Հիսուսի հարությունը կյանք է նշանակում
ՈՄԱՆՔ գուցե մտածեն, թե Հիսուսի հարությունը պարզապես հնում տեղի ունեցած մի դեպք է, որը ոչ մի նշանակություն չունի մեր օրերում։ Սակայն Պողոս առաքյալը խոսեց դրա կարևորության մասին՝ գրելով. «Քրիստոսը հարություն է առել՝ ննջեցյալների մեջ առաջին պտուղը։ Ինչպես որ մահն է մարդու միջոցով, այնպես էլ մահացածների հարությունն է մարդու միջոցով, որովհետև ինչպես Ադամով բոլորը մահանում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան» (1 Կորնթացիներ 15։20–22)։
Հիսուսը հարություն է առել մ.թ. 33-ին՝ նիսանի 16-ին, այն օրը, երբ հրեաները Երուսաղեմի տաճարի սրբարանում Եհովա Աստծուն մատուցում էին հացահատիկի բերքի առաջին պտուղները։ Հիսուսին անվանելով «առաջին պտուղ»՝ Պողոսն ուզում էր ասել, որ լինելու են նաև ուրիշներ, ովքեր հարություն են առնելու։
Պողոսի հաջորդ խոսքերը ցույց են տալիս, թե ինչ հնարավոր դարձավ Հիսուսի հարությամբ։ «Ինչպես որ մահն է մարդու միջոցով,— ասաց Պողոսը,— այնպես էլ մահացածների հարությունն է մարդու միջոցով»։ Քանի որ Ադամի միջոցով մեզ մեղք ու մահ է փոխանցվել, բոլորս մահանում ենք։ Իսկ Հիսուսը, իր կատարյալ մարդկային կյանքը փրկանք տալով, մարդկանց համար հնարավոր դարձրեց հարության միջոցով ազատվել մեղքի ու մահվան հետևանքներից։ Ուստի Պողոսը Հռոմեացիներ 6։23-ում գրում է. «Մեղքի տված վարձը մահն է, բայց Աստծու տված պարգևը՝ հավիտենական կյանք մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով»։
Հիսուսն ինքն էլ բացատրեց, թե ինչ են նշանակում իր մահն ու հարությունը մեզ համար։ Նա ասաց. «Մարդու Որդին պետք է բարձրացվի, որպեսզի ամեն ոք, ով հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։14–16)։
Պատկերացրու՝ ապրում ես հավիտյան, չկա ցավ, տառապանք ու վիշտ (Հայտնություն 21։3, 4)։ Ի՜նչ հրաշալի հեռանկար։ Մի աստվածաշնչագետ հետևյալն է ասել. «Գերեզմանները հիշեցնում են, որ կյանքը հարատև չէ, իսկ հարությունը վստահեցնում է, որ հարատև չէ մահը»։ Այո՛, Հիսուսի հարությունը կյանք է նշանակում մեզ համար։