Սովորենք Աստծու Խոսքից
Ինչպե՞ս կարող ես որոշել, թե որ կրոնն է ճիշտ
Այս հոդվածում առաջ են քաշվում այնպիսի հարցեր, որոնք գուցե դու էլ ես տվել, և ցույց է տրվում, թե ինչպես կարող ես գտնել այդ հարցերի պատասխանները հենց քո Աստվածաշնչում։ Եհովայի վկաները հաճույքով կզրուցեն քեզ հետ այդ հարցերի շուրջ։
1. Արդյո՞ք ճշմարիտ կրոնը միայն մեկն է։
Հիսուսը իր հետևորդներին միայն մեկ կրոնի՝ ճշմարիտ կրոնի մասին էր սովորեցնում։ Այդ կրոնը նման է կյանքի տանող ճանապարհի։ Այդ ճանապարհի մասին Հիսուսն ասաց. «Քչերն են այն գտնողները» (Մատթեոս 7։14)։ Աստված ընդունում է միայն այն երկրպագությունը, որը հիմնված է իր Խոսքում պարունակվող ճշմարտության վրա։ Բոլոր ճշմարիտ երկրպագուները դավանում են մեկ հավատ և միասնական են (կարդա՛ Հովհաննես 4։23, 24; 14։6; Եփեսացիներ 4։4, 5)։
2. Ինչո՞ւ են բազմաթիվ կրոններ պնդում, թե քրիստոնեական են։
Կեղծ մարգարեները աղավաղել են քրիստոնեական ուսմունքները և դրանք ծառայեցրել իրենց նպատակներին։ Ինչպես Հիսուսը կանխագուշակեց, նրանք իրենց ներկայացնում են ինչպես իր «ոչխարներ», բայց վարվում են սոված գայլերի պես (Մատթեոս 7։13–15, 21, 23)։ Կեղծ քրիստոնեությունը տարածվեց հատկապես Հիսուսի առաքյալների մահից հետո (կարդա՛ Գործեր 20։29, 30)։
3. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ճշմարիտ կրոնը։
Ճշմարիտ երկրպագուները ընդունում են Աստվածաշունչը որպես Աստծու Խոսք։ Նրանք ջանում են ապրել Աստվածաշնչի սկզբունքներով, ուստի ճշմարիտ կրոնը տարբերվում է այն կրոններից, որոնք հիմնված են մարդկային գաղափարների վրա (Մատթեոս 15։7–9)։ Ճշմարիտ երկրպագուները չեն քարոզում մի բան և անում ուրիշ բան (կարդա՛ Հովհաննես 17։17; 2 Տիմոթեոս 3։16, 17)։
Ճշմարիտ կրոնը պատվում է Աստծու անունը՝ Եհովա։ Հիսուսը ճանաչեցրեց Աստծու անունը։ Նա օգնեց մարդկանց ճանաչելու Աստծուն և սովորեցրեց աղոթել Աստծու անվան սրբացման համար (Մատթեոս 6։9)։ Ձեր տարածքում ո՞ր կրոնն է կոչ անում գործածել Աստծու անունը (կարդա՛ Հովհաննես 17։26; Հռոմեացիներ 10։13, 14)։
4. Ինչո՞վ են առանձնանում ճշմարիտ երկրպագուները։
Ճշմարիտ քրիստոնյաները քարոզում են Աստծու Թագավորության մասին։ Աստված Հիսուսին ուղարկեց քարոզելու Թագավորության մասին։ Աստծու Թագավորությունը մարդկության միակ հույսն է։ Հիսուսը չդադարեց այդ մասին խոսելուց մինչև իր կյանքի վերջին օրը (Ղուկաս 4։43; 8։1; 23։42, 43)։ Նա պատվիրեց իր հետևորդներին քարոզել Աստծու Թագավորության մասին։ Եթե ինչ-որ մեկը մոտենա քեզ և ցանկանա խոսել Աստծու Թագավորության մասին, ի՞նչ կմտածես, ո՞ր կրոնից է նա (կարդա՛ Մատթեոս 10։7; 24։14)։
Հիսուսի հետևորդները այս չար աշխարհի մասը չեն կազմում։ Նրանք չեն մասնակցում քաղաքականությանը և սոցիալական հակամարտություններին (Հովհաննես 17։16)։ Նաև չեն ընդօրինակում աշխարհում ընդունված սովորություններն ու վարքը (կարդա՛ Հակոբոս 1։27; 4։4)։
5. Ո՞րն է ճշմարիտ քրիստոնյաների գլխավոր հատկությունը։
Ճշմարիտ քրիստոնյաները անկեղծ սեր են դրսևորում միմյանց հանդեպ։ Նրանք Աստվածաշնչից սովորում են հարգել բոլոր էթնիկական խմբերի ներկայացուցիչներին։ Կեղծ կրոնը հաճախ աջակցել է պատերազմներին, մինչդեռ ճշմարիտ երկրպագուները հրաժարվում են դա անելուց (Միքիա 4։1–4)։ Նրանք անշահախնդրորեն տրամադրում են իրենց ժամանակն ու միջոցները ուրիշներին՝ ձգտելով օգնել ու քաջալերել նրանց (կարդա՛ Հովհաննես 13։34, 35; 1 Հովհաննես 4։20, 21)։
Ո՞ր կրոնն է իր բոլոր ուսմունքները հիմնում Աստծու Խոսքի վրա, պատվում Աստծու անունը և հռչակում նրա Թագավորությունը որպես մարդկության միակ հույս։ Ո՞ր կրոնն է իր գործերով սեր դրսևորում և ո՞ր կրոնն է, որ թիկունք չի կանգնում պատերազմներին։ Շատերը կհամաձայնեն, որ այդ կրոնը Եհովայի վկաներն են (1 Հովհաննես 3։10–12)։
Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 15-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 16-րդ էջի վրա]
«Նրանք հրապարակորեն հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, սակայն իրենց գործերով ուրանում են նրան» (Տիտոս 1։16)։