Ի՞նչ սովորեցրեց Հիսուսը իր մասին
«Հիսուսը կասկած անգամ չուներ, թե ով է ինքը, որտեղից է եկել, ինչու է եկել մեր աշխարհ և թե ինչ ապագա է իրեն սպասում» (ԳՐՈՂ ՀԵՐԲԵՐՏ ԼՈԿՅԵՐ)։
ՀԻՍՈՒՍԻ ուսմունքներին հավատալու համար անհրաժեշտ է որոշ գիտելիքներ ունենալ նրա մասին։ Ո՞վ էր Հիսուսը։ Որտեղի՞ց եկավ։ Ո՞րն էր նրա երկրային կյանքի նպատակը։ Պատասխանները կարող ենք ստանալ հենց Հիսուսից, եթե կարդանք Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարանները։
Նախքան երկիր գալը նա արդեն գոյություն է ունեցել։ Մի անգամ Հիսուսն ասաց. «Նախքան Աբրահամի լինելը ես արդեն կայի» (Հովհաննես 8։58)։ Աբրահամը ապրել է Հիսուսի ծնունդից մոտ 2 000 տարի առաջ։ Սակայն Հիսուսը ապրել է նախքան այդ հավատարիմ նահապետի լույս աշխարհ գալը։ Իսկ որտե՞ղ։ «Ես իջա երկնքից»,— ասաց նա (Հովհաննես 6։38)։
Աստծու Որդի։ Եհովան անթիվ–անհամար ոգեղեն որդիներ ունի։ Հիսուսը, սակայն, առանձնահատուկ որդի է Եհովայի համար։ Նա ինքը իր մասին ասաց, որ «Աստծու միածին Որդին» է (Հովհաննես 3։18)։ Դա նշանակում է, որ նա միակն է, որ ստեղծվել է անձամբ Եհովայի կողմից։ Մնացած բոլոր բաները ստեղծվել են միածին Որդու միջոցով (Կողոսացիներ 1։16)։
«Մարդու Որդի»։ Հիսուսը ավելի շատ է օգտագործել այս անունը իր առնչությամբ, քան որևէ ուրիշ մեկը (Մատթեոս 8։20)։ Այդպիսով նա ուզում էր ասել, որ ինքը ո՛չ ֆիզիկական մարմին հագած հրեշտակ է, ո՛չ էլ վերամարմնավորված էակ է, այլ մարդ արարած է։ Սուրբ ոգու միջոցով Աստված իր Որդու կյանքը երկնքից փոխադրեց երկիր, և կույս Մարիամի արգանդում սկսեց ձևավորվել Հիսուսը։ Արդյունքում նա ծնվեց որպես կատարյալ, մեղքից զերծ մարդ (Մատթեոս 1։18; Ղուկաս 1։35; Հովհաննես 8։46)։
Խոստացված Մեսիա։ «Ես գիտեմ, որ Մեսիան գալու է»,— ասաց մի սամարացի կին Հիսուսին։ Վերջինս էլ պատասխանեց. «Ես, որ քեզ հետ խոսում եմ, ես հենց նա՛ եմ» (Հովհաննես 4։25, 26)։ «Մեսիա», կամ՝ «Քրիստոս» բառը նշանակում է «Օծյալ»։ Հիսուսը օծված էր, այսինքն՝ Եհովայի կողմից նշանակված էր առանձնահատուկ մի դիրքի, քանի որ Աստծու խոստումների իրականացման մեջ կարևոր դեր ուներ։
Նրա գլխավոր առաքելությունը։ Մի առիթով Հիսուսն ասաց. «Պետք է Աստծու թագավորության բարի լուրը հռչակեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (Ղուկաս 4։43)։ Թեև նա շատ բարի գործեր էր անում կարիքավոր մարդկանց համար, սակայն Աստծու Թագավորության մասին քարոզելը իր կյանքի գլխավոր նպատակն էր։ Իսկ թե ի՞նչ նա սովորեցրեց այդ Թագավորության մասին, կիմանանք քիչ ուշ։
Հստակ է ուրեմն, որ Հիսուսը սովորական մարդ չէրa։ Նրա երկրային կյանքի վրա մեծ ազդեցություն էր թողել երկնային կյանքը։ Ուստի զարմանալի չէ, որ նա քարոզում էր մի պատգամ, որը մեծ ազդեցություն էր ունենալու ամբողջ աշխարհում ապրող միլիոնավոր մարդկանց վրա։
[Ծանոթագրություն]
a Հիսուսի և Աստծու նպատակների իրականացման մեջ նրա ունեցած դերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի չորրորդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։