Գիտեի՞ք արդյոք
Ի՞նչ նկատի ուներ Պողոս առաքյալը «հաղթական երթի» մասին խոսելիս
▪ Պողոս առաքյալը գրել է. «Շնորհակալությո՛ւն Աստծուն, որը միշտ հաղթական երթում առաջնորդում է մեզ Քրիստոսի հետ և իր մասին գիտության բուրմունքը մեր միջոցով տարածում է ամեն տեղ։ Որովհետև Աստծու համար մենք Քրիստոսի անուշ բուրմունքն ենք նրանց մեջ, ովքեր փրկվում են, և նրանց մեջ, ովքեր կործանվում են, վերջինների համար՝ մահվանից բխող և դեպի մահ տանող բուրմունք, իսկ առաջինների համար՝ կյանքից բխող և դեպի կյանք տանող բուրմունք» (2 Կորնթացիներ 2։14–16)։
Այստեղ առաքյալն ակնարկ էր անում այն շքերթի մասին, որը Հռոմեական կայսրության ժամանակներում կազմակերպվում էր հաղթանակով վերադարձած հրամանատարի պատվին։ Այդ շքերթների ժամանակ ժողովրդի առաջ ցուցադրում էին պատերազմից ստացած ավարը և գերիներին՝ իրենց հետ տանելով նաև ցլեր, որոնց պետք է զոհաբերեին։ Ժողովուրդը ծափահարություններով ու բացականչություններով ողջունում էր հաղթանակած հրամանատարին ու նրա զորքին։ Շքերթի վերջում ցլերին զոհաբերում էին, և, ամենայն հավանականությամբ, գերիներից շատերին սպանում էին։
Համաձայն մի աստվածաշնչյան հանրագիտարանի՝ առաքյալը, օգտագործելով «Քրիստոսի անուշ բուրմունք» արտահայտությունը, որը ոմանց համար կյանք է նշանակում, իսկ ոմանց համար՝ մահ, «հավանաբար ի մտի ուներ շքերթների ժամանակ այրվող խնկի բուրմունքը։ Դրանից եկող հոտը հաղթողների համար խորհրդանշում էր իրենց հաղթանակը, իսկ գերիներին հիշեցնում էր, որ իրենց մահ է սպասում»a (The International Standard Bible Encyclopedia)։
Ի՞նչ էին այն «բարձր տեղերը» կամ «բարձրաւանդակները», որոնց մասին հաճախ խոսվում է Եբրայերեն Գրություններում
▪ Երբ իսրայելացիները պետք է մտնեին Ավետյաց երկիր, Եհովան նրանց պատվիրեց, որ քանանացիների երկրպագության բոլոր վայրերը ավերեն։ Նա ասաց. «Նորանց բոլոր պատկերաւոր կոթողները կործանէք եւ նորանց բոլոր թափծու կուռքերը կործանէք. եւ նորանց բոլոր բարձր տեղերը քանդէք» (Թուոց 33։52)։ Կեղծ երկրպագության այդ վայրերը կա՛մ բլուրների վրա բացօթյա տարածքներ էին, կա՛մ էլ հարթակներ՝ կառուցված տարբեր տեղերում, օրինակ՝ ծառերի տակ կամ էլ պարզապես քաղաքներում (Գ Թագաւորաց 14։23; Դ Թագաւորաց 17։29; Եզեկիէլ 6։3)։ Այդ վայրերում կային զոհասեղաններ, սուրբ սյուներ ու ձողեր, կուռքեր, խունկ ծխելու սեղաններ և այլն։
Մինչև Երուսաղեմի տաճարը կառուցելը իսրայելացիները Եհովային երկրպագում էին այն «բարձր տեղերում», որոնց նա հավանություն էր տվել։ Օրինակ՝ Սամուել մարգարեն զոհ մատուցեց Սուփ երկրի քաղաքներից մեկի «բարձր տեղում» (Ա Թագաւորաց 9։11–14)։ Իսկ երբ տաճարը կառուցվեց, Եհովային հավատարիմ թագավորները ջանքեր գործադրեցին, որպեսզի երկրից վերացնեն կեղծ երկրպագությանը նվիրված «բարձրաւանդակները» (Դ Թագաւորաց 21։3; 23։5–8, 15–20; Բ Մնացորդաց 17։1, 6)։
[Ծանոթագրություն]
a Պողոսի բերած համեմատության հոգևոր նշանակությունն իմանալու համար տե՛ս «Դիտարանի» 1990թ.-ի նոյեմբերի 15-ի համարը, էջ 27 (անգլ., ռուս.)։
[Նկար 23–րդ էջի վրա]
ՈՐՄՆԱՔԱՆԴԱԿ, ՈՐՏԵՂ ՊԱՏԿԵՐՎԱԾ է ՀԱՂԹԱԿԱՆ ԵՐԹ ՀՌՈՄՈՒՄ, Մ.Թ. ԵՐԿՐՈՐԴ ԴԱՐ
[Թույլտվությամբ]
Photograph taken by courtesy of the British Museum
[Նկար 23–րդ էջի վրա]
ՍՈՒՐԲ ՍՅՈՒՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐ ԳԱԶԵՐ ՔԱՂԱՔՈՒՄ