Մերժենք «անարժեք բաները»
«Դարտակներին [«Անարժեք բաների», ՆԱ] հետեւողը պակասամիտ է» (ԱՌԱԿ. 12։11)։
1. Ի՞նչ արժեքավոր բաներ ունենք, և ինչպե՞ս կարող ենք լավագույնս օգտագործել դրանք։
ԲՈԼՈՐ քրիստոնյաներն էլ ունեն արժեքավոր բաներ։ Դրանք կարող են լինել առողջությունը, ուժը, մտավոր կարողությունները և նյութական միջոցները։ Քանի որ սիրում ենք Եհովային, այս բոլոր բաները ուրախությամբ օգտագործում ենք սուրբ ծառայության մեջ։ Այդպիսով արձագանքում ենք հետևյալ ներշնչյալ խոսքերին. «Պատուիր Տիրոջը քո ստացուածքիցը [«արժեքավոր բաներով», ՆԱ]» (Առակ. 3։9)։
2. Ի՞նչ է ասվում Առակաց 12։11–ում անարժեք բաների հետևող մարդու մասին, և ո՞րն է այդ առակի ուղղակի իմաստը։
2 Աստվածաշունչը խոսում է նաև անարժեք բաների մասին և զգուշացնում, որ մեր միջոցները չվատնենք դրանց վրա։ Այս առումով արժե քննել Առակաց 12։11–ը, որտեղ ասվում է. «Իր երկիրը գործողը [այսինքն՝ իր հողը մշակողը] կ’կշտանայ հացով, բայց դարտակներին [«անարժեք բաների», ՆԱ] հետեւողը պակասամիտ է»։ Դժվար չէ տեսնել այս առակի ուղղակի իմաստը։ Եթե մարդը իր ժամանակն ու ուժերը ծախսում է ընտանիքի կարիքները հոգալու համար, ապա նրա ընտանիքը, ըստ ամենայնի, ապահովված կլինի (1 Տիմոթ. 5։8)։ Սակայն եթե նա իր միջոցները վատնում է անարժեք բաների վրա, ապա ի հայտ է բերում իր «պակասամտությունը»։ Դրանով ցույց է տալիս, որ զուրկ է հավասարակշռված դատողությունից և չունի բարի մղումներ։ Շատ հավանական է՝ այդպիսի մարդը կարիքի մեջ կհայտնվի։
3. Անարժեք բաների մասին Աստվածաշնչի նախազգուշացումը ի՞նչ կապ ունի Աստծու երկրպագության հետ։
3 Իսկ կարո՞ղ է այս առակը կապ ունենալ Աստծու երկրպագության հետ։ Այո՛։ Այն քրիստոնյան, ով եռանդորեն ու հավատարմաբար է ծառայում Եհովային, իրական ապահովություն է վայելում։ Այդ եղբայրը կամ քույրը կարող է միանգամայն վստահ լինել, որ Աստված կօրհնի իրեն այժմ և ապագայում (Մատթ. 6։33; 1 Տիմոթ. 4։10)։ Բայց եթե քրիստոնյան ընկնում է անարժեք բաների հետևից, նա Եհովայի հետ ունեցած իր փոխհարաբերությունները, ինչպես նաև հավիտենական կյանքի հեռանկարը վտանգի է ենթարկում։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, որ չտարվենք անարժեք բաներով։ Մենք պետք է կարողանանք զատորոշել մեր կյանքում եղող «անարժեք» բաները և վճռականորեն մերժել դրանք (կարդա՛ Տիտոս 2։11, 12)։
4. Ընդհանուր առմամբ՝ որո՞նք են անարժեք բաները։
4 Եվ այսպես՝ որո՞նք են անարժեք բաները։ Ընդհանուր առմամբ՝ ցանկացած բան, ինչ շեղում է մեզ Եհովային ամբողջ սրտով ծառայելուց, անարժեք է։ Օրինակ՝ դրանք կարող են լինել ժամանցի զանազան ձևերը։ Ինչ խոսք, ժամանցն ինքնին վատ բան չէ։ Բայց երբ չափազանց շատ ժամանակ ենք տրամադրում զվարճություններին կամ դրանք անում ենք հոգևոր գործերի հաշվին, ժամանցը դառնում է անարժեք և վատ է անդրադառնում մեր հոգևոր առողջության վրա (Ժող. 2։24; 4։6)։ Որպեսզի նման բան չպատահի, քրիստոնյան պետք է սովորի լինել հավասարակշռված և ուշադրություն դարձնի, թե ինչպես է անցկացնում իր թանկարժեք ժամանակը (կարդա՛ Կողոսացիներ 4։5)։ Բայց կան անարժեք բաներ, որոնք շատ ավելի վտանգավոր են, քան ժամանցի ձևերը։ Դրանցից են, օրինակ, կեղծ աստվածները։
Մերժենք անարժեք աստվածները
5. Աստվածաշնչում հաճախ ինչպե՞ս է օգտագործվում «անարժեք» բառը։
5 Հետաքրքիր է, որ Աստվածաշնչի եբրայերեն բնագրում «անարժեք» բառը մեծ մասամբ օգտագործվում է կեղծ աստվածների առնչությամբ։ Օրինակ՝ Եհովան իսրայելացիներին ասաց. «Դուք ձեզ համար չաստուածներ [«անարժեք աստվածներ», ՆԱ] եւ կուռքեր չ’շինէք, եւ ձեզ համար արձաններ չ’կանգնեցնէք, եւ պատկերաւոր կոթող չ’դնէք՝ ձեր երկրի մէջ նորան երկրպագութիւն անելու համար» (Ղեւտ. 26։1)։ Դավիթ թագավորը գրեց. «Տէրը մեծ է եւ շատ օրհնուած, եւ ահաւոր է նա ամեն աստուածների վերայ։ Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր [«անարժեք աստվածներ», ՆԱ] են, բայց Եհովան արաւ երկինքը» (Ա Մնաց. 16։25, 26)։
6. Ինչո՞ւ են կեղծ աստվածներն անարժեք։
6 Ինչպես երևում է Դավթի խոսքերից, մենք շրջապատված ենք Եհովայի մեծության վկայություններով (Սաղ. 139։14; 148։1–10)։ Իսրայելացիների համար որքա՜ն մեծ պատիվ էր Եհովայի հետ հատուկ փոխհարաբերությունների մեջ լինել, որոնք հիմնված էին ուխտի վրա։ Ինչպիսի՜ անմտություն էր հեռանալ նրանից և խոնարհվել կուռքերի ու արձանների առջև։ Ծանր պահերին ակնհայտ էր դառնում, որ այդ կեղծ աստվածները անարժեք են. նրանք անզոր էին փրկելու իրենց, ուր մնաց՝ իրենց երկրպագուներին (Դատ. 10։14, 15; Ես. 46։5–7)։
7, 8. Ինչպե՞ս կարող է «Հարստությունը» դառնալ աստված։
7 Շատ երկրներում մարդիկ դեռևս խոնարհվում են մարդակերտ կուռքերի առջև. այդպիսի աստվածներն այսօր նույնքան անօգուտ են, որքան հնում (1 Հովհ. 5։21)։ Սակայն Աստվածաշնչում կուռքերից բացի այլ բաներ էլ են աստվածներ համարվում։ Օրինակ՝ Հիսուսն ասաց. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը» (Մատթ. 6։24)։
8 Ինչպե՞ս կարող է «Հարստությունը» աստված դառնալ։ Պատկերացնենք հին Իսրայելի ժամանակները։ Դաշտում ընկած է մի քար։ Այդ քարը կարող է օգտակար լինել տան կամ պարսպի շինարարության համար։ Բայց եթե «արձան» կամ «պատկերաւոր կոթող» պատրաստելու նպատակով օգտագործվի, ապա գայթակղության քար կդառնա Եհովայի ժողովրդի համար (Ղեւտ. 26։1)։ Նմանապես, փողը ինքնին վատ բան չէ։ Այն անհրաժեշտ է ապրելու, ինչպես նաև հանուն Թագավորության շահերի օգտագործելու համար (Ժող. 7։12; Ղուկ. 16։9)։ Սակայն եթե փողը մեզ համար ավելի կարևոր նշանակություն է ստանում, քան քրիստոնեական ծառայությունը, այն, փաստորեն, դառնում է մեր աստվածը (կարդա՛ 1 Տիմոթեոս 6։9, 10)։ Այս աշխարհում մարդիկ նյութական ձեռքբերումներին անչափ մեծ կարևորություն են տալիս։ Բայց մենք պետք է հավասարակշռված տեսակետ պահպանենք այս հարցում (1 Տիմոթ. 6։17–19)։
9, 10. ա) Ի՞նչ տեսակետ ունի քրիստոնյան կրթության մասին։ բ) Ինչո՞վ է վտանգավոր բարձրագույն կրթությունը։
9 Կրթությունը նույնպես արժեքավոր է, բայց այն ևս կարող է դառնալ անարժեք։ Մենք ուզում ենք, որ մեր երեխաները կրթված լինեն, որպեսզի ապագայում ապահով կյանք ունենան։ Իսկ որ ավելի կարևոր է, կրթված քրիստոնյան կկարողանա ավելի լավ հասկանալ Աստվածաշունչը, խորությամբ մտածել որևէ խնդրի շուրջ և ճիշտ եզրահանգումների գալ, ինչպես նաև Աստվածաշնչի ճշմարտություններն ուսուցանել ավելի պարզ ու համոզիչ կերպով։ Կրթությունը ժամանակ է պահանջում, բայց դա ճիշտ օգտագործված ժամանակ կլինի։
10 Իսկ ի՞նչ կարելի է ասել բարձրագույն կրթության մասին։ Բարձրագույն կրթությունը գրեթե ամենուրեք համարվում է հաջողության հասնելու խիստ կարևոր նախապայման։ Սակայն շատերը համալսարանում կամ ինստիտուտում վնասակար գաղափարներ են որդեգրում։ Այսպիսի կրթությունը խլում է երիտասարդական թանկ տարիները։ Մինչդեռ դրանք կարելի է շատ ավելի լավ օգտագործել՝ ծառայելով Եհովային (Ժող. 12։1)։ Ուստի զարմանալի չէ, որ այն երկրներում, որտեղ շատերն են բարձրագույն կրթություն ստանում, Աստծու հանդեպ հավատը գնալով պակասում է։ Իրեն ապահովված զգալու համար քրիստոնյան ապավինում է ոչ թե այս աշխարհի առաջադեմ կրթական համակարգերին, այլ Եհովային (Առակ. 3։5)։
Թույլ չտանք, որ մարմնի ցանկությունը դառնա աստված
11, 12. Ինչո՞ւ Պողոսը ոմանց մասին ասաց. «Նրանց աստվածը իրենց որովայնն է»։
11 Մեկ ուրիշ բան էլ կա, որ կարող է աստված դառնալ։ Այդ մասին նշում է Պողոս առաքյալը փիլիպպեցիներին գրած նամակում։ Նա խոսում է իր նախկին հավատակիցներից մի քանիսի մասին՝ ասելով. «Շատ են այն անհատները, որոնց մասին ես հաճախ էի հիշատակում, բայց հիմա նրանց մասին հիշատակում եմ նաև լացով, նրանց, ովքեր քայլում են իբրև Քրիստոսի տանջանքի ցցի թշնամիներ, և նրանց վերջը կործանում է, նրանց աստվածը իրենց որովայնն է.... և նրանց միտքը երկրավոր բաների վրա է» (Փիլիպ. 3։18, 19)։ Ինչպե՞ս կարող է մարդու որովայնը՝ ստամոքսը, աստված դառնալ։
12 Ըստ ամենայնի, այդ մարդկանց համար մարմնական ցանկությունները ավելի կարևոր էին դարձել, քան Եհովային ծառայելը։ Ոմանք գուցե այն աստիճան էին տրվել ուտել–խմելուն, որ դարձել էին որկրամոլ և գինեմոլ (Առակ. 23։20, 21; համեմատի՛ր Բ Օրինաց 21։18–21)։ Մյուսներն էլ գուցե նախընտրել էին լիովին օգտվել կյանքի ընձեռած հնարավորություններից և այդ պատճառով շեղվել էին Եհովային ծառայելուց։ Թող որ երբեք թույլ չտանք, որ «լավ կյանքով» ապրելու ցանկությունը խանգարի մեզ ամբողջ սրտով ծառայել Եհովային (Կող. 3։23, 24)։
13. ա) Ի՞նչ է ագահությունը, և Պողոսը ինչի՞ հետ այն հավասարեցրեց։ բ) Ինչպե՞ս կարող ենք խուսափել ագահությունից։
13 Պողոսը կեղծ երկրպագության մասին խոսում է նաև մեկ այլ համատեքստում։ Նա գրում է. «Ուրեմն, սպանե՛ք ձեր մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ, որը կռապաշտություն է» (Կող. 3։5)։ Ագահությունը ինչ–որ բան ունենալու անհագ, անզուսպ ցանկությունն է։ Դա կարող է լինել նյութական բան, ինչպես նաև անօրեն սեռական ցանկություն (Ելից 20։17)։ Մի՞թե սթափեցնող չէ այն միտքը, որ նման ցանկություններ ունենալը հավասար է կուռք պաշտելուն, այսինքն՝ կեղծ աստծու երկրպագելուն։ Հիսուսը տպավորիչ խոսքերով ցույց տվեց, թե որքան կարևոր է ամեն գնով զսպել այդ ցանկությունները (կարդա՛ Մարկոս 9։47; 1 Հովհ. 2։16)։
Զգուշացիր անարժեք խոսքերից
14, 15. ա) Ի՞նչ «սնոտի բան» կար Երեմիայի օրերում, որը գայթակղություն դարձավ շատերի համար։ բ) Ինչո՞ւ էին Մովսեսի խոսքերը արժեքավոր։
14 Անարժեք կարող են լինել նաև մարդու խոսքերը։ Օրինակ՝ Եհովան ասաց Երեմիային. «Մարգարէները սուտ են մարգարէանում իմ անունովը, ես նորանց չեմ ուղարկել եւ նորանց չեմ պատուիրել, եւ նորանց չեմ ասել. նորանք սուտ տեսիլքներ եւ գուշակութիւն եւ սնոտի բան եւ իրանց սրտի խաբէութիւններն են մարգարէանում ձեզ համար» (Երեմ. 14։14)։ Այդ սուտ մարգարեները պնդում էին, թե խոսում են Եհովայի անունով, սակայն իրականում իրենց սեփական գաղափարներն ու իմաստությունն էին հայտնում։ Ուստի նրանց խոսքերը «սնոտի բաներ» էին։ Դրանք անարժեք էին և հոգևոր վտանգ էին ներկայացնում։ Մ.թ.ա. 607 թ.–ին շատերը, ովքեր ականջ դրեցին նման անարժեք խոսքերին, սպանվեցին բաբելոնացի զինվորների ձեռքով։
15 Մովսեսը իսրայելացիներին ասաց. «Ձեր ուշը դարձրէք այն ամեն խօսքերին, որոնք այսօր ձեզ համար վկայութիւն բերի.... Որովհետեւ այս ձեզ համար դարտակ բան չէ. որովհետեւ ձեր կեանքն է, եւ այս բանովը երկայնակեաց կ’լինէք այն երկրի վերայ, որի համար Յորդանանովն անցնում էք նորան ժառանգելու համար» (Բ Օրին. 32։46, 47)։ Մովսեսի խոսքերը Աստծուց էին ներշնչված։ Հետևաբար, դրանք «դատարկ»՝ անարժեք չէին, ընդհակառակը՝ շատ կարևոր էին ազգի բարօրության համար։ Ովքեր լսեցին այդ խոսքերը, երկար և բարեկեցիկ կյանք վայելեցին։ Եկեք միշտ մերժենք անարժեք խոսքերը և կառչենք ճշմարտության արժեքավոր խոսքերից։
16. Ի՞նչ տեսակետ ունենք գիտնականների այն հայտարարությունների մասին, որոնք հակասում են Աստծու Խոսքին։
16 Իսկ այսօր կա՞ն «սնոտի բաներ»։ Այո՛։ Օրինակ՝ ըստ որոշ գիտնականների՝ էվոլյուցիոն տեսությունը և տարբեր բնագավառներում գիտական հայտնագործությունները ցույց են տալիս, որ այլևս Աստծուն հավատալու կարիք չկա, և ամեն ինչ կարելի է բացատրել բնական պրոցեսներով։ Արդյոք պե՞տք է անհանգստանանք նման հանդուգն հայտարարությունների պատճառով։ Ամենևի՛ն։ Մարդկային իմաստությունը չի կարող համեմատվել Աստծու իմաստության հետ (1 Կորնթ. 2։6, 7)։ Մենք գիտենք, որ երբ մարդկային գաղափարները հակասում են Աստծու ասածներին, ապա սխալը միշտ մարդկային իմաստության մեջ է (կարդա՛ Հռոմեացիներ 3։4)։ Թեև գիտությունը որոշ բնագավառներում առաջընթաց է ապրել, մարդկային իմաստության մասին Աստվածաշնչի տված գնահատականը շարունակում է մնալ ճշմարիտ. «Այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու համար»։ Եհովայի անսահման իմաստության հետ համեմատած՝ մարդկանց դատողությունները ունայն են (1 Կորնթ. 3։18–20)։
17. Ի՞նչ տեսակետ պետք է ունենանք քրիստոնեական աշխարհի կրոնական առաջնորդների և հավատուրացների խոսքերի մասին։
17 Անարժեք խոսքեր են ասում նաև քրիստոնեական աշխարհի կրոնական առաջնորդները։ Նրանք պնդում են, թե խոսում են Աստծու անունից, սակայն իրականում նրանց ասածների մեծ մասը հիմնված չէ Գրությունների վրա և հիմնականում անարժեք է։ Հավատուրացները նույնպես սնոտի բաներ են ասում՝ պնդելով, թե ավելի մեծ իմաստություն ունեն, քան նշանակված «հավատարիմ և իմաստուն ծառան» (Մատթ. 24։45–47)։ Սակայն նրանք արտահայտում են իրե՛նց իմաստությունը. նրանց խոսքերը դատարկ են՝ գայթակղության քար՝ լսողների համար (Ղուկ. 17։1, 2)։ Ի՞նչ կարող ենք անել, որ չմոլորվենք նրանց խոսքերից։
Ինչպես մերժենք անարժեք խոսքերը
18. Ինչպե՞ս կարող ենք կիրառել 1 Հովհաննես 4։1–ում տրված խորհուրդը։
18 Տարեց Հովհաննես առաքյալը այս առումով լավ խորհուրդ տվեց (կարդա՛ 1 Հովհաննես 4։1)։ Հետևելով Հովհաննեսի այս խորհրդին՝ մենք ծառայության մեջ մարդկանց միշտ քաջալերում ենք ստուգել, թե որքանով են իրենց գիտելիքները համապատասխանում Աստվածաշնչին։ Սա լավ առաջնորդություն է մեզ համար ևս։ Եթե լսում ենք, որ մեկը քննադատում է ճշմարտությունը, զրպարտում է ժողովին, երեցներին կամ որևէ հավատակցի, ապա մեխանիկորեն չենք ընդունում նրա ասածները։ Ինքներս մեզ կարող ենք հարցնել. «Այդ բանն ասողը Աստվածաշնչին ներդաշնա՞կ է վարվում։ Նման խոսքերը կամ պնդումները նպաստո՞ւմ են Եհովայի կամքի իրագործմանը, ինչպես նաև ժողովի խաղաղությանը»։ Ցանկացած բան, որ կերտելու փոխարեն քանդում է մեր եղբայրությունը, անարժեք է (2 Կորնթ. 13։10, 11)։
19. Ինչպե՞ս կարող են երեցները հավաստիանալ, որ իրենց խոսքերը անարժեք չեն։
19 Անարժեք խոսքերի առնչությամբ երեցները ևս սովորելու բան ունեն։ Երբ նրանք խորհուրդ են տալիս, հիշում են, որ իրենց հնարավորությունները սահմանափակ են, և իրենց իրավունք չեն վերապահում խորհուրդ տալու՝ ելնելով զուտ անձնական փորձից և կուտակած գիտելիքներից։ Նրանք պետք է իրենց խորհուրդները միշտ հիմնեն Աստվածաշնչի վրա։ Պողոս առաքյալը լավ խորհուրդ է տալիս. «Գրվածից այն կողմ մի՛ անցեք» (1 Կորնթ. 4։6)։ Երեցները Աստվածաշնչում գրվածից այն կողմ չեն անցնում։ Բացի այդ, նրանք չեն անցնում Աստվածաշնչի վրա հիմնված այն խորհուրդներից, որոնք հավատարիմ և իմաստուն ծառան տալիս է իր հրատարակություններում։
20. Ի՞նչն է օգնում մեզ մերժել անարժեք բաները։
20 Անարժեք բաները՝ լինեն դրանք «աստվածներ», խոսքեր կամ որևէ այլ բան, շատ վնասակար են։ Այդ պատճառով էլ միշտ աղոթում ենք Եհովային, որ օգնի մեզ նշմարել ու մերժել դրանք։ Այս հարցում մենք փնտրում ենք նրա առաջնորդությունը։ Երբ այդպես ենք վարվում, կարծես սաղմոսերգուի պես ասում ենք. «Ետ դարձրու իմ աչքերը որ ունայն բան չ’տեսնեն. բայց ապրեցրու ինձ քո ճանապարհներումը» (Սաղ. 119։37)։ Իսկ հաջորդ հոդվածում կքննարկենք, թե որքանով է արժեքավոր Եհովայի առաջնորդությանը հետևելը։
Կարո՞ղ եք բացատրել
• Ընդհանուր առմամբ՝ ի՞նչ անարժեք բաներ պետք է մերժենք։
• Ի՞նչ կարող ենք անել, որ փողը մեզ համար չդառնա աստված։
• Ինչպե՞ս կարող են մարմնի ցանկությունները դառնալ կուռք։
• Ինչպե՞ս կարող ենք մերժել անարժեք խոսքերը։
[նկար 3–րդ էջի վրա]
Իսրայելացիներին հորդոր տրվեց մշակել իրենց հողը և չընկնել անարժեք բաների հետևից
[նկար 5–րդ էջի վրա]
Երբեք թույլ մի տուր, որ նյութական բաներ ունենալու ցանկությունը դանդաղեցնի քո ընթացքը ծառայության մեջ
[նկար 6–րդ էջի վրա]
Երեցների խոսքերը կարող են մեծ արժեք ունենալ