Գիտեի՞ք արդյոք
Երուսաղեմի շուրջ կառուցվե՞լ է սուր գերաններով պատնեշ, ինչպես մարգարեացել էր Հիսուսը
Երուսաղեմի կործանման մասին մարգարեանալիս Հիսուսն ասաց. «Օրեր կգան քեզ վրա, երբ թշնամիներդ քո շուրջը սուր գերաններով պատնեշ կկանգնեցնեն և կշրջապատեն ու ամեն կողմից կնեղեն քեզ» (Ղուկաս 19։43)։ Աստծու Որդու այս խոսքերը իրականացան մ.թ. 70–ին, երբ հռոմեացի զինվորները Տիտոսի հրամանով մի պատնեշ կառուցեցին Երուսաղեմի շուրջ։ Զորապետը երեք նպատակ էր հետապնդում. փակել հրեաների փախուստի ճանապարհը, ստիպել բնակիչներին հանձնվել և սովի մատնելով՝ նրանց հպատակեցնել։
Ըստ առաջին դարի պատմագիր Հովսեպոս Փլավիոսի՝ երբ զորախմբերը սուր գերաններով պատնեշ կառուցելու հրաման ստացան, սկսեցին մրցել, թե ով առաջինը կավարտի իրեն հանձնարարված հատվածը։ Նրանք կտրեցին քաղաքի շուրջ մինչև 16 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բոլոր ծառերը և ընդամենը երեք օրում մոտավորապես 7 կիլոմետր երկարությամբ պատնեշ կանգնեցրին։ Հովսեպոսը նշում է, որ այդ պատճառով «հրեաները կորցրին փախչելու հույսը»։ Բնակիչները սովի մատնվեցին, իսկ քաղաքը պաշտպանող զինված խմբերը սկսեցին սպանել իրար։ Հինգ ամիս հետո հռոմեացիները գրավեցին Երուսաղեմը։
Եզեկիա թագավորը կառուցե՞լ է թունել
Եզեկիան Հուդայի թագավորն էր։ Նա թագավորել է մ.թ.ա. ութերորդ դարի վերջին։ Այդ ժամանակ հզոր Ասորեստանը պատերազմ էր մղում իսրայելացիների դեմ։ Աստվածաշունչը հայտնում է, որ Եզեկիա թագավորը մեծ նախագիծ կազմեց Երուսաղեմը պաշտպանելու և պատերազմի ընթացքում բնակիչներին ջրով ապահովելու համար։ Նախագծի մեջ մտնում էր 533 մետր երկարությամբ թունելի, կամ՝ ջրանցքի կառուցումը (Դ Թագաւորաց 20։20; Բ Մնացորդաց 32։1–7, 30)։
Հետաքրքիր է, որ 19–րդ դարում հենց այսպիսի մի ջրանցք հայտնաբերվեց։ Այն կոչվեց Եզեկիայի թունել, կամ՝ Սիլովամի թունել։ Պեղումների ժամանակ թունելում հայտնաբերվեց մի մակագրություն, որում նկարագրվում էր, թե ինչպես են փորել ջրանցքի վերջին հատվածը։ Մակագրության ձևից շատ աստվածաշնչագետներ հասկացան, որ այն գրվել է Եզեկիայի ժամանակներում։ Սակայն տասը տարի առաջ ոմանք սկսեցին պնդել, թե թունելը կառուցվել է մոտ 500 տարի հետո։ Հետաքրքիր է, որ 2003 թ.–ին մի խումբ իսրայելացի գիտնականներ հրատարակեցին իրենց կատարած հետազոտությունների արդյունքները՝ նպատակ ունենալով գտնել թունելի կառուցման ճիշտ տարեթիվը։ Ի՞նչ արձագանքներ եղան։
Երուսաղեմի Եբրայերեն լեզվի համալսարանի դոկտոր Ամոս Ֆրեմկինը ասում է. «Մենք Սիլովամի թունելի պատի (սվաղի տակ եղած) օրգանական նյութերը և ուրան–թորիումի ստալակտիտը ստուգեցինք քարբոն 14 տեստով (կարբոն 14 տեստի միջոցով որոշվում է պեղումների ժամանակ հայտնաբերված առարկայի հնության տարեթիվը)։ Արդյունքներն ապացուցում են, որ թունելը կառուցվել է Եզեկիայի իշխանության ընթացքում»։ Իսկ «Նեյչր» գիտական հանդեսի հոդվածներից մեկում գրվեց հետևյալը. «Երեք ապացույցները՝ քարբոնի ռադիոճառագայթային տեստը, հին գրերի ուսումնասիրությունը և պատմական արձանագրությունը, փաստում են, որ թունելը թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. 700 թվականով։ Փաստորեն, Սիլովամի թունելը՝ Աստվածաշնչում արձանագրված մյուս բոլոր պատմական կառույցների հետ համեմատած, որոնք կառուցվել են Երկաթի դարում, միակն է, որ կարող ենք ստույգ նշել, թե մոտավորապես որ թվականին է կառուցվել» (Nature)։