաւը մեր սրտերի մէջ տուաւ» (Բ Կորնթացիս 1։21, 22)։ Այստեղից հասկանում ենք, որ Եհովան այդ քրիստոնյաներին օծում է իր սուրբ ոգով՝ ցույց տալու համար, որ նրանք իրեն են պատկանում։
Սակայն օծյալների կնքումն ընթանում է երկու փուլով։ Նախնական կնքումը տարբերվում է վերջնական կնքումից 1) նպատակով և 2) ժամանակով։ Նախնական կնքումով ընտրվում են օծյալ քրիստոնյաների խմբի նոր անդամները։ Վերջնական կնքումով հաստատվում է, որ տվյալ ընտրված ու կնքված անհատը լիովին փաստել է իր նվիրվածությունը Աստծուն։ Միայն վերջնական կնքման ժամանակ օծյալի ‘ճակատի’ վրա մեկընդմիշտ դրոշմ կդրվի, որը կնշանակի, որ նա լիովին փորձվել է և ‘մեր Աստծու հավատարիմ ծառա’ է։ Յայտնութիւն 7–րդ գլխում նշված կնքումը հենց այս վերջնական կնքումն է (Յայտնութիւն 7։3)։
Նախնական կնքման ժամանակի մասին Պողոս առաքյալը օծյալ քրիստոնյաներին գրեց. «Նորանում եւ դուք յուսացաք, երբոր ճշմարտութեան խօսքը լսեցիք՝ ձեր փրկութեան աւետարանը, որին էլ երբոր հաւատացիք՝ խոստմունքի Սուրբ Հոգովը կնքուեցաք» (Եփեսացիս 1։13, 14)։ Աստվածաշնչի շատ համարներ ցույց են տալիս, որ առաջին դարի քրիստոնյաներն իսկապես կնքվեցին կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ լսեցին «աւետարանը»՝ բարի լուրը, և հավատացին Քրիստոսին (Գործք 8։15–17; 10։44)։ Այդ կնքումով փաստվում էր նրանց նկատմամբ Աստծու ունեցած հավանությունը։ Սակայն դա չէր նշանակում, որ Աստված նրանց հավանել է վերջնականապես։ Ինչո՞ւ։
Պողոսն ասաց, որ օծյալ քրիստոնյաները ‘կնքվում են փրկության օրվա համար’ (Եփեսացիս 4։30)։ Սա նշանակում է, որ սկզբնական կնքումից հետո անցնում է որոշակի ժամանակ՝ սովորաբար շատ տարիներ։ Օծյալները պետք է հավատարիմ մնան սուրբ ոգով օծվելու օրվանից մինչև այն օրը, երբ ‘կազատվեն իրենց մարմնից’, այսինքն՝ մինչև մահ (Հռովմայեցիս 8։23, ՆԱ; Փիլիպպեցիս 1։23; Բ Պետրոս 1։10)։ Ուստի Պողոսը միայն իր կյանքի վերջում կարող էր ասել. «Ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի. այսուհետեւ մնում է ինձ արդարութեան պսակը» (Բ Տիմոթէոս 4։6–8)։ Իսկ Հիսուսը օծյալ քրիստոնյաների ժողովին ասաց. «Հաւատարիմ եղիր մինչեւ ի մահ, եւ կեանքի պսակը կ’տամ քեզ» (Յայտնութիւն 2։10; 17։14)։
«Պսակ» բառը ևս հաստատում է, որ նախնական կնքումից մինչև վերջնական կնքում պետք է որոշակի ժամանակ անցնի։ Որտեղի՞ց գիտենք։ Հին ժամանակներում, ըստ սովորության, պսակ էր տրվում վազքի մրցումներում հաղթողին։ Մրցանակին արժանանալու համար նա պետք է ավելին աներ, քան պարզապես մյուսների հետ սկսեր վազել։ Նա պետք է վազեր սահմանված ամբողջ տարածությունը։ Նմանապես՝ օծյալ քրիստոնյաները երկնքում անմահ կյանքի պսակը կստանան միայն այն դեպքում, երբ հաստատակամորեն «վազեն» իրենց ամբողջ ընթացքը՝ սկսած նախնական կնքումից մինչև վերջնական կնքում (Մատթէոս 10։22; Յակոբոս 1։12)։
Օծյալ քրիստոնյաների մնացորդը, ովքեր սկզբնապես կնքվել են, ե՞րբ կարժանանա վերջնական կնքման։ Նրանցից յուրաքանչյուրը, որ դեռևս ապրում է երկրի վրա, ‘իր ճակատին’ կնիք կստանա նախքան մեծ նեղության սկսվելը։ Երբ մեծ նեղության չորս քամիները արձակվեն, հոգևոր Իսրայելի բոլոր անդամները վերջնականապես կնքված կլինեն, նույնիսկ եթե նրանցից մի քանիսը կենդանի լինեն մարմնով և դեռ ավարտած չլինեն իրենց երկրային ընթացքը։