Մեր ընթերցողները հարցնում են
Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն մասնակցում պատերազմներին
Անկախ այն բանից, թե որտեղ են ապրում Եհովայի վկաները՝ նրանք երբեք պատերազմներ չեն մղում և չեն կռվում նույն ազգի հակամարտող կողմերում։ «Եհովայի վկաները պատերազմի ժամանակ չեզոքություն են պահում»։ Հիսուն տարի առաջ այսպիսի խոսքեր են գրվել «Ավստրալիական հանրագիտարանում» (Australian Encyclopædia)։
Գլխավոր պատճառը, թե ինչու Վկաները չեն մասնակցում պատերազմներին, այն է, որ այդպես վարվելով՝ նրանք կվնասեն իրենց քրիստոնեական խիղճը։ Նրանք իրենց խիղճը մարզել են՝ հետևելով Տեր Հիսուս Քրիստոսի տված օրինակին և նրա տված պատվերներին։ Վերջինս իր հետևորդներին պատվիրել էր սիրել մերձավորին։ Նա նաև ասել էր. «Շարունակե՛ք սիրել ձեր թշնամիներին, բարիք անել ձեզ ատողներին» (Ղուկաս 6։27; Մատթեոս 22։39)։ Մի անգամ, երբ աշակերտներից մեկը փորձեց պաշտպանել Հիսուսին, նա ասաց. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն» (Մատթեոս 26։52)։ Ուստի թե՛ խոսքով, թե՛ գործով Հիսուսը հստակ ցույց տվեց, որ իր հետևորդները չպետք է զենք օգտագործեն։
Մյուս պատճառն այն է, որ նրանք համաշխարհային կրոնական կազմակերպության անդամներ են։ Պատերազմը կդրդի եղբորը դուրս գալ իր եղբոր դեմ, ինչը հակառակ կլինի «իրար մեջ սեր ունենալու» մասին Հիսուսի տված պատվերին (Հովհաննես 13։35)։
Վերը նշված սիրո սկզբունքները Եհովայի վկաների համար պարզապես թեորիա չեն։ Դուք կարող եք ուսումնասիրել նրանց գործունեությունը և տեսնել, թե ինչ դիրքորոշում են նրանք բռնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում (1939–1945)։ Միացյալ Նահանգներում ավելի քան 4 300 Եհովայի վկա բանտարկվել է, քանի որ հրաժարվել է զինվորական ծառայությունից։ Բրիտանիայում 1 500 հոգուց ավելի Վկա, այդ թվում նաև 300 կին, հրաժարվել են տարբեր ձևերով պատերազմին աջակցելուց։ Նացիստական Գերմանիայում ավելի քան 270 Վկա պետության հրամանով մահվան է դատապարտվել, քանի որ հրաժարվել է պատերազմելուց։ Նացիստական ռեժիմի ներքո ավելի քան 10 000 Վկա բանտարկվել են կամ համակենտրոնացման ճամբարներ ընկել։ Ճապոնիայի Եհովայի Վկաները նույնպես մեծ փորձությունների են ենթարկվել։ Հետևաբար նա, ով կորցրել է իր հարազատին Երկրորդ համաշխարհային պատերազմի կամ մեկ այլ պատերազմի ժամանակ, կարող է վստահ լինել, որ ոչ մի Եհովայի վկա պատասխանատու չէ այդ մարդու մահվան համար։
Պատերազմի վերաբերյալ Եհովայի վկաների տեսակետը վառ կերպով նկարագրված է 20–ամյա Վոլֆգանգ Կուսերովի վերջին խոսքերում, որին 1942–ին նացիստները գլխատեցին պատերազմին չմասնակցելու համար (Եսայիա 2։4)։ Զինվորական դատարանի առջև նա ասել էր հետևյալը. «Ես դաստիարակվել եմ որպես Եհովայի վկա Աստծու օրենքների համաձայն, որոնք գտնվում են Սուրբ Գրություններում։ Ամենամեծ և ամենասուրբ օրենքը, որ Աստված տվել է մարդկությանը, սա է՝ ամենից շատ դու պետք է սիրես քո Աստծուն և պետք է սիրես քո մերձավորին քո անձի պես։ Իսկ մյուս պատվիրանն է՝ մի՛ սպանիր։ Մի՞թե մեր Արարիչը այս ամենը գրել է տվել ծառերի համար» (Մարկոս 12։29–31; Ելից 20։13)։
Եհովայի վկաները հավատում են, որ միայն Եհովան՝ ամենազոր Աստված, կարող է մշտական խաղաղություն հաստատել երկրի վրա։ Նրանք սպասում են, որ Եհովան իրագործի իր խոստումը և «դադարեցնի պատերազմները մինչեւ երկրի ծայրերը» (Սաղմոս 46։9)։