Միջոց՝ ընտանիքներին օգնելու համար
1. Ինչպե՞ս էր Շաբաթը պահելը օգնում իսրայելացի ընտանիքներին։
1 Շաբաթը պահելու օրենքը մի միջոց էր, որով Եհովան իր սերն էր արտահայտում ընտանիքների հանդեպ։ Սա իսկական օգնություն էր իսրայելացիների համար. նրանք հանգստանում էին իրենց առօրյա գործերից և ժամանակ էին ունենում խորհելու Եհովայի բարության ու նրա հետ ունեցած փոխհարաբերությունների շուրջ։ Ծնողները կարող էին օգտագործել այս առիթը՝ իրենց երեխաների սրտում Օրենքը սերմանելու համար (2 Օրենք 6։6, 7)։ Այսպիսով՝ Շաբաթը հնարավորություն էր տալիս Եհովայի ժողովրդին կենտրոնանալու իրենց հոգևոր կարիքների վրա։
2. Շաբաթը պահելու օրենքից ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին։
2 Ինչ խոսք, Եհովան այլևս չի պահանջում ընտանիքներից պահել Շաբաթը։ Սակայն այս օրենքից որոշ բաներ ենք սովորում մեր Աստծու մասին։ Նա բոլոր ժամանակներում խորապես հետաքրքրված է եղել իր ժողովրդի հոգևոր բարօրությամբ (Ես. 48։17, 18)։ Այսօր միջոցներից մեկը, որով Եհովան արտահայտում է իր հոգատարությունը, ընտանեկան երկրպագության երեկոն է։
3. Ո՞րն է ընտանեկան երկրպագության նպատակը։
3 Ո՞րն է ընտանեկան երկրպագության նպատակը։ Սկսած 2009թ. հունվարից՝ Գրքի ուսումնասիրության հանդիպումը անցկացվում է Աստվածապետական ծառայության դպրոցի և Ծառայողական հանդիպման հետ միասին։ Այս փոփոխության նպատակներից մեկն այն էր, որ ընտանիքները հնարավորություն ունենան ամրացնելու Եհովայի հետ ունեցած իրենց փոխհարաբերությունները՝ ամեն շաբաթ մի երեկո տրամադրելով ընտանեկան երկրպագությանը։ Բոլոր ընտանիքներին հորդոր էր տրվել ընտանեկան ուսումնասիրությունը անցկացնել Գրքի ուսումնասիրության հանդիպման օրը, եթե իհարկե հարմար է։ Նրանք կարող էին օգտագործել այս ժամանակը՝ առանց շտապելու Աստվածաշնչից քննարկումներ անելու և ընտանիքի կարիքներին համապատասխան նյութ ուսումնասիրելու համար։
4. Պարտադի՞ր է, որ ընտանեկան երկրպագության երեկոն ընդամենը մեկ ժամ տևի։ Բացատրի՛ր։
4 Գրքի ուսումնասիրության հանդիպմանը հաճախելու համար մենք ժամանակ էինք ծախսում հագնվելու, ճանապարհի և այլ բաների վրա։ Թեև այս ուսումնասիրությունը տևում էր ընդամենը մեկ ժամ, սակայն շատերը հանդիպմանը ներկա գտնվելու և վերադառնալու համար ծախսում էին իրենց երեկոյի մեծ մասը։ Ժողովի ծրագրում կատարված այս փոփոխության շնորհիվ այժմ հնարավորություն ունենք այդ երեկո ընտանիքով երկրպագելու Եհովային։ Սակայն պարտադիր չէ, որ մեր ընտանեկան երկրպագության երեկոն ընդամենը մեկ ժամ տևի։ Ընդհակառակը՝ պետք է մտածենք, թե ինչ կարիքներ ունի մեր ընտանիքը, և ըստ այդմ էլ սահմանենք ժամանակը։
5. Արդյո՞ք պետք է ամբողջ ժամանակը տրամադրել քննարկմանը։ Բացատրի՛ր։
5 Արդյո՞ք պետք է ամբողջ ժամանակը տրամադրենք քննարկմանը։ Երբ ամուսնական զույգերը և այն ընտանիքները, որոնք երեխաներ ունեն, միասին աստվածաշնչյան թեմաներ են քննարկում, փոխադարձ քաջալերություն են ստանում (Հռոմ. 1։12)։ Ընտանիքի անդամներն ավելի են մտերմանում իրար հետ։ Ուստի աստվածաշնչյան քննարկումները պետք է լինեն ընտանեկան երկրպագության ամենակարևոր մասը։ Սակայն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է նաև ժամանակ տրամադրել անձնական ուսումնասիրությանը։ Օրինակ՝ քննարկումներից հետո ընտանիքի անդամները կարող են միասին մնալ, սակայն նրանցից յուրաքանչյուրը գուցե նախընտրի շարունակել ուսումնասիրությունը առանձին՝ թերևս նախապատրաստվելով ժողովի հանդիպումներին կամ ընթերցելով պարբերագրերը։ Որոշ ընտանիքներ նախընտրում են չմիացնել հեռուստացույցը ողջ երեկոյի ընթացքում։
6. Ինչպե՞ս կարելի է անցկացնել քննարկումը։
6 Ինչպե՞ս կարելի է անցկացնել քննարկումը։ Այն չպետք է միշտ հարց ու պատասխանով լինի։ Որպեսզի ընտանեկան երկրպագության երեկոն աշխույժ ու հետաքրքիր անցնի, բազմաթիվ ընտանիքներ ծրագիր ունեն, որը նման է շաբաթվա ընթացքում անցկացվող հանդիպման ծրագրին։ Նրանք քննարկման իրենց ծրագիրը բաժանում են մի քանի մասերի և տարբեր ձևերով անցկացնում դրանք։ Օրինակ՝ նրանք կարող են միասին կարդալ Աստվածաշունչը, նախապատրաստվել հանդիպման որևէ բաժնի և բեմականացումներ ներկայացնել ծառայության հետ կապված։ Որոշ առաջարկներ տրված են 6-րդ էջում։
7. Ինչպիսի՞ մթնոլորտ պետք է ջանան ստեղծել ծնողները։
7 Ինչպիսի՞ մթնոլորտ պետք է ջանան ստեղծել ծնողները։ Քո ընտանիքը լավագույն օգուտները կքաղի այն դեպքում, եթե ուսումնասիրությունն անցկացվի ջերմ և անկաշկանդ մթնոլորտում։ Ծնողները չպետք է ընտանեկան երկրպագությունը օգտագործեն որպես միջոց՝ իրենց երեխաներին հանդիմանելու կամ պատժելու համար, սակայն նրանք կարող են որոշ ժամանակ հատկացնել կոնկրետ խնդրի մասին խոսելու, որը նկատել են։ Մինչդեռ անձնական խնդիրների մասին տեղին կլինի երեխայի հետ մեկ ուրիշ օր առանձին խոսել, որպեսզի վերջինս քրոջ կամ եղբոր ներկայությամբ իրեն կաշկանդված չզգա։ Ընտանեկան երկրպագության երեկոն չպետք է չոր ու ցամաք անցնի։ Այն երբեմն կարելի է անցկացնել դրսում, եթե եղանակը բարենպաստ է։ Ժամանակ առ ժամանակ կարող եք ընդմիջում անել։ Որոշ ընտանիքներ ծրագրից հետո թեթև ուտեստներ են վայելում։ Ընտանեկան երկրպագությունը պետք է ցույց տա, որ մենք երկրպագում ենք երջանիկ Աստծուն (1 Տիմոթ. 1։11)։
8, 9. Ինչպե՞ս պետք է ընտանիքի գլուխները նախապատրաստվեն երկրպագության երեկոյին։
8 Ինչպե՞ս կարող է նախապատրաստվել ընտանիքի գլուխը։ Տան անդամները մեծ օգուտներ կքաղեն, եթե ընտանիքի գլուխը նախօրոք պատրաստվի երկրպագությանը՝ որոշելով, թե ինչ նյութ պետք է քննարկվի և որն է այն մատուցելու լավագույն ձևը (Առակ. 21։5)։ Ամուսիննե՛ր, խորհրդակցեք ձեր կանանց հետ այդ մասին (Առակ. 15։22)։ Հայրե՛ր, ժամանակ առ ժամանակ հարցրեք ձեր երեխաներին, թե ինչ թեմաներ կցանկանային քննարկել։ Այդպիսով արժեքավոր տեղեկություններ կստանաք նրանց մասին՝ հասկանալով, թե ինչ հետաքրքրություններ և անհանգստություններ ունեն նրանք։
9 Սովորաբար, կարիք չկա, որ ընտանիքի գլուխը շատ ժամանակ տրամադրի երկրպագությանը նախապատրաստվելուն։ Թերևս նա ամեն շաբաթ բոլորովին նոր ծրագիր չկազմի՝ տեսնելով, որ ընտանիքը հաճույքով է հետևում սահմանված ծրագրին։ Եթե ընտանիքին դուր է գալիս ամեն շաբաթ հետևել կայուն ծրագրի, ապա ընտանիքի գլուխը ամեն անգամ նոր ծրագիր չի կազմի։ Գուցե նա մտածի, որ անմիջապես ուսումնասիրությունից հետո հաջորդ երկրպագությանը նախապատրաստվելը մեծ օգուտներ կբերի, քանի որ իր մտքում դեռ թարմ են ընտանիքի հոգևոր կարիքները։ Որոշ ընտանիքի գլուխներ կարճ ծրագիր են կազմում և փակցնում այն աչքի ընկնող տեղում, օրինակ՝ սառնարանի վրա։ Այդ դեպքում ընտանիքի անդամները խանդավառությամբ և անհամբերությամբ են սպասում այդ երեկոյին և անհրաժեշտության դեպքում ժամանակ են ունենում նախապատրաստվելու։
10. Ինչպե՞ս կարող են նրանք, ովքեր մենակ են ապրում կամ ընտանիքում միայն իրենք են ճշմարտության մեջ, օգտագործել ընտանեկան երկրպագության երեկոն։
10 Եթե մենակ ես ապրում կամ ընտանիքում միայն դու ես ճշմարտության մեջ։ Նրանք, ովքեր մենակ են ապրում կամ ընտանիքում միայն իրենք են ճշմարտության մեջ, ընտանեկան երկրպագության երեկոն կարող են օգտագործել անձնական ուսումնասիրություն անցկացնելու համար։ Լավ անձնական ուսումնասիրության հիմքում ընկած են Աստվածաշնչի ընթերցանությունը, ժողովի հանդիպումներին նախապատրաստվելը և «Դիտարան» ու «Արթնացե՛ք» պարբերագրերը կարդալը։ Որոշ քարոզիչներ հարստացնում են իրենց ծրագիրը՝ որևէ նյութ ավելի խորությամբ ուսումնասիրելով։ Երբեմն նրանք գուցե ցանկանան հավատակիցներից ինչ-որ մեկին կամ որևէ ընտանիքի հրավիրել իրենց տուն, որպեսզի միասին աստվածաշնչյան կերտիչ քննարկումներ անցկացնեն։
11, 12. Որո՞նք են օգուտներից մի քանիսը, որ բերում է կանոնավոր ընտանեկան երկրպագություն անցկացնելը։
11 Ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել ընտանեկան երկրպագության երեկոն կանոնավորաբար անցկացնելուց։ Նրանք, ովքեր ամբողջ սրտով են երկրպագում Եհովային, ավելի են մտերմանում նրա հետ։ Բացի այդ, այն ընտանիքները, որոնք անցկացնում են երկրպագության երեկոն, ամրացնում են իրենց ընտանեկան կապը։ Մի ամուսնական զույգ իր ստացած օրհնությունների մասին գրեց. «Մենք ռահվիրաներ ենք և չունենք երեխաներ։ Ամեն անգամ անհամբերությամբ ենք սպասում ընտանեկան երկրպագությանը։ Մենք զգում ենք, որ ոչ միայն իրար հետ ենք մտերմանում, այլև մեր երկնային Հոր։ Երբ երկրպագության օրը արթնանում ենք, իրար ասում ենք՝ հապա կռահիր, ի՞նչ ունենք այսօր երեկոյան, հետո պատասխանում՝ ընտանեկան երկրպագություն»։
12 Ընտանեկան երկրպագության երեկոն օգուտներ է բերում նաև զբաղված ընտանիքներին։ Մի միայնակ մայր, որը երկու որդի ունի և ռահվիրա է ծառայում, գրեց. «Նախկինում մեր ընտանեկան ուսումնասիրությունը տուժում էր։ Այն շատ անկանոն էր, անցկացնում էինք, երբ պատահի, քանի որ հոգնած էի տուն գալիս։ Ուղղակի չէի պատկերացնում, թե ինչպես կարող եմ հարմարեցնել այն մեր գրաֆիկին։ Ուստի գրում եմ ձեզ, որ հայտնեմ երախտագիտությունս ընտանեկան երկրպագության երեկոյի համար։ Մեզ արդեն հաջողվում է կանոնավորաբար ուսումնասիրություն անցկացնել և քաղել դրա բերած օգուտները»։
13. Ի՞նչ դեր է խաղում ընտանեկան երկրպագության հանդեպ ունեցած մեր վերաբերմունքը։
13 Շաբաթը պահելու օրենքի նման՝ ընտանեկան երկրպագության երեկոն մեր երկնային Հորից տրված պարգև է, որը կարող է օգնել ընտանիքներին (Հակ. 1։17)։ Այն, թե ինչպես էին իսրայելացի ընտանիքները վերաբերվում Շաբաթը պահելու օրենքին, ցույց էր տալիս, թե ինչ փոխհարաբերություններ ունեն նրանք Աստծու հետ։ Նույնն է պարագան նաև այսօր։ Ընտանեկան երկրպագության երեկոյի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից է կախված, թե որքան օգուտներ կքաղի մեր ընտանիքը (2 Կորնթ. 9։6; Գաղ. 6։7, 8; Կող. 3։23, 24)։ Այս երեկոն արդյունավետ կերպով օգտագործելու դեպքում դուք էլ սաղմոսերգուի պես կբացականչեք. «Բայց ինձ համար բարի է Աստծուն մոտենալը։ Գերիշխան Տեր Եհովային իմ ապավենն եմ դարձրել» (Սաղ. 73։28)։
[մեջբերում 5-րդ էջի վրա]
Ընտանեկան երկրպագության երեկոն չպետք է չոր ու ցամաք անցնի. այն պետք է ցույց տա, որ երկրպագում ենք երջանիկ Աստծուն
[շրջանակ 6-րդ էջի վրա]
ՊԱՀԵՔ
Ընտանեկան երկրպագություն անցկացնելու մի քանի առաջարկ
Աստվածաշունչ
• Միասին կարդացեք մի հատված Աստվածաշնչի շաբաթական ընթերցանությունից։ Եթե այն հնարավոր է դերերի բաժանել, ապա թող մեկը կարդա հեղինակի խոսքերը, մյուսներն էլ մնացած կերպարներինը։
• Բեմադրեք Աստվածաշնչից կարդացած հատվածը։
• Ընտանիքի անդամներին հանձնարարիր նախապես ընթերցել որոշված աստվածաշնչյան գլուխները և նշել մեկ կամ երկու հարց, որ կունենան այդ նյութի վերաբերյալ։ Հետո միասին յուրաքանչյուր հարցի վերաբերյալ փնտրտուքներ արեք։
• Ամեն շաբաթ թղթի վրա գրեք մի աստվածաշնչյան համար, ապա փորձեք հիշել այն ու բացատրել։ Հետո հավաքեք այդ թղթերը ու ամեն շաբաթ վերանայեք, թե քանի աստվածաշնչյան համար եք հիշում։
• Լսեք Աստվածաշնչի ընթերցանության ձայներիզը և հետևեք գրքով։
Ժողովի հանդիպումներ
• Միասին պատրաստվեք ժողովի հանդիպման որևէ մասի։
• Փորձեք հաջորդ հանդիպումների համար նախատեսված Թագավորության երգերը։
• Եթե ինչ-որ մեկը Աստվածապետական ծառայության դպրոցում առաջադրանք ունի կամ Ծառայողական հանդիպմանը՝ ցուցադրում, քննարկեք այդ մտքերը կամ ներկայացրեք ընտանիքի առաջ։
Ընտանիքի կարիքները
• Քննարկեք նյութեր «Երիտասարդների հարցերը» (ռուս.) կամ «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքից։
• Բեմադրեք որևէ իրավիճակ, որը թերևս պատահի դպրոցում, և ցույց տվեք, թե ինչպես կարելի է վարվել տվյալ պարագայում։
• Բեմադրեք որևէ իրավիճակ, որտեղ ծնողները երեխաների դերն են խաղում և հակառակը։ Երեխաները փնտրտուքներ են կատարում որևէ նյութի շուրջ և ապա տրամաբանում ծնողների հետ։
Քարոզչական ծառայություն
• Բեմականացրեք մատուցումներ, որոնք օգտագործելու եք շաբաթ-կիրակի օրերին։
• Քննարկեք, թե ընտանիքով ինչ հասանելի նպատակներ կարող եք դնել ծառայությունն ընդլայնելու համար Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող ամիսներին կամ արձակուրդի ընթացքում։
• Թույլ տուր, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ մի քանի րոպե փնտրտուքներ անի, թե ինչպես պատասխանել ծառայության ժամանակ տրվող տարբեր հարցերին, և հետո բեմականացրեք դրանք։
Լրացուցիչ առաջարկներ
• Ընթացիկ պարբերագրերից միասին ընթերցեք մի հոդված։
• Ընտանիքի յուրաքանչյուր անդամին առաջարկիր նախօրոք իրեն հետաքրքրող որևէ հոդված կարդալ ընթացիկ պարբերագրերից, այնուհետև խնդրիր, որ այն ներկայացնեն ընտանեկան երկրպագության երեկոյի ժամանակ։
• Ժամանակ առ ժամանակ հրավիրիր հավատակիցներից ինչ-որ մեկին կամ որևէ զույգի մասնակցելու ձեր ընտանեկան երկրպագությանը և հնարավորության դեպքում հարցազրույց անցկացրու նրանց հետ։
• Դիտեք մեր տեսաֆիլմերից որևէ մեկը և քննարկեք այն։
• Միասին քննարկեք «Արթնացե՛ք»-ի՝ «Երիտասարդները հարցնում են» կամ «Քննարկենք ընտանիքով» խորագրի տակ տեղ գտած նյութը։
• Միասին քննարկեք «Դիտարանի»՝ «Սովորեցրեք ձեր երեխաներին» կամ «Պատանի ընթերցողների համար» խորագրի տակ տեղ գտած նյութը։
• Կարդացեք և քննարկեք այս տարվա «Տարեգրքից» մի հատված կամ վերջին մարզային համաժողովին լույս տեսած որևէ նոր հրատարակություն։
• Համաժողովից հետո աչքի անցկացրեք գլխավոր մտքերը։
• Ուշադրություն դարձրեք Եհովայի որևէ ստեղծագործությանը, ապա քննարկեք, թե ինչ է այն սովորեցնում նրա մասին։
• Միասին աշխատեք որևէ նախագծի վրա (մակետ, քարտեզ կամ սխեմա)։