Ի՞նչ պետք է սովորի երեխան
«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար» (2 ՏԻՄՈԹԵՈՍ 3։16)։
ԵՐԵԽԱՆԵՐԸ կարիք ունեն իմանալու ճշմարտությունը Աստծու մասին։ Այն կարելի է գտնել Աստվածաշնչում, մի գիրք, որը բացառիկ հեղինակություն է վայելում ամբողջ աշխարհում։
Աստվածաշունչը նամակ է Աստծուց, որում նա պատմում է իր մասին։ Այս գրքում կան բարոյական չափանիշներ թե՛ երեխաների և թե՛ մեծերի համար։ Քննենք մի քանի աստվածաշնչային մտքեր և տեսնենք, թե դրանք ինչով կարող են օգտակար լինել նույնիսկ փոքրիկների համար։
Ի՞նչ է ուզում Աստված, որ սովորենք իր մասին
◼ Ինչ է ասում Աստվածաշունչը։ «Դու, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա» (Սաղմոս 83։18)։
Ինչ ենք սովորում։ Աստված անդեմ ուժ չէ։ Նա իրական անձնավորություն է և անուն ունի։
◼ Ինչ է ասում Աստվածաշունչը։ «Եհովան քննում է բոլոր սրտերը և գիտի բոլոր մտքերն ու ցանկությունները։ Եթե փնտրես նրան, նա թույլ կտա քեզ գտնել իրեն, բայց եթե թողնես նրան, նա քեզ հավիտյան կմերժի» (1 Տարեգրություն 28։9)։
Ինչ ենք սովորում։ Եհովա Աստված հոգ է տանում բոլորի մասին, այդ թվում նաև փոքր երեխաների (Սաղմոս 10։14; 146։9)։ Նա ուզում է, որ մենք սովորենք իր մասին։
◼ Ինչ է ասում Աստվածաշունչը։ «Որբին չվշտացնեք։ Եթե նրան վշտացնես, ու եթե նա օգնության կանչի ինձ, ես անպայման կլսեմ նրա աղաղակը» (Ելք 22։22–24)։
Ինչ ենք սովորում։ Եհովան լսում է նույնիսկ փոքրիկների աղոթքները։ Մենք կարող ենք կանոնավորաբար խոսել Աստծու հետ և արտահայտել մեր խորին զգացմունքներն ու մտքերը։
◼ Ինչ է ասում Աստվածաշունչը։ «Կրկին ու կրկին փորձեցին Աստծուն և ցավ պատճառեցին Իսրայելի Սրբին» (Սաղմոս 78։41)։
Ինչ ենք սովորում։ Եհովան անտարբեր չէ մեր խոսքերի ու գործերի նկատմամբ, ուստի որևէ բան ասելուց կամ անելուց առաջ լավ կլինի մտածել։
Ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրանց, ովքեր տարբերվում են մեզնից
◼ Ինչ է ասում Աստվածաշունչը։ «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35)։
Ինչ ենք սովորում։ Քանի որ Աստված ընդունում է տարբեր ծագում ունեցող մարդկանց, մենք չպետք է խտրություն դնենք մեր և այն մարդկանց միջև, ովքեր տարբերվում են մեզնից մաշկի գույնով կամ դեմքի առանձնահատկություններով։
◼ Ինչ է ասում Աստվածաշունչը։ «Միշտ պատրաստ եղեք պատասխան տալու ամեն մարդու, ով ձեզանից բացատրություն կպահանջի ձեր մեջ եղած հույսի համար։ Սակայն դա արեք մեղմությամբ ու խոր հարգանքով» (1 Պետրոս 3։15)։
Ինչ ենք սովորում։ Կրոնի մասին խոսելիս պետք է արտահայտվենք համոզվածությամբ, բայց առանց ագրեսիայի։ Նաև պետք է հարգանք դրսևորենք նրանց հանդեպ, ում կրոնական համոզմունքները տարբերվում են մեր համոզմունքներից։
Ինչպե՞ս պետք է վերաբերվենք ընտանիքի անդամներին
◼ Ինչ է ասում Աստվածաշունչը։ «Երեխանե՛ր, հնազանդվեք ձեր ծնողներին ամեն ինչում, քանի որ դա է հաճելի Տիրոջը» (Կողոսացիներ 3։20)։
Ինչ ենք սովորում։ Իրենց հնազանդությամբ երեխաները ցույց են տալիս, որ սիրում են իրենց ծնողներին և ուզում են հաճեցնել Աստծուն։
◼ Ինչ է ասում Աստվածաշունչը։ «Շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց։ Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք արեք» (Կողոսացիներ 3։13)։
Ինչ ենք սովորում։ Մարդիկ, այդ թվում նաև մեր ընտանիքի անդամները երբեմն հիասթափեցնում են մեզ։ Սակայն եթե ցանկանում ենք, որ Աստված ների մեզ, պետք է սովորենք ներել ուրիշներին (Մատթեոս 6։14, 15)։
Ինչո՞ւ լինել ազնիվ և բարի
◼ Ինչ է ասում Աստվածաշունչը։ «Ձեր վրայից [հանեք] ստությունը [և] ամեն մեկդ ճշմարտությունը խոսեք ձեր մերձավորի հետ» (Եփեսացիներ 4։25)։
Ինչ ենք սովորում։ Երբ ճշմարտությունն ենք խոսում, մենք ընդօրինակում ենք Աստծուն և ուրախացնում ենք նրա սիրտը։ Իսկ եթե սուտ խոսելը սովորություն ենք դարձնում, ապա նմանվում ենք Աստծու թշնամուն՝ Սատանային, որը «ստախոս է և ստության հայրը» (Հովհաննես 8։44; Տիտոս 1։2)։
◼ Ինչ է ասում Աստվածաշունչը։ «Ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7։12)։
Ինչ ենք սովորում։ Մենք պետք է հաշվի առնենք մեր ընտանիքի անդամների և այլ մարդկանց զգացմունքները, կարծիքը և կարիքները։ Երբ «ցավակից» ենք լինում ուրիշներին, ամենայն հավանականությամբ, նրանք էլ մեզ այդպես կվերաբերվեն (1 Պետրոս 3։8; Ղուկաս 6։38)։
Ինչպես տեսանք, Աստվածաշունչը կարող է օգնել երեխաներին դառնալու երախտագետ, հարգալից և կարեկից մարդիկ։ Բայց ո՞վ պետք է նրանց սովորեցնի այս ամենը։