«Սա է հավիտենական կյանքը»
«Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 17։3)։
ԳԻՏԵԼԻՔԸ կարող է փրկել կյանքը։ Երբ տասը ամսական Նուհուն հիվանդացավ, նրա մայրը, որը բժշկության ոլորտում է աշխատում աֆրիկական Նիգեր երկրում, գիտեր, թե ինչ անել։ Նա մաքուր ջրի մեջ լցրեց շաքարավազ ու աղ և խմեցրեց երեխային։ Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի մանկական ֆոնդը, մոր «արագ գործողությունների և առողջապահության ոլորտում ընդգրկված լինելու շնորհիվ երեխան սկսեց ապաքինվել»։
Աստվածաշնչյան գիտելիքը նույնպես կարող է փրկել կյանքը։ Աստվածաշնչի առաջին գիրքը գրողը՝ Մովսեսը, գրեց. «Սրանք [այսինքն՝ Աստծու խոսքերը] փուչ խոսքեր չեն ձեզ համար, այլ կյանք են տալիս ձեզ, և այս խոսքերով դուք երկար օրեր կապրեք» (2 Օրենք 32։47)։ Կարո՞ղ է Աստծու Խոսքը իսկապես երկարացնել մեր օրերը։ Ինչպե՞ս այն կարող է կյանք տալ մեզ։
Նախորդ հինգ հոդվածներում տեսանք, որ Աստվածաշունչը անզուգական է իր վստահելի մարգարեություններով, պատմական և գիտական ճշգրտությամբ, ներքին ներդաշնակությամբ և գործնական առաջնորդությամբ։ Այս ամենը Աստվածաշունչը անհերքելիորեն դարձնում է եզակի գիրք։ Ուստի եթե այն ասում է, թե ինչպես կարելի է ապրել երկար՝ ապրել հավիտյան, մի՞թե չարժե մանրամասնորեն քննել այն։
Մենք հորդորում ենք ձեզ իմանալ, թե աստվածաշնչյան ճշգրիտ գիտելիքներն ինչպես կարող են տալ հոգեկան անդորր ու երջանիկ ապագա։ Եհովայի վկաները հաճույքով կօգնեն ձեռք բերելու այդպիսի գիտելիքներ։
[շրջանակ/նկար 9-րդ էջի վրա]
Աստվածաշունչը եզակի է նաև նրանով, որ միակ գիրքն է, որ տալիս է հետևյալ կարևոր հարցերի սպառիչ պատասխանները.
• ո՞րն է կյանքի իմաստը,
• ինչո՞ւ այսքան շատ տառապանք կա,
• ի՞նչ հույս կա մեր մահացած հարազատների համար։
Դուք կարող եք գտնել այս հարցերի աստվածաշնչյան պատասխանները «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքում (հրատարակվել է Եհովայի վկաների կողմից)։