Ընթերցողների հարցերը
Ի՞նչ իմաստով է «թանկարժեք Եհովայի աչքերում իրեն նվիրվածների մահը»
▪ Սաղմոսերգուն սուրբ ոգու ներշնչմամբ երգեց. «Թանկարժեք է Եհովայի աչքերում իրեն նվիրվածների մահը» (Սաղ. 116։15)։ Եհովայի համար շատ թանկ է իր յուրաքանչյուր ծառայի կյանքը։ Սակայն 116-րդ սաղմոսում նշված խոսքերը չեն վերաբերում առանձին անհատների մահվանը։
Մահացած քրիստոնյայի թաղման ելույթը ներկայացնելիս տեղին չէ Սաղմոս 116։15-ի խոսքերը կիրառել նրա պարագայում, նույնիսկ եթե նա փաստել է իր նվիրվածությունը Եհովայի հանդեպ։ Ինչո՞ւ։ Քանի որ սաղմոսերգուի խոսքերը ավելի լայն նշանակություն ունեն։ Դրանք ցույց են տալիս, որ Աստված որպես խումբ իրեն նվիրվածների մահը չափազանց մեծ գին է համարում, որպեսզի թույլ տա, որ այդպիսի բան տեղի ունենա (տե՛ս Սաղմոս 72։14; 116։8)։
Սաղմոս 116։15-ը վստահեցնում է մեզ, որ Եհովան թույլ չի տա, որ իր նվիրված ծառաները որպես խումբ ամբողջովին վերանան երկրի վրայից։ Մեր ժամանակակից պատմությունը ցույց է տալիս, որ տոկացել ենք դաժան փորձությունների ու հալածանքների, ինչն էլ հստակ ապացուցում է, որ Աստված երբեք թույլ չի տա, որ ոչնչացվենք։
Քանի որ Եհովան անսահման զորություն ունի ու նրա նպատակը, անկասկած, իրականանալու է, նա թույլ չի տա, որ դադարենք գոյություն ունենալուց որպես խումբ։ Եթե Աստված նման բան թույլ տա, այնպիսի տպավորություն կստեղծվի, թե իր թշնամիները ավելի զորեղ են, ինչը անհնար է։ Նաև կնշանակի, որ Եհովայի նպատակը՝ երկրագունդը բնակեցնել իրեն հավատարիմ մարդկանցով, չի իրականանա, ինչը նույնպես անհնար է (Ես. 45։18; 55։10, 11)։ Էլ չենք ասում, որ երկրի վրա Եհովային այլևս սուրբ ծառայություն չի մատուցվի, եթե հոգևոր մեծ տաճարի երկրային գավիթներում ոչ մի մարդ չմնա, որ իրեն երկրպագի։ Չեն լինի մարդիկ, որոնք կկազմեն հիմքը «նոր երկրի»՝ մարդկային արդար հասարակության, որը պետք է ապրի երկրագնդի վրա «նոր երկնքի» ղեկավարության ներքո (Հայտն. 21։1)։ Նաև եթե չլինեն երկրային հպատակներ, Քրիստոսի Հազարամյա Իշխանությունը իրականություն չի դառնա (Հայտն. 20։4, 5)։
Աստծու դիրքն ու հեղինակությունը հարցականի տակ կդրվեն, եթե նա իր թշնամիներին թույլ տա երկրի վրայից վերացնել իր ժողովրդին որպես խմբի։ Դա կարատավորի Եհովայի՝ որպես Տիեզերքի Գերիշխանի հեղինակությունը։ Ավելին, Եհովան թույլ չի տա, որ իրեն նվիրված մարդիկ որպես խումբ մահանան, քանի որ հարգում է իրեն ու իր սուրբ անունը։ Նկատի առ նաև հետևյալը. քանի որ Աստծու մեջ «անարդարություն չկա», ոչ մի դեպքում հնարավոր չէ, որ նա չպահպանի այն մարդկանց խումբը, որը հավատարմորեն ծառայել է իրեն (2 Օրենք 32։4; Ծննդ. 18։25)։ Նաև եթե նա թույլ տա, որ իր ծառաները որպես խումբ բնաջինջ լինեն, կհակասի իր Խոսքին, որտեղ ասվում է. «Եհովան հանուն իր մեծ անվան չի լքի իր ժողովրդին» (1 Սամ. 12։22)։ Այո՛, «Եհովան չի թողնի իր ժողովրդին, նա չի լքի իր ժառանգությանը» (Սաղ. 94։14)։
Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովայի ժողովուրդը երբեք չի վերանա երկրի վրայից։ Ուստի եկեք միշտ ամեն ջանք թափենք, որ նվիրված մնանք Աստծուն՝ վստահելով նրա հետևյալ խոստմանը. «Քո դեմ շինած ոչ մի զենք հաջողություն չի ունենա, և դու կդատապարտես ցանկացած լեզու, որը դատաստանի դուրս կգա քո դեմ։ Սա է Եհովայի ծառաների ժառանգությունը, և նրանց արդարությունն ինձնից է» (Ես. 54։17)։
[մեջբերում 22-րդ էջի վրա]
Աստված երբեք թույլ չի տա, որ իր ժողովուրդը վերանա