Ռահվիրաներն օգնում են մյուսներին
1 Հիսուսն ասել է. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ Արդ, խնդրեցէ՛ք հնձի տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար»։ Քանի որ առաջին դարի «մշակները» թվով քիչ էին, իսկ մշակելու շատ տարածք կար, Հիսուսը կարող էր պատվիրել նրանց գնալ մենակ, որպեսզի բարի լուրը հնարավորին չափ շատ մարդկանց հասցնեին. փոխարենը՝ նա նրանց «երկու–երկու ուղարկեց» (Ղուկաս 10։1, 2)։ Ինչո՞ւ։
2 Հիսուսի աշակերտները սկսնակ էին և անփորձ։ Միասին համագործակցելով՝ նրանք կարող էին սովորել և ոգևորել միմյանց։ Այդ կարծիքին էր նաև Սողոմոնը, որը գրեց. «Երկու հոգով աւելի լաւ է, քան մենակ» (Ժողովող 4։9, 10, ԷԹ)։ Մ.թ. 33 թ. Պենտեկոստեի օրը սուրբ հոգով լցվելուց հետո էլ Պողոսը, Բառնաբասը և ուրիշները ծառայության մեջ ուղեկցում էին հավատակիցներին (Գործք 15։35)։ Ինչպիսի՜ առանձնաշնորհում էր այսպիսի փորձառու մարդկանց աջակցությամբ կատարելագործվելը։
3 Ուսուցողական հիանալի ծրագիր. Առաջին դարի արտացոլումը լինելով՝ ժամանակակից քրիստոնեական ժողովը քարոզչական գործունեությամբ զբաղվող կազմակերպություն է։ Նա նաև օգնում է մեզ քարոզչության բնագավառում կատարելագործվել։ Բարի լուրը հնարավորին չափ արդյունավետ կերպով մատուցելը յուրաքանչյուրիս սրտանց ցանկությունը պետք է լինի։ Բազմաթիվ քարոզիչներ կարող են օգնություն ստանալ քարոզչական գործունեության մեջ իրենց արդյունավետությունը բարձրացնելու համար։
4 Վերջերս տեղի ունեցած Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ Ընկերությունը տեղեկացրեց «Ռահվիրաներն օգնում են մյուսներին քարոզչական ծառայության մեջ» ծրագրի մասին։ Իսկ դրա պահանջը կա՞ արդյոք. անշո՛ւշտ։ Վերջին երեք տարիների ընթացքում մոտ մեկ միլիոն քարոզիչներ են մկրտվել, և նրանցից շատերը կարիք ունեն կատարելագործվելու, որպեսզի ավելի արդյունավետ կերպով կատարեն քարոզչական աշխատանքը։ Ո՞վ է պատրաստ օգնելու։
5 Այդ գործում կարող են օգնել լիաժամ ռահվիրաները։ Եհովայի կազմակերպությունը ապահովում է նրանց բազում խորհուրդներով և կրթական ծրագրով։ Երկու շաբաթ տևող Ռահվիրայական ծառայության դպրոցի ժամանակ ռահվիրաներն իրենց կարիքների համաձայն հրահանգներ են ստանում։ Նրանք նաև օգուտներ են քաղում շրջանային և նահանգային վերակացուների հետ հանդիպումներից, ինչպես նաև երեցների առաջնորդությունից։ Թեև ոչ բոլոր ռահվիրաներն են Պողոսի և Բառնաբասի նման փորձառու, սակայն նրանք արժեքավոր ուսում են ստանում, որը սիրով կիսում են մեզ հետ։
6 Ովքե՞ր օգուտներ կքաղեն. Այս ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն միայն նոր քարոզիչնե՞րը կամ վերջերս մկրտվածնե՞րը։ Իհարկե, ոչ։ Կան երիտասարդներ և ծերեր, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ ծանոթ են ճշմարտությանը, սակայն շնորհակալ կլինեին, եթե ծառայության որոշ ոլորտներում օգնություն ստանային։ Ոմանք հաջող կերպով առաջարկում են գրականությունը, սակայն դժվարանում են կրկնակի այցելություններ կատարել կամ էլ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Ուրիշները հեշտությամբ կարողանում են Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել, բայց իրենց հետաքրքրվողների մոտ հոգևոր առաջխաղացում չեն նկատում։ Ի՞նչն է կասեցնում նրանց հոգևոր աճը... Փորձառու ռահվիրաները կարող են օգնել նման դեպքերում։ Ոմանք հեշտությամբ կարողանում են հետաքրքրություն զարգացնել, Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել և հետաքրքրվողին կազմակերպություն բերել։ Այս նոր ծրագրում նման քարոզիչների փորձն օգտակար կլինի։
7 Գտնո՞ւմ ես, որ օրվա ռեժիմդ թույլ չի տալիս քեզ մասնակցելու դաշտի ծառայության համար կազմակերպված ժողովի կանոնավոր հանդիպումներին այնքան, որքան կցանկանայիր։ Այս հարցում կարող են օգնել ռահվիրաները՝ քեզ հետ միասին ծառայությանը մասնակցելով այն դեպքերում, երբ մյուսները չեն կարողանա։
8 Լավ համագործակցություն է հարկավոր. Տարին երկու անգամ երեցները միջոցներ պիտի ձեռնարկեն այն քարոզիչների համար, որոնք ձգտում են «Ռահվիրաներն օգնում են մյուսներին» ծրագրից օգուտ ստանալ։ Եթե համաձայն ես, ապա քեզ օգնելու համար նշանակված ռահվիրայի հետ ծառայության գործնական կարգացուցակ կազմիր և հետևիր դրան։ Պահպանիր բոլոր ժամադրությունները։ Միասին համագործակցելիս՝ ուշադրություն դարձրու բարի լուրը ներկայացնելու ազդու մեթոդներին. վերլուծիր, թե ինչո՞ւ են որոշ մոտեցումներ արդյունավետ։ Մտածիր ռահվիրայի առաջարկած այն խորհուրդների վրա, որոնք կարող են բարելավել քո մատուցման ձևը։ Սովորածդ կիրառելով ծառայության մեջ՝ առաջընթացդ հայտնի կդառնա ինչպես քո, այնպես էլ ուրիշների համար (տես Ա Տիմոթէոս 4։15)։ Որքան հնարավոր է միասին հաճախակի համագործակցեք՝ մասնակցելով ծառայության բոլոր մարզերում՝ ներառյալ նաև ոչ պաշտոնական վկայությունը, բայց կենտրոնանալով այն ոլորտի վրա, որտեղ դու օգնության կարիք ես զգում։
9 Ծառայողական վերակացուն շահագրգռված է քո առաջադիմության հարցում։ Ժողովի գրքի ուսումնասիրությունն անցկացնող եղբոր հետ նա պարբերաբար պիտի հետևի՝ տեսնելու համար, թե ինչ օգուտներ ես քաղում ծրագրից։ Շրջանային վերակացուն նույնպես կօգնի քեզ՝ ձեր ժողով այցելելիս։
10 Եհովան ցանկանում է, որ իր ժողովուրդն ուսուցված լինի և «պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմոթէոս 3։17)։ «Ռահվիրաներն օգնում են մյուսներին» ծրագիրը նկատիր որպես հիանալի միջոցառում՝ օգնելու նրանց, ովքեր ցանկանում են կատարելագործել քարոզելու իրենց կարողությունները։ Եթե այդ ծրագրին մասնակցելու առանձնաշնորհում ունես, ապա ամեն բան արա երախտագիտությամբ, խոնարհությամբ և ուրախությամբ։