Ընթերցողների հարցերը
Ի՞նչ են ցույց տալիս ծառայության տարեկան հաշվետվության ցուցանիշները։
Ամեն տարի մենք մեծ հետաքրքրությամբ սպասում ենք ծառայության տարեկան հաշվետվությանը, որը տպվում է «Տարեգրքում»։ Անչափ տպավորիչ է տեսնել, թե աշխարհով մեկ Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործում ինչ մեծ աշխատանք են կատարել Եհովայի վկաները։ Բայց որպեսզի լավագույնս օգտվենք այդ հաշվետվությունից, անհրաժեշտ է, որ ճիշտ հասկանանք, թե ինչ են ցույց տալիս առանձին բաժիններն ու ցուցանիշները։ Նկատի առնենք մի քանի օրինակ։
Ծառայողական տարի։ Այն սկսվում է տվյալ տարվա սեպտեմբերից և ավարտվում է հաջորդ տարվա օգոստոսին։ «Տարեգրքում» տպվում է նախորդ ծառայողական տարվա հաշվետվությունը։ Օրինակ՝ 2011թ. «Տարեգրքում» կարող ենք գտնել 2010թ. ծառայողական տարվա՝ 2009-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2010-ի օգոստոսի 31-ը իրականացված ծառայության հաշվետվությունը։
Քարոզիչների բարձրագույն թիվ և քարոզիչների միջին թիվ։ Քարոզիչների թվի մեջ են մտնում բոլոր մկրտված Եհովայի վկաները և նրանք, ովքեր դեռևս մկրտված չեն, բայց Թագավորության քարոզիչներ են։ Քարոզիչների բարձրագույն թիվը ցույց է տալիս ծառայողական տարվա ընթացքում որևէ մեկ ամսին ստացված հաշվետվությունների բարձրագույն թիվը և կարող է ներառել նաև ուշացումով տրված հաշվետվությունները, որոնք չեն ընդգրկվել նախորդ ամսվա հաշվետվության մեջ։ Այդ իսկ պատճառով որոշ քարոզիչներ գուցե երկու անգամ են հաշվվել։ Սակայն բարձրագույն թվի մեջ չեն մտնում այն քարոզիչները, որոնք թեև տվյալ ամսին մասնակցել են ծառայությանը, սակայն մոռացել են հաշվետվություն հանձնել։ Սա ցույց է տալիս, որ անչափ կարևոր է, որ յուրաքանչյուր քարոզիչ ամեն ամիս ժամանակին հանձնի հաշվետվությունը։ Իսկ քարոզիչների միջին թիվը ցույց է տալիս ծառայողական տարվա ընթացքում ամեն ամիս ստացված հաշվետվությունների միջին թիվը։
Ընդհանուր ժամեր։ 2011թ. «Տարեգրքի» համաձայն՝ Եհովայի վկաները 1,6 միլիարդ ժամ են տրամադրել քարոզչական ծառայությանը։ Այս թիվը ցույց չի տալիս, թե ընդհանուր առմամբ որքան ժամանակ ենք անցկացրել Եհովայի երկրպագության մեջ, քանի որ մենք չենք հաշվում այն ժամանակը, որ կանոնավորաբար տրամադրում ենք այնպիսի հոգևոր գործերի, ինչպիսիք են հովվական այցելությունը, ժողովի հանդիպումներին մասնակցելը, Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն անելն ու խորհրդածելը։
Ծախսեր։ 2010թ. ծառայողական տարվա ընթացքում Եհովայի վկաները ծախսել են 155 միլիոն դոլար՝ հոգալու համար հատուկ լիաժամ քարոզիչների, միսիոներների և շրջագայող վերակացուների կարիքները, որպեսզի վերջիններս իրականացնեն իրենց քարոզչական ծառայության նշանակումները։ Այս ծախսերի մեջ չեն մտնում այն գումարները, որոնք հատկացվում են աստվածաշնչյան գրականություն հրատարակելու և բոլոր մասնաճյուղերում ծառայող ավելի քան 20000 բեթելցիների մասին հոգալու համար։
Խորհրդանիշներից օգտվողներ։ Այս թվի մեջ մտնում են այն բոլոր մկրտված անհատները, որոնք Հիշատակի երեկոյի ժամանակ օգտվել են խորհրդանիշներից։ Սակայն չենք կարող ասել, որ այս թիվը ցույց է տալիս, թե որքան օծյալներ կան երկրի վրա։ Մի շարք գործոններ, ինչպիսիք են օրինակ՝ նախկինում ունեցած կրոնական համոզմունքները կամ նույնիսկ մտավոր և էմոցիոնալ անհավասարակշռված վիճակը, կարող են պատճառ լինել, որ ոմանք սխալմամբ մտածեն, թե իրենք երկնային կյանքի են կանչված։ Ուստի պարզ է, որ մենք ոչ մի կերպ չենք կարող ստույգ իմանալ, թե քանի օծյալ քրիստոնյա կա երկրի վրա, և ոչ էլ դրա կարիքը կա։ Կառավարիչ մարմինը չի ցուցակագրում Հիշատակի երեկոյին խորհրդանիշներից օգտվողների անուններըa։
Այդուհանդերձ, մենք հաստատ գիտենք, որ Աստծու օծյալ ծառաներից ոմանք երկրի վրա կլինեն, երբ մեծ նեղության կործանարար քամիները բաց թողնվեն (Հայտն. 7։1–3)։ Մինչ այդ, սակայն, օծյալները կշարունակեն առաջնորդել քարոզելու և աշակերտներ պատրաստելու այն հսկայածավալ գործը, որը երբևէ իրականացվել է մարդկության պատմության մեջ և որը այդքան լավ ներկայացվում է մեր ծառայության տարեկան հաշվետվության մեջ։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Հավատարիմ տնտեսը և նրա Կառավարիչ մարմինը» հոդվածը «Դիտարանի» 2009թ. հունիսի 15-ի համարում, էջ 24։