Մոտեցեք Աստծուն
«Ես ձեր Եհովա Աստվածը սուրբ եմ»
Ղեւտացոց 19–րդ գլուխ
«ՍՈ՛ՒՐԲ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Եհովա Աստված» (Հայտնություն 4։8)։ Այս խոսքերով Աստվածաշունչը բացատրում է, որ Եհովա Աստված սուրբ է, այսինքն՝ բացարձակապես մաքուր, անաղարտ է։ Նա հեռու է ամեն տեսակ մեղքից ու պղծությունից։ Սակայն արդյո՞ք սա նշանակում է, որ անկատար մարդը անհույս վիճակում է և չի կարող մտերմանալ բացարձակապես սուրբ Աստծու հետ։ Ամենևի՛ն։ Որպեսզի համոզվենք դրանում, եկեք քննենք այն մխիթարական խոսքերը, որոնք արձանագրված են Ղեւտացոց 19–րդ գլխում։
Եհովան ասաց Մովսեսին. «Խօսիր Իսրայէլի որդիների բոլոր ժողովքի հետ»։ Այն, ինչ Աստված պատրաստվում էր ասել, վերաբերում էր յուրաքանչյուր իսրայելացու։ Ի՞նչ պետք է Մովսեսը հայտներ ժողովրդին։ Եհովան շարունակում է իր խոսքը. «Ասիր նորանց. դուք սուրբ եղիք, որովհետեւ ես ձեր Եհովայ Աստուածը սուրբ եմ» (համար 2)։ Յուրաքանչյուր իսրայելացի պետք է սուրբ լիներ, այսինքն՝ պետք է բարոյական բարձր չափանիշներով ապրեր։ «Սուրբ եղեք» արտահայտությունը ցույց է տալիս, որ այդ խոսքը պատվեր է։ Սակայն մի՞թե Աստված կպահանջեր մի բան, ինչը անհնար է մարդու համար։
Ուշադրություն դարձրեք՝ Եհովան չի պահանջում, որ անկատար մարդիկ իր նման սուրբ լինեն. դա անհնար կլիներ։ Փոխարենը՝ նա ցույց է տալիս պատճառը, թե ինչու պետք է հնազանդվել այդ պատվերին։ Եհովան «Ամենասուրբ» անձնավորությունն է (Առակաց 30։3)։ Այդ պատճառով էլ նա ակնկալում է, որ իր երկրպագուները նույնպես սուրբ լինեն, այնքան սուրբ, որքան կարող է լինել անկատար մարդը։ Իսկ ինչպե՞ս։
Մովսեսի միջոցով Եհովան նշեց այն պահանջները, որոնք կիրառելի են կյանքի բոլոր բնագավառներում։ Յուրաքանչյուր իսրայելացի պետք է հարգանք դրսևորեր իր ծնողների և տարեց մարդկանց հանդեպ (համար 3, 32), պետք է ուշադիր լիներ կույրերի, խուլերի և աղքատների նկատմամբ (համար 9, 10, 14), մարդկային փոխհարաբերություններում պետք է ազնիվ և անկողմնակալ լիներ (համար 11–13, 15, 35, 36) և պետք է սիրեր իր մերձավորին իր անձի պես (համար 18)։ Հնազանդվելով այս և մյուս պատվերներին՝ իսրայելացին կհամարվեր «սուրբ [իր] Աստուծոյ համար» (Թուոց 15։40)։
Այս պատվիրանից շատ կարևոր բաներ ենք սովորում Եհովա Աստծու մասին։ Նախ իմանում ենք, որ նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու համար պետք է համապատասխանենք նրա չափանիշներին (1 Պետրոս 1։15, 16)։ Եթե այդպես վարվենք, ապահով ու հանգիստ կյանքով կապրենք (Եսայիա 48։17)։
Բացի այդ, սովորում ենք, որ Եհովան վստահում է իր ծառաներին։ Նա երբեք չի ակնկալում մեզնից մի բան, ինչը չենք կարող անել (Սաղմոս 103։13, 14)։ Աստված գիտի, որ իր պատկերով ստեղծված մարդիկ կարո՛ղ են սուրբ լինել (Ծննդոց 1։26)։ Ցանկանո՞ւմ ես ավելի շատ մտերմանալ սուրբ Աստծու՝ Եհովայի հետ։
[նկար 9–րդ էջի վրա]
Մենք կարո՛ղ ենք սուրբ լինել